Զվարթնոցում մատնահետք վերցնելու ծառայությունը հանել են, իսկ վճարը թողել

20.06.2018 | 17:16

«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորներից մինչև վերջերս պահանջվում էր մատնահետք հանձնել: Դեռևս 2006 թվականին էր հայտարարվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում գործելու է նոր սահմանված անվտանգության վճար, որը գանձվելու է յուրաքանչյուր մեկնող, տարանցիկ եւ ժամանող ուղևորի հաշվարկով՝ 2 եվրոյի չափով:  

«Ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված՝ ԻԿԱՕ-ն և մյուս միջազգային ավիացիոն կազմակերպությունները օդանավակայաններին առաջարկել են կիրառել ուղևորների և օդանավների անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ»- նշվում էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդագրության մեջ: Մասնավորապես՝ ուղևորների նույնականացման նպատակով 2006թ. նոյեմբերի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կիրառվել են մատնահետքեր կարդացող նոր սարքեր:

Այս առիթով գրավոր հարցում ուղարկեցինք ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարին՝ հասկանալու, թե արդյո՞ք մատնահետքեր վերցնելու գործընթացը վերացնելուց հետո օդանավի տոմսի գինը կնվազի:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Արսեն Մանուկյանը ծավալուն պատասխան-նամակում նշում է, որ 2001 թվականին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև կնքված կոնցեսիոն պայմանագրում նշված է, որ անվտանգության վճարը կկազմի յուրաքանչյուր մենկող ուղևորից 2 եվրո հաշվարկով (հավանաբար հետագայում մատնահետք են վերցրել միայն մեկնող ուղևորներից):

«Անվտանգության վճարից գոյացող գումարները «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ծախսվել և ծախսվում են օդանավակայաններում ավիացիոն անվտանգության նպատակով օգտագործվող զննման սարքավորումների արդիականացման և նոր սարքավորումների ձեռք բերման համար»,- նշում է Արսեն Մանուկյանը՝ հավելելով, որ 2007 թվականից կիրառվել է նաև ուղևորների մատնահետքերի և նստեցման կտրոնի տվյալների միջոցով նույնականացման գործընթացը:

Ուղևորահոսքի տարեց տարի աճով պայմանավորված՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում որոշում են կայացրել հերթերից խուսափելու նպատակով 2018թ. մայիսի 1-ից դադարեցնել մատնահետքերի միջոցով ուղևորների նույնականացման գործընթացը:

Հարցին՝ եթե հանվել է մատնահետքերով ուղևորին նույնականացնելու համակարգը, ավիատոմսի գնի վրա դա ի՞նչ ազդեցություն է ունեցել, Արսեն Մանուկյանը պատասխանել է. «Տեղեկացնում ենք, որ անվտանգության վճարը սահմանված է ՀՀ կառավարության՝ 2001թ. «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի հետ կնքած կոնցեսիոն պայամանգրի թիվ 2 լրացումով, և այն չի վերանայվել, իսկ 2 եվրո անվտանգության վճարը կիրառվում է ընդհանուր ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով և մատնահետքերի նույնականացման ընթացակարգերի կիրառման հետ որևէ կապ չունի»:

Քաղավիացիայի գլխավոր վարչության՝ 2006թ. հայտարարության և մեր հարցմանն ի պատասխան ստացած տեղեկատվության միջև հակասություններ կան այն իմաստով, որ 2006թ. հայտարարվել է 2 եվրո վճար սահմանելու մասին, որը այն ժամանակ պայմանավորվել է մատնահետքերի վերցման համակարգի ներդրման հետ: Մինչդեռ այժմ քաղավիացիայից պնդում են, որ մեկը մյուսի հետ կապ չունի, և 2 եվրո վճարը չի վերանայվել մատնահետքերի վերցման գործընթացը դադարեցնելու արդյունքում:

Արձանագրենք, որ դեռ 2006 թվականին կեղծ հիմնավորմամբ է ավիատոմսի գինը 2 եվրոյով բարձրացվել:

 






Կարդացեք նաև։