Լրատվամիջոցը պարբերաբար թիրախավորում է նույն մարդկանց

14.09.2018 | 15:11

Վերջին օրերին մի շարք լրատվական կայքեր հանդես են գալիս ուշագրավ հրապարակումներով։ Տարածվող նյութերը պարունակում են ոչ միայն բացահայտ ապատեղեկատվություն, այլև լրատվական էթիկայի խախտումներ։

Այսպես, politik.am-ը, առանց որևէ լրատվական առիթի, անդրադարձավ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և սպառնալիքներ հնչեցրեց։

Նախ նյութի հեղինակը (անունը բացակայում է) հիշեցրեց Մանուկյանի հրաժարականը (2015 թվական), այնուհետև նշեց դրա անձնական պատճառները՝ հավելելով, որ խորհուրդ կտա չշահարկել այդ թեման, հակառակ դեպքում ստիպված կլինեն հրապարակել «հրաժարականի իրական պատճառները»։

Անդրադառնալով «հրաժարականի իրական պատճառները» հրապարակելուն, որոնցով սպառնում են Մանուկյանին՝ նշենք, որ մարդու անձնական տվյալները պաշտպանված են օրենքով, իսկ դրանք հրապարակելու սպառնալիքը պատժվում է այդ նույն օրենքով։

Նյութը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Հրապարակման երկրորդ մասում թիրախավորվել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Մեր հաջորդ «հեղափոխական» հերոսը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական, իրեն քաղաքագետ ներկայացնող Հայկ Մարտիրոսյանն է։․․», – գրում է կայքը։

Այնուհետև հեղինակը, հղում տալով «սեփական աղբյուրներին», ապատեղեկատվություն է տարածում։

«Հովհաննես Մանուկյանը ժամանակին Հայկ Մարտիրոսյանի միջոցով ԱՄՆ-ում նկարների վաճառքով է զբաղվել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱՄՆ-ում նրանց վաճառած նկարների հետ կապված անգամ քրեական պատմություն կա, և ՀՀ արդարադատության նախարարն իր ընկերոջ հետ միասին հայտնվել է նրանց ուշադրության կենտրոնում ու չի բացառվում, որ նրանց նկատմամբ նաև գործ հարուցվի»։

Նախ, հարկ է նշել, որ ԱՄՆ իրավապահ համակարգը փակ կառույց է, իսկ դրանում հարուցված քրեական գործերը՝ գաղտնի։ Նյութի հեղինակները որևէ կերպ չէին կարող նմանօրինակ տեղեկություն ունենալ, անգամ իրենց «աղբյուրների պնդմամբ»։

Ավելին, փաստերը ստուգելու նպատակով մենք կապվեցինք քաղաքագետի հետ, որը ամբողջովին հերքեց այդ տեղեկությունը։ Ըստ Մարտիրոսյանի՝ նա որևէ քրեական հետապնդման չի ենթարկվել և նախկին նախարարի հետ երբևէ նկարների վաճառքով չի զբաղվել։

Ի դեպ, քաղաքագետը նաև նշեց, որ Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնում աշխատել է ընդամենը 23 օր։

Հրապարակման վերջում հեղինակը հույս է հայտնում․ «հույս ունենք, որ նոր կառավարությունն ամեն բան կանի, որպեսզի հեղափոխության և Մարտի 1-ի զոհերի հարցը իրենց անձնական նպատակներով շահարկող այս անձիք հեռու մնան իշխանական լծակներից»։

Օրեր անց նույն կայքը հրապարակեց մեկ այլ նյութ, որում, որակումներից և մանիպուլյացիայից զատ, բացահայտեց նախորդ հրապարակման նպատակը։

«…․Մեր խնդիրը իր [խմբ․՝ Մարտիրոսյանի] դեմ արշավ իրականացնելը չէր, այլ նախկին համակարգի վառ ներկայացուցիչներին ծառայած անձանց թույլ չտալը խցկվել նոր համակարգ»։

Ի դեպ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով politik.am-ին, ֆեյսբուքյան իր էջում բավականին ուշագրավ գրառում է կատարել՝ ակնարկելով, որ վերջինս ֆինանսավորվում է Հովիկ Աբրահամյանի կողմից։

«Ոչ շատ վաղ անցյալում նման նյութերը գոնե տեղական արտադրության պոմիդորով (ականջդ կանչի` պոմիդորի մեծածախ արտադրող…) և թթի օղիով (…) ուտվում էին մի կերպ․․․»,- գրել է Մանուկյանը։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Ապատեղեկատվություն՝ սփյուռքի նախարարի մասին

Վերջին ամիսներին հայկական մեդիատիրույթում բացված բազմաթիվ անհայտ ծագմամբ լրատվական կայքեր շարունակում են ապատեղեկատվություն տարածել՝ պարբերաբար թիրախավորելով հանրային ճանաչում ունեցող տարբեր անձնանց։ Թիրախներից մեկը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է։ Նախ, սեպտեմբերի…


Համացանցում տարածվում են ԲՀԿ-ի մասին կեղծ տեսանյութեր

Հեղափոխությունից հետո համացանցում կեղծ օգտատերերի և լրատվական էջերի կտրուկ աճ արձանագրվեց։ Դրանք մեծամասամբ կրում են լրատվական և/կամ քաղաքական բնույթ։ Վերջիններս որևէ կերպ սահմանափակված չեն ո՛չ ԶԼՄ-ների մասին օրենքով և ո՛չ…


Վաչագան Ղազարյանի գումարների վերադարձման մասին լուրը կեղծ է

«Հրապարակ» թերթը իր հերթական համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ գրելով, որ վերջինիս գումարները ետ են վերադարձվել։ Հղում անելով անհայտ «տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «Օրերս հետ…


«Իրատես» թերթը ապատեղեկատվություն է տարածում

«Իրատես» թերթն իր հերթական համարում անդրադարձել է ոստիկանապետ Վալերի  Օսիպյանին՝ մատնանշելով նրա օրոք ոստիկանությունում տիրող «խնդրահարույց իրավիճակը»։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ոստիկանությունում սկսված կադրային արտահոսքին։ Թերթի տեղեկություններով` ճանապարհային ոստիկանության աշխատակիցների…