Նոր Գյուղում ավելի շատ վարորդական վկայական է տրամադրվել, քան Երևանում (վիճակագրություն)

30.08.2018 | 18:37

Վերջին տարիներին Հանրապետությունում աճել է ավտոմեքենաների քանակը։ Դրան զուգահեռ ավելացել են վարորդները, հաճախացել են ճանապարհատրանսպորտային պատահարները։

Դատելով տարեկան արձանագրվող ճանապարհատրասնպորտային պատահարների քանակից, ինչպես նաև արձանագրված տուգանքների քանակից՝ կարելի է եզրակացնել, որ վարորդները լավ չեն տիրապետում Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին։

Փողոցում հաճախ կարելի է տեսնել հետիոտնին չզիջող, չամրակապված, առանց լուսային թարթիչի երթևեկության շարք փոխող, ղեկին ծխող և բազում այլ վտանգավոր խախտումներ անող վարորդների։ Այդ բոլոր վարորդները, սակայն, ստացել են վարորդական իրավունքի վկայականներ։

Շատերին է ծանոթ վկայական ստանալու «կարգը»․ տեսուչին վճարում ես 60-80  հազար դրամ և ստանում ես վկայականը, նույնիսկ եթե վարել չգիտես։ Իրականում, սակայն, անհրաժեշտ է սովորել ճանապարհային երթևեկության կանոնները, պատասխանել 10 հարցից առնվազն 9-ին, այնուհետև հաճախել ավտոդպրոց և մեքենա վարել սովորել, հանձնել գործնական քննությունը։ Վկայականը տրամադրվում է միայն նրանից հետո, երբ տեսուչը համոզվում է, որ անձը բավարարում է պահանջվող բոլոր պայմաններին և վտանգ չի ներկայացնում իր և երթևեկության այլ մասնակիցների համար։ Դատելով հանձնած քննությունների և հանձնած վկայականների վիճակագրությունից՝ հաճախ գործել է «մաղարիչի սկզբունքը»։

2016 թվականին Երևանի ՃՈ հաշվառման-քննական բաժնում վարորդականի գործնական քննություն է հանձնվել 7036 անգամ, որի արդյունքում 4997 մարդ ստացել է վարորդական վկայական։ Այլ կերպ ասած, քննությունից «կտրվել» է դիմորդների 29%-ը։

 

2016 թվականի ցուցանիշները

Նույն տարում, օրինակ, Արտաշատի բաժնում վարորդական վկայական են ստացել քննություն հանձնածների ավելի քան 96%-ը, իսկ Աշտարակում՝ 97%-ը։ Կոտայքի մարզի Նոր գյուղի բաժնում վարորդական իրավունք ստացել է ավելի շատ մարդ, քան Երևանում, այստեղ քննությունը չեն կարողացել հանձնել դիմորդների ընդամենը 3․9%-ը, մինչդեռ Երևանում՝  29%-ը։

 

2017 թվականի համար իրավիճակը համանման է։ Երևանում դիմողների 81%-ը ստացել է վարորդական վկայականներ՝ 7866 մարդուց 6394-ը։ Իսկ Կոտայքի նույն բաժնում վկայական է ստացել դիմողների 99%-ը։

Փաստորեն, Կոտայքի բաժնում քննություն հանձնողներից գրեթե ոչ ոք երբեք չի «կտրվում» և հաջողությամբ ստանում է վկայական։

Իրավիճակն ավելի մտահոգիչ է մյուս մարզերի դեպքում։ Արտաշատում գործնական քննություն հանձնողների 99․5%-ը ստացել է վկայական, Արմավիրում՝ 99․6%-ը, Աշտարակում՝ 99․8%-ը, իսկ Մարտունիում՝ 99․9%-ը։

2017 թվականի ցուցանիշները

Այս երևույթն ունի ենթադրական բացատրություն։ Մարզերում առավել հեշտ է կաշառել ՃՈ տեսուչին և ստանալ վկայական։ Հենց այս է պատճառը, որ Կոտայքի բաժնում, օրինակ, ավելի շատ վկայական է տրվում, քան Երևանում։ Մարդիկ Երևանից գնում են Կոտայք, քննություն հանձնելու։

 

Իրավիճակը փոխվել է հեղափոխությունից հետո

2018թ․ ապրիլ-հուլիս ամիսների ցուցանիշները

2018 թվականի ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում Երևանում գործնական 3619 քննություն է հանձնվել, որի միայն 59%-ն է վկայական ստացել։ Կոտայքի բաժնում այս թիվը կազմել է 76%, Արմավիրում՝ 86%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 99%-ի համեմատ։

 

Վիճակագրական ամբողջ թվերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Վերջերս ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց քաղաքականության փոփոխության մասին։ Այլևս չեն լինի 30 հազար դրամից ավելի տուգանքներ, սակայն տուգանքների հետ մեկտեղ կկիրառվեն լրացուցիչ տույժեր՝ բալերի տեսքով։ Յուրաքանչյուր վարորդի տարեսկզբին տրամադրվելու է 9 բալ: Երբ որոշակի խախտումներ կատարելուց հետո այդ բալերը սպառվեն, տրանսպորտային միջոց վարելու իրավունքը 6 ամիս ժամանակով կկասեցվի:

 

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

«Իրատես» թերթը ապատեղեկատվություն է տարածում

«Իրատես» թերթն իր հերթական համարում անդրադարձել է ոստիկանապետ Վալերի  Օսիպյանին՝ մատնանշելով նրա օրոք ոստիկանությունում տիրող «խնդրահարույց իրավիճակը»։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ոստիկանությունում սկսված կադրային արտահոսքին։ Թերթի տեղեկություններով` ճանապարհային ոստիկանության աշխատակիցների…


Ապատեղեկատվություն` «Կենտրոն» հեռուստաընկերության տաղավարից

Oգոստոսի 28-ին «Ուրվագիծ» հաղորդման հյուրերն էին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը և ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Արթուր Դանիելյանը։ Վերջիններս մինչ հեղափոխությունը զբաղվում էին Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության քարոզչությամբ,…


Ընտրակաշառք վերցնելու համար ազատազրկումը նոր չէ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակվել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը, սակայն, սխալ է ներկայացվել մամուլում։ Օրենսդրական փոփոխությունը հիմնականում ենթադրում է ընտրական գործընթացում բարեգործության արգելքի խախտման…


Ոստիկանությունը չի կարող արգելել դրոններով նկարահանումը

Օգոստոսի 17-ին, կառավարության պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ  կայանալիք հանրահավաքին ընդառաջ, ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որով արգելեց դրոնների օգտագործումը հանրահավաքի ընթացքում: «Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի…