Ոչ թե Հրաչ, այլ Վաչե․ Վանեցյանը խոսել է դատավորի հետ

12.09.2018 | 10:55

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակումից քիչ անց Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը մամուլի ասուլիս հրավիրեցին։

Բացման խոսքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ այդ խոսակցությունն իրականում եղել է իրենց մասնակցությամբ և ձայնագրությունը կեղծ չէ։

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել խոսակցության այն հատվածը, որտեղ Վանեցյանը պատմում է իր և Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի զրույցի մասին, ԱԱԾ տնօրենը կտրուկ հակադարձեց՝ ասելով, որ դատավորի հետ երբևէ չի խոսել։

«Խոսքը վերաբերում է այն դատավորին, որը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Ես Հրաչի հետ ծանոթ չեմ, երբեք չեմ տեսել։ [․․․] Հրաչի հետ երբեք չեմ խոսել, դա անհերքելի փաստ է։ Կարող են բոլորը տեսնել, որ ես դատավորի հետ ծանոթ չեմ և երբեք չեմ խոսել», – ասաց Վանեցյանը։

Նախ նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում ընդունած դատավորի անունը ոչ թե Հրաչ է, այլ Վաչե՝ Վաչե Մարգարյան։ Բացի այդ, հրապարակված ձայնագրության մեջ ԱԱԾ տնօրենի խոսքը բավականին հստակ է՝ նա խոսում է Ռոբերտ Քոչրայանի գործը քննող դատավորի մասին։

«Ինձ դատավորը նոր զանգեց, մի քիչ վախեցած է։ Ասեց պետք է նայի ամբողջ գործը։ […] Ասեցի՝ նայի հիմքերը, բայց կալանքը ուզած-չուզած պետք է տաս», – ասում է Վանեցյանը հրապարակած գաղտնալսման մեջ։

Այսպիսով, որքան էլ ԱԱԾ տնօրենը հայտարարի, թե դատավորին չի ճանաչում, երբեք չի տեսել և չի խոսել՝ ձայնագրության մեջ ասվածը հստակ է և միարժեք։

 

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

SUT.am-ի հետաքննության արդյունքում չեղարկվել են 103 մլն դրամի անօրինական պայմանագրեր

Ամիսներ առաջ անդրադարձանք Երևանի քաղաքապետարանի կատարած բյուջետային գնումներից մեկին։ Պարզվել էր՝ քաղաքապետարանը, գնման ընթացակարգերը չպահպանելով և խախտելով, միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել։ Այսպես, քաղաքապետարանը մայրաքաղաքի թվով 5 մանկապարտեզների վերանորոգման նպատակով…


Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


Գևորգ Պետրոսյանի խոսքը հակասում է Ծառուկյանի հայտարարությանը

Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի…


Հրապարակվել են ԱԱԾ «չափազանց» կեղծ փաստաթղթեր

Արդեն մի քանի օր է` համացանցում ակտիվորեն շրջանառվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իբր Ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելու մասին տեղեկություններ։ Ու թեև առաջին իսկ հայացքից երևում է, որ հրապարակված փաստաթղթերը…