ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)

24.03.2017 | 13:25

Շատերն են խոսում, որ ընտրություններից առաջ իշխանությունները դիմել են վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման, բայց երբեք չեն եղել փաստական ապացույցներ: SUT.am-ը որոշեց ստուգել կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման մասին լուրերը և հավաքեց բազմաթիվ ապացույցներ:

Մասնավորապես, մենք սկսեցինք զանգահարել հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների և ներկայանալով «Հանրապետականի շտաբից»` հարցուփորձ անել հավաքագրվող ցուցակների մասին:

Ամենը Հանրապետականի համար

Արդյունքում, հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մեզ մանրամասն պատմեցին իրենց հավաքագրած ցուցակների մասին: Եվ ընդամենը 22 տնօրեններ հերքեցին ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը (մի մասը՝ գլխի ընկնելով, որ զանգողն իրականում Հանրապետականից չէ):

Որպես կանոն, լսելով «Հանրապետականի կենտրոնական շտաբից ա» արտահայտությունը՝ տնօրենները պատասխանում էին մեր բոլոր հարցերին (քանի՞ հոգի է ցուցակում, ո՞ւմ են այն փոխանցել, տարածքային թեկնածուներից ո՞ւմ համար են «զգուշացրել»):

Ընդ որում, հաճախ տնօրենները ներկայացնում էին այլ մանրամասներ: Այդպպիսով, մենք պարզեցինք, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ և թե՛ ուսուցիչների կամ դայակների միջոցով:

Ցուցակների ծավալները տարբեր են: Միջինում դրանց չափը 240 է դպրոցներում և 150՝ մանկապարտեզներում, իսկ երբեմն դրանք հասնում են անգամ 1700-ի: Ցուցակներում հիմնականում երեխաների ծնողներն են: Անգամ եղավ տնօրեն (Գյումրու թիվ 37 դպրոցի), որն ընդունեց, որ վախեցրել է մարդկանց, որ անպայման Հանրապետականին ընտրեն:

Մարզպետարաններ, քաղաքապետարաններ ու թաղապետարաններ

Մարզերում, որպես կանոն, ցուցակները փոխանցվում են մարզպետարանի կրթության վարչություններ (հաճախ տնօրենները նշում էին կոնկրետ պետերի անուն-ազգանունները) ու քաղաքապետարաններ, իսկ Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմեր (թաղապետարաններ): Սակայն կային և տնօրեններ, ովքեր հպարտությամբ նշում էին, որ իրենք ցուցակները միանգամից փոխանցել են թեկնածուների շտաբներ (օրինակ՝ «Սասի Արտակի»՝ Արտակ Սարգսյանի, Սեյրան Սարոյանի, Վահրամ Բաղդասարյանի և այլն):

Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք ընտրողների հետ «աշխատել» են նաև տարածքային թեկնածուների մասով, տնօրեններից շատերը հաստատելով տալիս էին կոնկրետ թեկնածուների անուններ: Այդ թվում՝ Արայիկ Հովհաննիսյանի, Արտակ Սարգսյանի («Սասի Արտակի»), Միհրան Պողոսյանի, Սամվել Ալեքսանյանի, Արման Սահակյանի, Վահրամ Բաղդասարյանի, Սերյան Սարոյանի, Սամվել Սանանյանի, Գեղամ Հովոյանի, Հակոբ Հակոբյանի, Բագրատ Հարությունյանի, Ռաֆիկ Գրիգորյանի անունները:

Զավեշտալի դեպք եղավ կապված Վեդի քաղաքի հետ, որի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ ետ զանգեց և ասաց, որ ցուցակները դպրոցներից ինքն է հավաքել ու հարցրեց, թե ինչո՞վ կարող է օգնել:

Հարկ է նշել, որ բոլոր զանգերը կատարվել են բացառապես աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, գրեթե բոլոր դեպքերում, դպրոցների աշխատանքային (քաղաքային) հեռախոսահամարներին:

Չոր արդյունքներ

Ընդհանուր առմամբ, մենք զանգահարել ենք գումարային 136 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին, որոնցից 114 տնօրեններ ընդունեցին ցուցակներ հավաքագրելու փաստը: Տնօրեններից միայն մի քանիսը ասացին, որ «դպրոցը ապաքաղաքական է»:

Տնօրեններից մոտ 75 տոկոսը ցուցակները փոխանցել է մարզպետարաններ, քաղաքապետարաններ կամ թաղապետարաններ, իսկ 25 տոկոսը՝ միանգամից Հանրապետականի շտաբներ: Իսկ տնօրեններից մեկը ցուցակը փոխանցել է միանգամից Միհրան Պողոսյանի «Քեթրին» ընկերությանը:

Դատելով մեզ հետ զրուցած տնօրենների խոսքերից`  վարչական ռեսուրսների չարաշահման այս բուրգում ներգրավված են բոլոր մարզպետարանները (բացառություն են դաշնակցական մարզպետները), Երևանի համարյա բոլոր վարչական շրջանների աշխատակազմերը և բազմաթիվ քաղաքապետարաններ:

Հ.Գ. Նշենք, որ թեև մենք տնօրենների հետ խոսելիս սխալ ենք ներկայացել և առանց նախազգուշացնելու ձայնագրել ենք խոսակցությունները, սակայն այդ կերպ մենք չենք խախտել ՀՀ-ում գործող օրենսդրությունը: Իսկ այդ քայլին գնացել ենք որպես ծայրահեղ միջոց, քանի որ այս աշխատանքը իրականում պետք է անեն իրավապահները՝ օգտագործելով օպերատիվ-հետախուզական հնարավորությունները:

Մենք հրապարակում ենք միմիայն ցուցակներ հավաքագրելու փաստը ընդունած տնօրենների հետ մեր խոսակցությունների ձայնագրությունները՝ որպես վերոգրյալի ապացույց: Մենք չենք հրապարակի այն 22 տնօրենների հետ խոսակցությունների ձայնագրությունները, որոնք մեզ հետ զրույցներում չեն ընդունել ցուցակներ հավաքագրելու փաստը:

Դպրոցների տնօրենների ձայնագրությունների ցանկը՝ այստեղ 

Մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների ցանկը՝ այստեղ

Բոլոր ձայնագրությունները կարող եք բեռնել այստեղից






Կարդացեք նաև։

ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին…


Աշոտյանի բառապաշարը` թյուրըմռբնումների տեղիք

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ երևույթի, խնդիր ունի որոշ օտարալեզու բառերի ճիշտ կիրառման հետ, օրինակ, վակխանալիա կամ խունտա: Արձակուրդն արտերկրում անցկացնող Աշոտյանը, մասնավորապես, օգոստոսի 10-ին…


Ինչպե՞ս տարածվեցին «Արցախը հանձնելու» մասին կեղծ լուրերը

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվական կայքերի և փորձագետների կողմից քննարկման առարկա դարձավ «Արցախը հանձնելու» թեման։ Նախկին իշխանությունը և իրեն սատարող ակտիվը տարբեր գործիչներին մեղադրեց «հակաարցախյան գործունեության» մեջ։…


Քաղաքապետարանի մրցույթում հաղթել է «սև ցուցակում» գտնվող ընկերությունը, գինը՝ 103 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը 2018 թվականի մարտ ամսին  «Մեծ հիմք»  շինարարական ընկերության հետ 4 պայմանագիր* է կնքել՝ Երևանի թիվ 9, 13, 134,  57  և 96 մանկապարտեզների վերանորոգման նպատակով։ Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը…