Սահմանադրական կարգի տապալումը ըստ Ռոբերտ Քոչարյանի և ՀՔԾ-ի

27.07.2018 | 14:16

Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: Նույն քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, իսկ երեկ`նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Արձագանքելով իր հասցեին`սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեղադրանքներին, Քոչարյանն ասել է. «Ես՝ իբրև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի, երաշխավորողը և ես ինքս ինձ տապալել եմ տարօրինակ ձևով, որին մասնակցել է բանակի վերնախավը: Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունն արվել է հենց ընդդիմության կողմից…»: Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ սահմանադրական կարգի տապալումը նշանակում է իշխանությանը տապալել:

2008-ի իրադարձությունները

2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ: Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ստորագրում է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, «հոգեբանորեն կայուն ծառայողներով»:

Մարտի 1-ի երեկոյան Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ` խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 10 մարդ:

ՀՔԾ-ի մեկնաբանությունը

Հատուկ քննչական ծառայությունը համարում է, որ այդ հրամանով և դրան հետևող գործողություններով պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, պաշտոնատար անձինք խախտել են 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն, և միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին: Այսպիսով, նախաքննության մարմինը համարում է, որ պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Ավելին, ըստ Հատուկ քննչականի, պաշտոնատար անձինք իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ, որոնք արտահայտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ:

Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը չի մեղադրվում ինքն իրեն տապալելով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեջ (ինչպես ինքն է ներկայացնում): Սահմանադրական կարգի բռնությամբ տապալումը, ըստ ՀՔԾ-ի, կայանում էր Զինված ուժերի քաղաքական չեզոքության խախտման, դրանք խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու մեջ, ինչի միջոցով խախտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերը (սահմանադրական կարգը):






Կարդացեք նաև։

SUT.am-ի հետաքննության արդյունքում չեղարկվել են 103 մլն դրամի անօրինական պայմանագրեր

Ամիսներ առաջ անդրադարձանք Երևանի քաղաքապետարանի կատարած բյուջետային գնումներից մեկին։ Պարզվել էր՝ քաղաքապետարանը, գնման ընթացակարգերը չպահպանելով և խախտելով, միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել։ Այսպես, քաղաքապետարանը մայրաքաղաքի թվով 5 մանկապարտեզների վերանորոգման նպատակով…


Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


Վաչագան Ղազարյանի գումարների վերադարձման մասին լուրը կեղծ է

«Հրապարակ» թերթը իր հերթական համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ գրելով, որ վերջինիս գումարները ետ են վերադարձվել։ Հղում անելով անհայտ «տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «Օրերս հետ…


ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին…