Նախագահի անձեռնմխելիությունը անսահմանափակ չէ

03.08.2018 | 16:29

Հայաստանում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով հուլիսի 27-ին կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանող կողմի հայտարարությունը, թե նախագահը անձեռնմխելի է և չի կարող հետապնդման ենթարկվել, անհիմն է, քանի որ գործողությունները, որոնց համար մեղադրվում է Քոչարյանը, չեն բխել իր կարգավիճակից:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի առաջին մասով, որը սահմանում է. «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»:

Ըստ ՀՔԾ ներկայացրած մեղադրանքի՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այլ պաշտոնատար անձինք խախտել են 2008 թվականին գործող Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «…զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության, կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է նախագահը հայտարարել ռազմական դրություն, և միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին: Իսկ 2008 թվականի փետրվարի 23-ին ԶՈՒ-ն բերվել է զորանոցային վիճակի, ներքաշվել քաղաքական զարգացումների մեջ և դուրս բերվել խաղաղ ցուցարարների դեմ:

Անդրադառնանք նախագահի անձեռնմխելիությանը

Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված է՝ երկրի նախագահն անձեռնմխելի է, իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել լիազորությունների ավարտից հետո:

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի այն հայտարարության առնչությամբ, թե «անձեռնմխելիության իմաստը կայանում է նրանում, որ անձը կատարելով հանցագործություն, կամ հնարավոր հանցագործություն, ազատվում է ոչ միայն պատասխանատվությունից, այլև ցանկացած գործընթացից, որը ենթադրում է հետապնդում», նշենք, որ 2008 թվականին գործող Սահամանադրության 56.1 հոդվածի համար նախատեսված մեկնաբանություններում հստակ սահմանվում է, որ նախագահի անձեռնմխելիությունը չի նշանակում նրա քաղաքական սահմանադրական պատասխանատվության բացակայություն, մասնավորապես. «ՀՀ Սահմանադրության նորմերի վերլուծությունը հնարավորություն է տալիս ասելու, որ նախագահական պատասխանատվության կամ անձեռնմխելիությունից զրկելու հիմք են հանդիսանում. պաշտոնավարման ժամանակ պաշտոնանկ անելը պետական դավաճանության և այլ ծանր հանցագործությունների կատարման համար (Սասհամանդրության հոդված 57), իսկ պաշտոնավարումից հետո պաշտոնավարման ժամանակ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների կատարման համար պատասխանատվության ենթարկելը։ ․․․Նախագահական անձեռնմխելիության սահմանումը ոչ թե Նախագահի համար սահմանված անձնական արտոնություն է, այլ որպես Հայաստանի Հանրապետությունն անձնավորող բարձրագույն պաշտոնատար անձի՝ Նախագահի կողմից իր լիազորությունների արդյունավետ իրացման պայման»։ Հետևաբար Օրբելյանի  հայտարարությունը բացառապես անհիմն է, քանի որ, ինչպես նշեցինք, Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել իր լիազորություններից, այն է թե՝ Հայաստանում փաստացի հայտարարել ռազմական դրություն, խախտել բանակի քաղաքական չեզոքությունը և ԶՈՒ-ն օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ։

Ինչ վերաբերում է «նախագահի կարգավիճակի հետ չկապված գործողություններ» հասկացությանը՝ Սահմանադրության 56․3 հոդվածի մեկնաբանություններում այս հասկացությանը տրվում է հետևյալ մեկնաբանությունը՝ «Նախագահի կարգավիճակի հետ չկապված պատասխանատվության ենթակա գործողությունների ներքո սովորաբար նկատի է առնվում Նախագահի` որպես անհատի, քաղաքացու բոլոր հնարավոր իրավախախտումները, որոնք կապված չեն նրա գործառնական դերի, լիազորությունների իրականացման հետ, և հիմք չեն հանդիսանում նաև պաշտոնանկության հարց բարձրացնելու համար»։

Հետևաբար՝ այն, ինչ  տեղի ունեցավ  2008 թվականին, ոչ թե  Ռոբերտ Քոչարյանի  լիազորությունների շրջանակում է, այլ՝ դրանցից դուրս, հակասում է օրենքին և քրեորեն պատժելի արարք է։

 

Կարինե Կիրակոսյան






Կարդացեք նաև։

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


Վաչագան Ղազարյանի գումարների վերադարձման մասին լուրը կեղծ է

«Հրապարակ» թերթը իր հերթական համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ գրելով, որ վերջինիս գումարները ետ են վերադարձվել։ Հղում անելով անհայտ «տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «Օրերս հետ…


ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին…


0038 հրամանով հղում է արվում ընտրությունների արդյունքներին, որոնք դեռ չկային

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, վերջերս խոսելով մարտի 1-ի գործի վերաբերյալ, որոշակի բացահայտումներ է արել գործի հետ առնչություն ունեցող հույժ գաղտնի 0038 հրամանի մասին: 2008 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնը…