Գագիկ Հարությունյանն ինքն իրեն բացառիկ լիազորություն տվեց. դատավորները ծանր դրության մեջ են

14.07.2018 | 01:10

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 7-ին որոշում է կայացրել (ԲԴԽ-23-Ո-47) սահմանել առաջին ատյանի դատարանների դատավորների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները փոփոխելու կարգը: Այդ որոշումով սահմանվում է, թե ինչ ընթացակարգով պետք է օրինակ`  դատավորը տեղափոխվի այլ դատարան, ենթադրենք՝ Երևանից գնա Սյունիքի մարզ դատավոր աշխատելու և այլն:

Դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին: Այսինքն, ԲԴԽ-ն որոշում է կայացնում բացառապես դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին, այլ ոչ՝ դատավորների տեղափոխման կարգը: Սակայն, բացի նրանից, որ ԲԴԽ-ն սահմանել է դատավորների տեղափոխման կարգ, որի սահմանումը օրենքից չէր բխում, դեռ ավելին՝ իրեն վերապահել է լիազորություն, առանց դատավորի համաձայնության վերջինիս մի նստավայրից տեղափոխել այլ նտավայր, օրինակ Վանաձորի նստավայրից՝ Ալավերդու նստավայր:

Այսպես, նշված որոշմամբ հաստատված կարգի 2.5 կետը սահմանում է, որ «բացառիկ դեպքերում խորհուրդը, ելնելով արդարադատության մատչելիությունն ապահովելու, դատական տարածքների օպտիմալացման հրատապ անհրաժեշտությունիցկարող է քննարկել առաջին ատյանի դատարանի նախագահի կողմից դատավորի նստավայրի փոփոխության վերաբերյալ ներկայացված առաջարկությունը նաև դատավորի անհամաձայնության (համաձայնության բացակայության) դեպքում»:  Ավելի պարզ ասած, եթե օրինակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը ԲԴԽ-ին առաջարկում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նստավայրից «X» դատավորին տեղափոխել Քանաքեռ  վարչական շրջանի նստավայր, ապա բացառիկ դեպքում առանց «X» դատավորի կարծիքը լսելու, նրան կարող են տեղափոխել մեկ նստավայրից մեկ ուրիշ նստավայր:

Դիցուք՝ մի իրավիճակ, երբ մասնագիտացված դատարանի (օրինակ՝ վարչական, սնանկություն) «X» դատավորին չեն ցանկանում պահել Երևանում և պետք է արագ հեռացնեն նրան մարզերից մեկը, ապա դատարանի նախագահը դիմում է ԲԴԽ-ին և բացառիկ դեպքում առանց դատավորի համաձայնության կամ անհամաձայնության նրան տեղափոխում են այլ վայր: Սակայն, հարկ է նկատել, որ անգամ մի դատարանից այլ դատարան դատավորին գործուղելու պարագայում, որը ժամանակավոր բնույթ է կրում՝ մինչ 6 ամիս, նույնիսկ այդ դեպքում դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի հանաձայնությունը պարտադիր է: Փաստորեն, ժամանակավոր տեղափոխման դեպքում դատավորի համաձայնությունը, ըստ սահմանադրական օրենքի պարտադիր է, իսկ երկարատև, եթե ոչ ընդմիշտ տեղափոխման համար, ըստ ԲԴԽ-ի ընդունած կարգի, որը շատ ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ է, դատավորի համաձայնությունը-անհամաձայնությունը ոչ մի նշանակություն չունի:

Գործնականում այս իրավակարգավորումը կարող է ունալ նաև այսպիսի ընթացք՝ ցանկացած դատարանի դատավոր դատական նիստն ավարտում է և տեղեկանում, որ վաղվանից ինքը աշխատելու է այլ նստավայրում՝ օրինակ Սյունիքի մարզում: Բացի իրավական խնդրից, որ օրենսգիրքը արգելում է առանց դատավորի համաձայնության նման տեղափոխություն կատարելը, առկա է նաև այդ խնդրի տեխնիակական կողմը, որը կարող է հանգեցնել արդարադատության մատչելիության, ողջամիտ ժամկետում գործի քնոնության և այլ հիմնարար սկզբունքների ոտնհահարման / դատավորը ոնի իր վարույթում գործեր, կայացած աշխատակազմ, իր հաշվին վերանորոգած աշխատասենյակ և այլն/:

Բարձրագույն դատական խորհրդի «ԲԴԽ-23-Ո-47» որոշումը մահակ է առաջին ատյանի դատարանների բոլոր դատավորների համար, քանի որ ԲԴԽ-ի տրամաբանությունից դուրս գործող ցանկացած դատավոր կարող է «բացառիկ դեպքի» անվան տակ տեղափոխվի այլ վայր աշխատանքի: Հարկ է նկատել, որ վերջին շրջանում բացառիկ դեպքերի անվան տակ մի դատարանից  այլ դատարան տեղափոխություններ արդեն իսկ եղել են, սակայն «բացառիկ» լինելու որևէ հիմնավորման չհանդիպեցինք ԲԴԽ-ի կայքում:

Սահմանադրական օրենքին հակասող  նշված որոշմամբ հաստաված կարգի 2.5 կետով ԲԴԽ-ն նոր լծակ է ստանում իր ձեռքում դատավորների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: ԲԴԽ-23-Ո-47 որոշման առկայությունը իր մեջ նաև կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում, քանի որ հեռու վայրեր նշանակված դատավորների համար պարարտ հող է ստեղծվել համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով կարողանալ տեղափոխվել ավելի ցանկալի նստավայր՝ անկախ այն հանգամանքից այդ նստավայրում թափուր տեղ առկա է, թե՝ ոչ:

Տիրայր Մուրադյան






Կարդացեք նաև։

Լրատվամիջոցը պարբերաբար թիրախավորում է նույն մարդկանց

Վերջին օրերին մի շարք լրատվական կայքեր հանդես են գալիս ուշագրավ հրապարակումներով։ Տարածվող նյութերը պարունակում են ոչ միայն բացահայտ ապատեղեկատվություն, այլև լրատվական էթիկայի խախտումներ։ Այսպես, politik.am-ը, առանց որևէ լրատվական առիթի, անդրադարձավ…


ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին…


Ապատեղեկատվություն` «Կենտրոն» հեռուստաընկերության տաղավարից

Oգոստոսի 28-ին «Ուրվագիծ» հաղորդման հյուրերն էին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը և ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Արթուր Դանիելյանը։ Վերջիններս մինչ հեղափոխությունը զբաղվում էին Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության քարոզչությամբ,…


Գեղամ Մանուկյանը կոչ է անում օրենք խախտել

Օրերս պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երկրորդ հարցազրույցը տվեց դաշնակցական Գեղամ Մանուկյանին։ Քոչարյանն իր բողոքը հայտնեց նախաքննության գաղտնի լինելու հետ կապված՝ ասելով. «Եթե դուք՝ լրագրողներով, հասնեք նրան, որ այդ քրեական…