Սահմանադրական կարգը տապալելը 2008-ին էլ է քրեորեն պատժելի արարք եղել

04.07.2018 | 14:28

Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, որի 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ, այն է՝ սահմանադրական կարգը տապալելը:

«Հրապարակ» օրաթերթը և «Առավոտ» օրաթերթի առցանց կայքը հրապարակումներ ունեցան այն մասին, որ Միքայել Հարությունյանին ՀՔԾ-ն մեղադրում է այնպիսի հանցավոր արարք կատարելու մեջ, որը հանցանքը կատարելու ժամանակ՝ 2008 թվականին, քրեորեն պատժելի չէր:

Բանն այն է, որ Քրեական օրենսգրքում 300.1 հոդվածը, որով այսօր մեղադրվում է Միքայել Հարությունյանը ավելացվել է 2009 թվականի մարտի 18-ին: Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածը սահմանում է, որ «արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով», իսկ  13-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»: Ստացվում է, որ Միքայել Հարությունյանի վրա չէր կարող տարածվել 300.1 հոդվածը, քանի որ Հարությունյանի կողմից հնարավոր հանցագործությունը կատարելու ժամանակ 300.1 հոդվածը գոյություն չի ունեցել, իսկ հետագայում այդ հոդվածի առկայության պարագայում այն հետադարձ ուժ չէր կարող ունենալ:

Ստեղծված իրավական թվացյալ հակասությունը հարթվում է, երբ նայում ենք Միքայել Հարությունյանին մեղսագրվող արարքի նկարագրությունը:  Պաշտպանության նախկին նախարարին մեղսագրվող 300․1 հոդվածը սահմանում է, որ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

2008 թվականին գործած Քրեական օրենսգրքով «Սահմանադրական կարգի տապալումը» անվանմամբ հոդվածի փոխարեն եղել է «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածը: Այն ժամանակ գործած 300 հոդվածը սահմանում էր, որ «Պետական իշխանությունը յուրացնելը՝ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Այսինքն, եթե մենք լինեինք 2008 թվականում, ապա Միքայել Հարությունյանը կարող էր մեղադրվել «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ, քանի որ այսօր մեղսագրվող 300.1 հոդվածով նախատեսված արարքի հանցակազմի տարրերը համադրելի են 2008 թվականին գործած 300-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի տարրերի հետ: Երկու դեպքում էլ հանցագործության օբյեկտը՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված արարքն է: Ներկայիս Քրեական օրենսգրքով իշխանությունը յուրացնելու հոդվածն ունի հետևյալ տեսքը. «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը»:

Միքայել Հարությունյանին այսօր մեղսագրվող արարքը չի բնութագրվում «Իշխանությունը յուրացնելու» հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի տարրերի հետ, քանի որ Հարությունյանը չի տիրացել նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի կամ ՍԴ նախագահի լիազորություններին:

Մեր հրապարակումը պատրաստելուն զուգահեռ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ վերը նշված խնդրին և տարաբնույթ մեկնաբանություններին՝ կատարելով այն նույն դատողությունները, ինչն արդեն շարադրեցինք:

Տիրայր Մուրադյան






Կարդացեք նաև։

SUT.am-ի հետաքննության արդյունքում չեղարկվել են 103 մլն դրամի անօրինական պայմանագրեր

Ամիսներ առաջ անդրադարձանք Երևանի քաղաքապետարանի կատարած բյուջետային գնումներից մեկին։ Պարզվել էր՝ քաղաքապետարանը, գնման ընթացակարգերը չպահպանելով և խախտելով, միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել։ Այսպես, քաղաքապետարանը մայրաքաղաքի թվով 5 մանկապարտեզների վերանորոգման նպատակով…


Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


Վաչագան Ղազարյանի գումարների վերադարձման մասին լուրը կեղծ է

«Հրապարակ» թերթը իր հերթական համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ գրելով, որ վերջինիս գումարները ետ են վերադարձվել։ Հղում անելով անհայտ «տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «Օրերս հետ…


ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին…