Պետական բաժնետոմսերով առողջապահական ինստիտուտը պայմանագիր է կնքել «սև ցուցակում» հայտնված ՍՊԸ-ի հետ

14.06.2018 | 14:43

Գնումների մասին ՀՀ օրենքով նախատեսված է պետական մարմինների գնումներ կատարելու կարգն ու չափանիշները։ Ամենից տարածված և նախընտրելի ճանապարհը մրցույթն է՝ տենդեր, սակայն կան նաև մեկ անձից կատարվող գնումներ։

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, որը պետական բաժնետոմսերով գործող ընկերություն է, 2018 թվականին տարակուսելի մի շարք գնումներ է իրականացրել։ Խոսքը մասնավորապես գնում է ընկերության կայքի ձևավորման, սպասարկման և կառավարման վրա ծախսված գումարների մասին։

ՓԲԸ-ն պայմանագրեր է կնքել «Մեգապոլիս լաբ» ՍՊԸ-ի հետ, որը և իրականացնում է ինստիտուտի վեբ կայքի ձևավորման աշխատանքները։ Նկատենք, որ «Մեգապոլիս լաբ» ՍՊԸ-ն գտնվում է «պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցուցակում» և չէր կարող ոչ մասնակցել, ոչ էլ հաղթել ՓԲԸ-ի հայտարարած մրցույթում։ ՓԲԸ-ն, սակայն, այլ կերպ է վարվել և ընտրել է պետական գնման «մեկ անձի» ճանապարհը։ Այս դեպքում պետական մարմինն է ընտրում, թե ումից կատարի անհրաժեշտ գնումը, այն կարող է լինել անգամ «սև ցուցակում» գտնվող ընկերություն։

Մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է գնման ընթացակարգը ընտրվել «մեկ անձ», և  ինչպե՞ս է կնքվել պայմանագիր մի ընկերության հետ, որը իրավունք չունի մասնակցել պետական գնումների գործընթացին, ՓԲԸ-ից պատասխանեցին, որ օրենքը դա թույլ է տալիս՝ հղելով համապատասխան կետերին։

Գնումների մասին օրենքն իսկապես թույլ է տալիս գնում կատարել մեկ անձից, եթե գումարը չի գերազանցում բազային մեկ միավորը՝ 1 մլն դրամը։ Նկատենք, որ կայքի ձևավորման, սպասարկման և կառավարման թվով 4 պայմանագրերը կնքվել են գրեթե նույն օրը (դրանցից երկուսը` նույն օրը)։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է 1,270,000 դրամ։

Այսպիսով, եթե ՓԲԸ-ի կայքի ձևավորման աշխատանքները իրականացվեին մեկ պայմանագրով, ապա վերջիններս ստիպված էին լինելու տենդեր հայտարարել և ընտրել նվազագույն գին առաջարկած մասնակցին։ Ընդ որում, այդ մրցույթին տվյալ ընկերությունը չէր կարողանա մասնակցել։

Հատկանշական է, որ ընկերությունը որի հետ առողջապահական ինստիտուտը պայմանագիր է կնքել «սև ցուցակում» է հայտնվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի  6-րդ կետի «ա» ենթակետի հատկանիշներով՝ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը։

Ռաֆայել Աֆրիկյան

 






Կարդացեք նաև։

Վարչական դատարանում դատավոր չեն կարողանում նշանակել. ստվերային գործարքներ ԲԴԽ-ում

Մի քանի ամիս է, ինչ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողանում հաղթահարել վարչական դատարանի դատավորների նշանակման ճգնաժամը: Բանն այն է, որ դատական օրենսգրքի որոշ հոդվածների միջև հակասություններ կան, որոնցով պայմանավորված՝ ԲԴԽ-ն…


Ինչպես են գործել կոռուպցիոն սխեմաները Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման տարիներին

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցների հատման մասում արդեն կառուցվել է հերթական բազմահարկ բնակելի շենքը: Խորհրդային միության տարիներին տվյալ տարածքում կառուցվել էր կարի ֆաբրիկա, որը հետագայում դարձավ ՀՀ ոստիկանության…


Պատվաստումների դեմ թեզերը հիմնավոր չեն. դրանք բազմիցս հերքվել են

Սոցիալական ցանցերում նորանշանակ նախարարներից մեկը, ով քննադատության թիրախում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Վերջինիս քննադատում են իր նախկին մտքերի համար, սակայն այդ քննադատություններն արդեն տեղափոխվում են այլ հարթություն: Մասնավորապես,…


ԱԱԾ-ի «գաղտնի» ճոխությունները

Հունիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը մի շարք ճոխ գնումներ է կատարել։ Վճարելով 764,000 դրամ՝ ծառայությունը 4 հուշանվեր բաժակ է գնել «Ես սիլվեր» ընկերությունից։ Ընկերության խանութ-սրահում մեկ բաժակի գինը տատանվում է…