2016-ին ընտրական օրենսգրքի քննարկումները իրականում և ըստ Արփինե Հովհաննիսյանի (լրացված)

11.06.2018 | 13:41

ՀՀ Ազգային Ժողովում հունիսի 7-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս իր ելույթում անրադարձավ նաև Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված քննարկումներին և նշեց. «…Բայց միևնույն ժամանակ ողջամիտ ակնկալիք ունենք՝ ԸՕ ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձևաչափով, որով ընդունվել է գործող ընտրական օրենսգիրքը: Կան ֆիքսված մոտեցումներ, որ ԸՕ-ն ընդունվել է ներառական-թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, եղել է քաղաքական կոնսենսուսի արդյունք: Պահանջվող 63 քվեի փոխարեն այն ընդունվել է 100-ից ավել ձայներով»:

Արձանագրելով, որ նախորդ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր ոչ թե 63, այլ 79 քվե (քանի որ խորհրդարանում 131 պատգամավոր էր), նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը սխալվել է նաև ավելի կարևոր մասով:

Թափանցի՞կ

Առաջին, ամիսներ շարունակ փակ դռների հետևում մշակելուց հետո միայն 2016 թվականի մարտի 2-ին կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը, որտեղ հաշվի չէր առնվել ընդդիմության հիմնական պահանջները՝ քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, մատների թանաքոտումը և այլն:

Ընդ որում` նախագիծը առաջինը հայտնվել է ոչ թե հայկական պաշտոնական աղբյուրներում, այլ Վենետիկի հանձնաժողովի կայքում` անգլերեն տարբերակով:

Կոնսենսու՞ս

Երկրորդ, Ընտրական օրենսգիրքն իսկապես ընունվել է 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայներով, սակայն մինչ այդ տեղի են ունեցել «4+4+4» ձևաչափով բանակցություններ: Բանակցություններին մասնակցում էր 4 ներկայացուցիչ իշխանությունից, 4-ը՝ ընդդիմությունից և ևս 4-ը՝ քաղաքացիական հասարակությունից: «4+4+4» ձևաչափով բանակցությունների արդյունքում փաստաթուղթն ստորագրեցին միայն իշխանությունն ու ընդդիմությունը: Քաղաքացիական հասարակությունը չմասնակցեց ստորագրմանը և հանդես եկավ հայտարարությամբ:

Ավելին, կոնսեսուսը վերաբերվում էր միմիայն ստորագրված ցուցակների հրապարակմանը և էլեկտրոնային համակարգերի ներդրմանը: Փաստաթուղթը ստորագրած կողմերից շատերը հայտնեցին, որ շարունակում են պնդել իրենց առարկությունները մի շարք այլ դրույթների մասով (մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգի): Այլ կերպ ասած, ի հեճուկս Արփինե Հովհաննիսյանի, Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի եղել:

Հ.Գ. Այդուհանդերձ, Արփինե Հովհաննիսյանն իր խոսքում նաև նշել է. «Եվ սրանք իմ անձնական ձևակերպումները չեն, այլ այն գնահատականները, որոնք համապատասխան փաստաթղթերում տրվել են ՀՀ գործող ընտրական օրենսգրքի վերաբերյալ կարծիք հայտնած միջազգային կառույցների կողմից»:






Կարդացեք նաև։

ՀՀԿ-ն գիտակցված ողջունում է այն, ինչ անիրագործելի է

2018թ. մայիսի 31-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն թե Ընտրական օրենսգրքում փոփոխությունների, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ պատրաստ է քննարկումների:…


Պաշտոնյաներն ընդդեմ լրագրողների՝ մեկ տեսանյութում

Վերջին տարիներին Հայաստանում պարբերաբար են լինում դեպքեր, երբ պաշտոնյաները տարատեսակ բացասական երևույթների մեջ մեղադրում են լրագրողներին, իսկ երբեմն անգամ բացահայտ թշնամական վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ: SUT.am-ը որոշեց մի տեսանյութում…


Բարձրագույն կրթության օրենքի գաղտագողի լսումներ ԱԺ-ում

Փետրվարի 21-ին Ազգային ժողովում հանրային լսումներ էին անցկացվում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը, կարելի է ասել, իրականացվել է գաղտնիության ռեժիմում: Մինչ բուն նախագծին և վիճահարույց դրույթներին անդրադառնալը,…


Վահրամ Բաղդասարյանը մոռացել է թոշակների բարձրացման խոստման մասին

Այսօր Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեկնաբանելով 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն, այն անվանել է իրատեսական։ «Մենք ժողովրդին հայտարարել էինք, որ ընտրություններից առաջ և ընտրություններից հետո աշխատավարձեր…