Քաղաքապետարանի մրցույթում հաղթել է «սև ցուցակում» գտնվող ընկերությունը, գինը՝ 103 մլն դրամ

05.06.2018 | 10:50

Երևանի քաղաքապետարանը 2018 թվականի մարտ ամսին  «Մեծ հիմք»  շինարարական ընկերության հետ 4 պայմանագիր* է կնքել՝ Երևանի թիվ 9, 13, 134,  57  և 96 մանկապարտեզների վերանորոգման նպատակով։ Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 103 մլն դրամ:

Ընկերությունը, սակայն, իրավունք չուներ մասնակցելու քաղաքապետարանի հայտարարած մրցույթին՝ վերջինս 2017 թվականի հուլիսի 25-ից գտնվում է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Քաղաքապետարանը, սակայն, ոչ միայն թույլատրել է ընկերության մասնակցությունը, այլև գրանցված 26 ընկերություններից հաղթող է ճանաչել և պայմանագիր կնքել հենց «Մեծ հիմք»-ի հետ։

Նկատենք, որ պայմանագրերից մեկով թիվ 9 և 13 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն այսօր՝ 05․06․2018թ։ Աշխատանքների ընթացքը գնահատելու նպաակով այցելեցինք այս մանկապարտեզները, որտեղ դեռևս ընթանում էին աշխատանքներ։ Թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Ռինա Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերանորոգումը հազիվ թե ավարտվի հուլիս-օգոստոս ամիսներին, այսինքն պայմանագրից մոտ 2 ամիս ուշ։ Թիվ 9 մանկապարտեզի դեպքում հաջողվեց զրուցել շինարարներից մեկի հետ, ով ևս հայտնեց, որ դժվար թե աշխատանքները կարողանան ավարտել պայմանագրով նախատեսված ժամկետներում։

Շինարարը նաև հայտնեց, որ ընկերությունում չկան գրանցված աշխատողներ․ «լեվի գործ ենք անում, երբ կուզեն կհանեն»։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում փնտրեցինք «Մեծ հիմք» կազմակերպության վճարած գումարները՝ պարզելու համար, թե քանի գրանցված աշխատող ունի ընկերությունը։

Համաձայն հաշվետվությանը՝ վերջին անգամ «Մեծ հիմք» ընկերությունը (ՀՎՀՀ՝ 01201774) «1000 դրամների» հարկը վճարել է 2017 թվականի հոկտեմբերին։ Գումարը կազմել է 10․000 դրամ, այսինքն ընկերությունում եղել է գրանցված 10 աշխատող։

Հոկտեմբեր ամսից մինչ օրս ընկերությունը գումար չի վճարել հիմնադրամին, ինչը նշանակում է, որ կամ ընկերությունը չունի ոչ մի աշխատող, կամ էլ նրանք գրանցված չեն հարկային դաշտում։

*Պայմանագրերը կարող եք դիտել՝ այստեղ։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Քաղաքապետարանի՝ 107 մլն դրամանոց մրցույթը հաղթած ընկերությունն ունի ընդամենը 3 աշխատող

Ընթացիկ տարում Երևանի քաղաքապետարանը և «Արա-Արաքս Գրուպ» ՍՊԸ-ն թվով 7 պայմանագիր են կնքել՝ ընդհանուր 107,153,200 դրամ արժողությամբ։ Պայմանագրերով նախատեսվում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ կատարել՝ մանկապարտեզի վերանորոգում, բազմաբնակարան շենքերի…


Երևանի քաղաքապետարանն ու չվերանորոգված տանիքները. յուրացրած 10 մլն դրամի հետքերով

Դեռևս նախորդ տարվա փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի և «Աննա 80» ՍՊ ընկերության միջև ստորագրվել են 61,200,000 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց համաձայն՝ ընկերությունը պարտավոր էր վերանորոգել մայրաքաղաքի մի շարք շենքերի տանիքները։…


Քաղաքապետարանում աղավաղում են օրենքը, իսկ «ներքին կանոնակարգ» գոյություն չունի

Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել էր լրագրողների գործունեությունը: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պահանջում էր «Ա1+» հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին լքել շենքը և դա…


Գոռ Վարդանյանը փրկում է «ահաբեկչի»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական, կարատեսիտ Գոռ Վարդանյանը, ծավալուն հարցազրույց է տվել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որում բավականին իրարամերժ և անգամ սյուռ պնդումներ է…