Կարպիս Փաշոյանի դեմ մեդիա-տեռորը փորձարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի դեմ

17.07.2018 | 00:08

Ժամանակակից լրատվությունը սահմանակցում է մի կողմից պրոպագանդայի, մյուս կողմից մանիպուլյացիայի հետ։ Մեդիայի նպատակը հաճախ մի փոքր այլ է, քան օբյեկտիվ տեղեկության մատակարարումը։ Հաճախ այն կարծիքի ստեղծման, կարծրատիպեր կոտրելու, այս կամ այն քաղաքական գործչի վարկանիշը բարձրացնել-իջեցնելու գործիք է։

Նման դրսևորման ականատես եղանք ապրիլ-մայիս ամիսներին, երբ համացանցում տարածվեց Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթում 2001 թվականին հրապարակված հոդվածը։ Քարոզչամեքենան ընտրել էր հայերի համար թերևս ամենակարևոր հարցը՝ Արցախը և, նենգափոխելով 17 տարվա վաղեմության հոդվածը, կարծիք ստեղծել․ Փաշինյանը կոչ է անում Արցախի 7 շրջանները հանձնել Ադրբեջանին։

Այս հնարքը կրկին օգտագործվեց օրեր առաջ։ Թեման նույնն էր՝ Արցախը, իսկ «զոհը» առաջին փոխվարչապետի խոսնակ Կարպիս Փաշոյանը։

Սկանդալային պատմություններով հայտնի կայքերից մեկը որոշեց անդրադառնալ Փաշոյանի 10-օրյա վաղեմության մի հարցազրույցի։ Ավելի քան 18 րոպե տևած հարցազրույցից կայքն առանձնացրել է վերջին 30 վայրկյանը և, նենգափոխելով ասվածը, ստացել ուզածը՝ «Կարպիս Փաշոյանը արժեզրկում է Արցախի հերոս, ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի սխրանքը»։

Իրականում, սակայն, տեսանյութն ամբողջությամբ դիտելիս հասկանալի է դառնում, որ Փաշոյանը կոչ է անում չշահարկել հերոսի անունն ու սխրանքը քաղաքական նպատակներով, այլ կերպ ասած՝ չարժեզրկել Աբաջյանի հերոսությունը։ «Մենք անընդհատ շահարկում ենք այս անունը, ինձ թվում է չարժի»։ Այդուհանդերձ շատ քչերը միացրեցին արդեն «դասալիք» կարգված խոսնակի հարցազրույցը և լսեցին մինչև վերջ։

Ի դեպ դասալքության մասին։ Բանակում չծառայելու հանգամանքը ևս քարոզչամեքենայի սիրելի գործիքներից է, որը ևս օգտագործվեց հեղափոխության օրերին։ «Նիկոլ Փաշինյանը անգամ բանակում չի ծառայել, նա հայրենասեր չէ, իսկ ահա Մանվել Գրիգորյանն, ով գեներալ է և Արցախի հերոս, այ նա հայրենասեր է, էլ ինչ խոսք Սերժ Սարգսյանի մասին»։

Փաշոյանը, սակայն, ծառայել է հայոց բանակում, իսկ մարտական հերթապահությունն իրականացրել Նախիջևանի սահմանին։ Այս հանգամանքը, այդուհանդերձ, չխանգարեց քարոզչամեքենային «հայատյաց ու ցինիկ արարածին» կարգել նաև դասալիք։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

0038 հրամանով հղում է արվում ընտրությունների արդյունքներին, որոնք դեռ չկային

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, վերջերս խոսելով մարտի 1-ի գործի վերաբերյալ, որոշակի բացահայտումներ է արել գործի հետ առնչություն ունեցող հույժ գաղտնի 0038 հրամանի մասին: 2008 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնը…


Բանակի ներգրավվումը քաղաքականություն՝ ըստ փաստաբանների և իրականում

Օրերս սահմանադրական կարգի տապալման  մեղադրանքով կանալանավորված Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը  հայտարարեց՝ կան հստակ տվյալներ, որ ընդդիմությունը փորձել  է բանակը ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ. «Պաշտպանության երկու փոխնախարարները,  արդեն քողարկված կամ…


Ինչպե՞ս տարածվեցին «Արցախը հանձնելու» մասին կեղծ լուրերը

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվական կայքերի և փորձագետների կողմից քննարկման առարկա դարձավ «Արցախը հանձնելու» թեման։ Նախկին իշխանությունը և իրեն սատարող ակտիվը տարբեր գործիչներին մեղադրեց «հակաարցախյան գործունեության» մեջ։…


Ասյա Խաչատրյանը Ադրբեջանում չի եղել՝ հակառակ Գառնիկ Իսագուլյանի

Փետրվարի 1-ից 3-ը Արցախի ոստիկանների կողմից բռնության և անհարգալից վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացի, 19-ամյա Ասյա Խաչատրյանի մասին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կեղծ տեղեկություն է ներկայացրել ԶԼՄ-ներին: Իսագուլյանը…