ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

12.09.2018 | 17:55

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին Հանրապետականին։

«2002-ից մեր իշխանության տարիները չէին, մենք իշխանության մասն էինք, իսկ այդ ժամանակ կար նախագահական Սահմանադրություն…»,- ասաց նա՝ հավելելով, որ այս երկրում կան շատ ավելի կոմպետենտ մարմիններ, որոնք կարող են սպառիչ պատասխան տալ այդ հարցին:

Պետական կառավարման համակարգը

Հարկ է նշել, որ նախագահական լինում է ոչ թե սահմանադրությունը, այլ կառավարման համակարգը։ Ի դեպ, Աշոտյանի նշած ժամանակահատվածում պետական կառավարման համակարգը ոչ թե նախագահական էր, այլ կիսանախագահական։

Համակարգերի այս տարբերությունը հասկանալու համար բերենք օրինակ․ նախագահական համակարգի պարագայում գործադիր իշխանության ղեկավար է նախագահը, իսկ վարչապետ, որպես պաշտոն, գոյություն չունի։ Վառ օրինակ է Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Այդ տարիներին գործադիր իշխանության (այդ թվում՝ վարչապետի) ղեկավար էր երկու ինստիտուտ՝ նախագահը և Ազգային ժողովը։ Ուստի այդ տարիներին Հայաստանում գործել է կիսանախագահական կառավարման համակարգ։

Հանրապետականն այդ տարիներին չի՞ եղել իշխանություն

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ՀՀԿ-ն  իշխանական համակարգի միայն մի մասն է կազմել:

Սկսած 2000 թվականից՝ գործադիր մարմնի ղեկավար էր ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ Հանրապետականին էր պատկանում նաև օրենսդիր իշխանությունը։  Այլ կերպ ասած, լինելով մեծամասնություն ԱԺ-ում և ղեկավարելով գործադիրը՝ ՀՀԿ-ն եղել է իշխանություն:

Միքայել Հարությունյանի քաղաքացիությունը ՀՀԿ-ի օրոք

«Ես վաղուց հրաժարվել եմ այն գայթակղությունից, որ դատողություն անեմ այն բանի մասին, որից ամբողջությամբ տեղեկացված չեմ, որի մասին չկան օբյեկտիվ փաստեր»,- նշում է Աշոտյանը՝ հավելելով, որ հարցը ուղղենք այն պատկան մարմիններին, որոնք պետք է այդ պարզաբանումը տան»:

2008 թվականի ապրիլի 16-ին՝ Հանրապետականի իշխանության օրոք՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Միքայել Հարությունյանը նշանակվել է  գլխավոր ռազմական տեսուչ: Սերժ Սարգսյանը եղել է նաև Միքայել Հարությունյանի անմիջական ղեկավարը կառավարության կազմում, երբ վերջինս պաշտպանության նախարար էր:

Հավելենք նաև, որ 2002 թվականի դրությամբ Սահմանադրությունը թույլ չէր տալիս անձին ունենալ երկքաղաքացիություն, այդ դրույթը մտել է 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում։

 

Կարինե Կիրակոսյան






Կարդացեք նաև։

0038 հրամանով հղում է արվում ընտրությունների արդյունքներին, որոնք դեռ չկային

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, վերջերս խոսելով մարտի 1-ի գործի վերաբերյալ, որոշակի բացահայտումներ է արել գործի հետ առնչություն ունեցող հույժ գաղտնի 0038 հրամանի մասին: 2008 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնը…


Գեղամ Մանուկյանը կոչ է անում օրենք խախտել

Օրերս պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երկրորդ հարցազրույցը տվեց դաշնակցական Գեղամ Մանուկյանին։ Քոչարյանն իր բողոքը հայտնեց նախաքննության գաղտնի լինելու հետ կապված՝ ասելով. «Եթե դուք՝ լրագրողներով, հասնեք նրան, որ այդ քրեական…


Աշոտյանի բառապաշարը` թյուրըմռբնումների տեղիք

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ երևույթի, խնդիր ունի որոշ օտարալեզու բառերի ճիշտ կիրառման հետ, օրինակ, վակխանալիա կամ խունտա: Արձակուրդն արտերկրում անցկացնող Աշոտյանը, մասնավորապես, օգոստոսի 10-ին…


Ինչպե՞ս տարածվեցին «Արցախը հանձնելու» մասին կեղծ լուրերը

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվական կայքերի և փորձագետների կողմից քննարկման առարկա դարձավ «Արցախը հանձնելու» թեման։ Նախկին իշխանությունը և իրեն սատարող ակտիվը տարբեր գործիչներին մեղադրեց «հակաարցախյան գործունեության» մեջ։…