Ապատեղեկատվություն` «Կենտրոն» հեռուստաընկերության տաղավարից

29.08.2018 | 17:08

Oգոստոսի 28-ին «Ուրվագիծ» հաղորդման հյուրերն էին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը և ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Արթուր Դանիելյանը։ Վերջիններս մինչ հեղափոխությունը զբաղվում էին Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության քարոզչությամբ, իսկ այսօր զբաղվում են Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարությանը փնովելով։ Արթուրն ու Նարեկը համացանցում հայտնի են իրենց տեսանյութերով, որոնցում քննադատում են Նիկոլ Փաշինյանին, իսկ նրան սատարողներին անվանում «անուղեղներ»։

«Ուրվագծի» հաղորդավար Պետրոս Ղազարյանը հաղորդումը սկսեց խոսելով Նարեկի և Արթուրի ոչ օբյեկտիվ լինելու մասին՝ ասելով, որ նրանք պարզապես սև «փիարշիկներ» են։ Դրան ի պատասխան՝ Արթուրն ասաց, որ իրենք փորձում են «շուկան բալանսի բերել»։

«Մենք արդեն փաստեր ունենք, որ մարդիկ զանգում են, ասում են՝ էս հարցազրույցից էս նախադասությունը հանեք, Փաշինյանի դուրը չի գա» , – հայտարարեց Արթուրը։

«Խոսքը Առավոտ թերթի մասին է», – հավելեց Նարեկը։

Հայտարարությունը ստուգելու նպատակով կապվեցինք «Առավոտի» խմբագիր Մելանյա Բարսեղյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը։

«Նման հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», – հայտնեց թերթի խմբագիրը։

Փաստորեն Նարեկը և Արթուրը ոչ միայն ստել են Հանրապետության ամենադիտվող հաղորդումներից մեկի ընթացքում՝ փորձելով սևացնել գործող իշխանությանը, այլ նաև, վստահելի թվալու համար, օգտագործել թերթի անունը։

Շարունակելով թեման՝ Նարեկը հայտարարում է, որ քարոզչական դաշտում նախորդ իշխանությունը (խմբ՝ ՀՀԿ-ն) մենակ էր ու հիմա էլ է մենակ, և ոչ մի քարոզչություն երբեք չի եղել։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի փեսային՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին, պատկանող «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմում են «Արմենիա», «Ա-Թիվի», «Արմնյուզ», «ՊանԱրմենիան» հեռուսատաընկերությունները, «Ռադիո ջան» և «Լավ ռադիո» կայանները, Tert.аm, Blognews, Armsport.am կայքերը։ Բացի այս, ՀՀԿ-ին են պատկանել Արարատ հեռուստաընկերությունը, բազմաթիվ լրատվական կայքեր։ Կուսակցական քարոզչության համար են օգտագործվել անգամ պետական՝ Հանրային հեռուստաընկերությունը և ռադիոն։ Ավելին, նախկին իշխանությունը ունեցել է լավ կոորդինացված բլոգերների խումբ, ովքեր քարոզչություն են իրականացրել համացանցում։ Քարոզչություն է իրականացվել նաև մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում, թաղապետարաններում և քաղաքապետարաններում, բանակում և պետական այլ հաստատություններում։ Նախորդ իշխանությունները օգտվում էին նաև առանձին քարոզիչների (PR մասնագետների) ծառայություններից, որոնցից մեկը հենց Նարեկ Մալյանն է։

Հակակոռուպցիոն պայքար

Ապատեղեկատվությունը, սակայն, այսքանով չավարտվեց։ Հաղորդման հյուրերը հայտարարեցին, որ երկրում կոռուպցիոն պայքար չի ընթանում, և «ոչ մի կոպեկ էլ բյուջե չի վերադարձվել»։ Հակադարձելով այս պնդմանը՝ հաղորդավարը հայտնեց, որ պետական բյուջե է վերադարձել 45 մլն դոլար, ինչին Նարեկը պատասխանեց «անկեղծ չգիտեի, էտի երևի զալոգների փողն էլ ա հաշված»։

Այս առումով հարկ ենք համարում հիշեցնել մի քանի աղմկահարույց բացահայտումներ, որոնց արդյունքում բյուջեում վերականգնվել են խոշոր չափերի վնասներ։

Ազգային անվտանգության ծառայության բացահայտման արդյունքում հայտնի դարձավ, որ Երևան սիթի սուպերմարկետների ցանցում գործում է հարկերից խուսափելու սխեմա։ Խանութը վաճառքը իրականացրել է ոչ թե իր անունից, այլ թվով 461 ԱՁ-ների անունից։ Այս ԱՁ-ները վճարում էին 2 տոկոս շրջանառության հարկ, մինչդեռ խանութը պետք է վճարեր 20 տոկոս եկամտահարկ։ Արդյունքում պետությանը հասցվել էր 72 մլրդ դրամի վնաս։

