Ինչպե՞ս տարածվեցին «Արցախը հանձնելու» մասին կեղծ լուրերը

06.08.2018 | 16:29

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվական կայքերի և փորձագետների կողմից քննարկման առարկա դարձավ «Արցախը հանձնելու» թեման։ Նախկին իշխանությունը և իրեն սատարող ակտիվը տարբեր գործիչներին մեղադրեց «հակաարցախյան գործունեության» մեջ։ Ինչ որ պահի քննարկումները վերածվեցին հայհոյանքների, և ամեն ինչ խառնվեց իրար։ Փորձենք հասկանալ՝ ինչպե՞ս տարածվեցին «Արցախը հանձնելու» մասին կեղծ լուրերը։

 

Առաջին քննարկումը ծավալվեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի շուրջ, հուլիսի 30-ին։ Քաղաքագետին մեղադրեցին հակաարցախյան հայտարարություններ անելու մեջ։ Կայքերից մեկը «Թող արցախահայերը միայնակ պաշտպանեն իրենց Արցախը Հայկ Մարտիրոսյան» գլխագրով նյութ տարածեց։ Ավելին, նույնիսկ գումար ծախսեց համացանցում առավել դիտելի դարձնելու՝ գովազդելու վրա։ Կայքը, ի դեպ, պատկանում է երիտհանրապետական Տիգրան Խաչիկյանին։ Մարտիրոսյանի խոսքերը, իրականում, կտրված են մտքի ընդհանուր կոնտեքստից, իսկ իմաստային առումով՝ կեղծ են։ Գրառումն ամբողջովին կարդալիս, նշմարվում է բոլորովին այլ միտք՝ «Արցախը չպիտի անկախ լինի, այն պետք է Հայաստանի մաս կազմի»։ Քարոզչամեքենան, ըստ էության, վերցրել է այս մտքի առաջին մասը՝ «Արցախը չպիտի անկախ լինի» և կցելով դրան քաղաքագետի լուսանկարը՝ տարածել։

Լրատվական կայքերի հետ զուգահեռ գործում էին նաև ֆեյսբուքյան կեղծ օգտատերեր։ Վերջիններս, հայհոյելով, քննադատական դիսկուրս էին ստեղծում համացանցում։

Արցախը հանձնելու մեջ մեղադրվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանրապետական պատգամավոր Արման Սաղաթելյանի կողմից նշանակված Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը ֆեյսբուքում աղմուկ հանած գրառում կատարեց, որտեղ թեպետ անուն չէր նշում, սակայն ակնհայտ է՝ դիմելով Փաշինյանին հայտարարում էր՝ նա պատմության մեջ կմնա միայն որպես մարդ, ով հանձնեց Արցախը: Նկատենք, որ ինքը Սաղաթելյանը ևս հրապարակավ ապատեղեկատվություն է տարածել այս թեմայով։ Այդ մասին կարող եք կարդալ՝ այստեղ։

Նմանատիպ «հարձակման» ենթարկվեց նաև ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը, երբ նախկինում Բ26-ի հետ որոշակի կապ ունեցող կայքերից մեկը քլիքբեյթ վերնագրով նյութ տարածեց՝ «Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են և դրանք ճիշտ է հանձնել՝ հիմնախնդիրը լուծելու համար. ՀԱԿ անդամ»։ Ու թեև կարճ ժամանակ անց հերքող հայտարարություն տարածվեց, սկզբում կուսակցության, այնուհետև անձամբ Թադևոսյանի կողմից՝ դա չխանգարեց քարոզչամեքենային տարածել «այս իշխանությունները հող հանձնողներ են» գաղափարը։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին…


Ապատեղեկատվություն` «Կենտրոն» հեռուստաընկերության տաղավարից

Oգոստոսի 28-ին «Ուրվագիծ» հաղորդման հյուրերն էին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը և ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Արթուր Դանիելյանը։ Վերջիններս մինչ հեղափոխությունը զբաղվում էին Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության քարոզչությամբ,…


Հրապարակվել են ԱԱԾ «չափազանց» կեղծ փաստաթղթեր

Արդեն մի քանի օր է` համացանցում ակտիվորեն շրջանառվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իբր Ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելու մասին տեղեկություններ։ Ու թեև առաջին իսկ հայացքից երևում է, որ հրապարակված փաստաթղթերը…