Մեկ այլ աղմկահարույց բացահայտում եղավ Սերժ Սրագսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին պատկանող «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերությունում։ Պարզվել է՝ ընկերությունը խուսափել է մոտ 800 մլն դրամի հարկային պարտավորություններից, որը, ի դեպ, կամավոր վերադարձվել է բյուջե։ Լևոն Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ և այժմ հետախուզվում է։

Բացահայտումներ են եղել նաև «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» ընկերություններում՝ 1 մլրդ դրամի, «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում՝ 1 մլրդ դրամի, «Գյումրի» գարեջրի գործարանում՝ 360 մլն դրամի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում՝ 326 մլն դրամի, «Սպայկա» ընկերությունում՝ 2 մլրդ դրամի, Շիրակի պետական համալսարանում՝ 168 մլն դրամի, մի շարք դպրոցներում, պետական և մասնավոր հիմնարկներում։

Արձանագրված բյուջետային մուտքերի աճի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Դատաիրավական համակարգ

Անդրադառնալով դատաիրավական համակարգին՝ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդականը նշեց, որ այն պղծվել է, իսկ պղծողը Նիկոլ Փաշինյանն է։ Որպես հիմնավորում Նարեկը հայտնեց հետևյալը «Նա, ով բաց է թողնում մարդասպան ահաբեկիչներին, պղծում է դատաիրավական համակարգը»։

Հատկանշական է, որ այս մարդը լռում էր, երբ, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետի որդին անպատիժ շրջում էր ազատության մեջ այն պարագայում, երբ առկա էին վերջինիս հանցագործություններ կատարելու բոլոր փաստերը։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբին, ապա հարկ է նշել, որ նրանք ոչ թե ազատ են արձակվել, այլ փոխվել է խափանման միջոցը, դատաքննությունը դեռևս ավարտված չէ։ Իսկ ոստիկանների սպանության մեջ մեղադրվողները այսօր էլ գտնվում են կալանքի տակ։

Կաշառակերության արդարացում

Խոսելով կաշառակերության մասին՝ Արթուրն արեց թերևս ամենից զավեշտալի հայտարարությունը՝ արդարացրեց ճանապարհային ոստիկանության կաշառակերությունը։

«Գայիշնիկը օրական ստանում է 8-10 լիտր բենզին։ Դրանով դու երկու կռուգ քաղաքում կանես ու էլ չես կարում քշես։ Առաջ ո՞նց էր, փող էր վերցնում, կաշառք էր վերցնում ոստիկանը, բենզին էր լցնում ու էլի էր քշում քաղաքում։ Հիմա բենզինի խնդիր ունի ու չի քշում, դրա համար 31 տոկոսով աճել են ՃՏՊ-ները։․․․ Փաստացի այդ կոռուպցիան մարդու կյանք էր փրկում»։

Թե ինչու է հաղորդավարը որոշել հրավիրել այս ոչ այնքան հայտնի անձանց, հայտնի չէ: Կարող ենք փաստել միայն, որ այդ քայլի արդյունքում «Կենտրոն» հեռուստաընկերությունը դարձավ ապատեղեկատվության տարածման հարթակ։

 

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


«Կենտրոն»-ի մանիպուլյացիան՝ ավագանու ընտրությունների մասին

Ընտրական քարոզարշավի շրջանակներում «Կենտրոն» հեռուսատընկերության ռեպորտաժներից մեկում լրագրողը ներկայացրեց «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հարցումների արդյունքները։ Դրանք վերաբերում էին Երևանի ավագանու ընտրություններին։ Հատկանշանական է, թե ինչպես են մեկնաբանվում հարցման արդյունքները հեռուստաընկերության և…


Նոր Գյուղում ավելի շատ վարորդական վկայական է տրամադրվել, քան Երևանում (վիճակագրություն)

Վերջին տարիներին Հանրապետությունում աճել է ավտոմեքենաների քանակը։ Դրան զուգահեռ ավելացել են վարորդները, հաճախացել են ճանապարհատրանսպորտային պատահարները։ Դատելով տարեկան արձանագրվող ճանապարհատրասնպորտային պատահարների քանակից, ինչպես նաև արձանագրված տուգանքների քանակից՝ կարելի է եզրակացնել,…


Հրապարակվել են ԱԱԾ «չափազանց» կեղծ փաստաթղթեր

Արդեն մի քանի օր է` համացանցում ակտիվորեն շրջանառվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իբր Ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելու մասին տեղեկություններ։ Ու թեև առաջին իսկ հայացքից երևում է, որ հրապարակված փաստաթղթերը…