Գեներալ Մովսես Սիլիկյանն իրականում Մոիսեյ Սիլիկով էր. հաղթանակից աքսոր

29.05.2018 | 11:49

Այս օրերին Հայաստանում նշվում է Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի 100-ամյակը: Այդ հաղթանակում մեծագույն դերակատարում ունի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը: Սակայն քչերին է հայտնի, որ Մովսես Սիլիկյանի իրական անունն ու ազգանունը Մոիսեյ Սիլիկով է և նա ազգությամբ ուտի է:

Մովսես Սիլիկովի դերակատարումը հատկապես մեծ էր Սարդարապատի օրերին: Այստեղ նա ցույց տվեց գեներալ-մայորի (գեներալ-լեյտենանտ կոչումը ստացել է 1919թ.-ին) ողջ տաղանդն ու հմտությունները: Դեռ գնդապետ ժամանակ, 1916 թվականին, Էրզրումի գրավման գործողության ժամանակ, չնայած ռուսական բանակի ղեկավարության արգելքներին, նա անուրանալի դեր ունեցավ գաղթական հայերի փրկության գործում: Նրա անմիջական մասնակցությամբ և նախաձեռնությամբ փրկվեց նաև հայերին պատկանող գույքը:

Երբ 1918թ. մայիսին, գրավելով Ալեքսանդրապոլը, թուրքերը շարժվում էին դեպի Երևան, Մովսես Սիլիկովը ստանձնեց կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների ընդհանուր հրամանատարությունը: Սարդարապատի պաշտպանությունը և Երևանի ուղղությամբ թուրքական հարձակման կասեցումը հանձնարարվեց Սիլիկովին, ով կարողանում էր հմտորեն օգտագործել թևային հարվածը` հակառակորդին ջախջախելու համար: Հենց այդ մարտավարությունն ընկավ հաղթանակի հիմքում: Պատահական չէ, որ մարշալ Հովհաննես Բաղրամյանն իր հուշերում այդքան բարձր է գնահատել նրան ու գրել. «Հարկավոր է ասել, որ գեներալ Սիլիկովն այդ բավականին բարդ իրադրությունում ընդունել է, ես կասեի, տաղանդավոր որոշում․․․ Նա ժամանակի հայ գեներալներից ամենաշնորհալին էր..»:

Սակայն Առաջին Հանրապետության անկումից հետո Սիլիկովին տխուր ճակատագիր էր սպասում:

Խախտելով 1920թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, բոլշևիկները սկսում են բռնություններ կիրառել շատերի՝ այդ թվում, Հայաստանի Առաջին Հանրապետության բարձրաստիճան զինվորականների նկատմամբ: Նրանց ստիպում են Երևանից ոտքով անցնել 170 կմ ճանապարհ մինչև Աղստաֆա, որտեղից գնացքով տեղափոխում են Բաքու, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար: Այդ սպաներից մեկն էր նաև Մովսես Սիլիկովը, ով, սակայն, աքսորիից վերադառնում է 1921 թվականի սեպտեմբեր ամսին:

1927 թվականին Սիլիկովը ձերբակալվում է անվտանգության մարմինների կողմից, որոնք չկարողանալով ապացուցել առաջադրված մեղադրանքները՝ օգոստոսին վարչական կարգով նրան աքսորում են Դոնի Ռոստով, սակայն նույն թվականի հոկտեմբերին նրան թույլատրվում է վերադառնալ Երևան։

1935 թ. նոյեմբերի 29-ին ՀԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) պետական անվտանգության վարչությունում տված ցուցմունքում Մովսես Սիլիկովը պարզաբանել է, թե ինչու է որոշ դեպքերում ազգությունը նշել հայ. «քանի որ չէին հասկանում, թե ինչ ազգ է ուտին»:

1935 թվականի նոյեմբերի 25-ին 74-ամյա Մովսես Սիլիկովը կրկին ձերբակալվում է երրորդ անգամ և ապա 3 ամսից ազատ արձակվում։ Սակայն Սիլիկովը երկար չմնաց ազատության մեջ. 1937 թվականին նա ձերբակալվում է չորրորդ անգամ և նոյեմբերի 16-ին դատապարտում է մահապատժի, որն ի կատար է ածվում նոյեմբերի 22-ին:

Վահրամ Թոքմաջյան






Կարդացեք նաև։

Մարտի 1–ի աղավաղումը պատմության դասագրքերում

Հայոց պատմության նորագույն շրջանի իրադարձությունները տեղ են գտել 9-րդ և 12-րդ դասարանների հայոց պատմության դասագրքերում։ Այս դասագրքերում հանդիպում ենք ձևակերպումների, մտքերի, որոնք մոլորության մեջ են գցում ընթերցողին, տվյալ դեպքում՝ աշակերտներին,…


ParaTV-ն աղավաղել է Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու պատմությունը

Օրերս, «Պարադիպլոմասի» առցանց հեռուստատեսությունը հրապարակել էր՝ «Ռուս-պարսկական պատերազմները և Արևելյան Հայաստանի ազատագրումը» վերտառությամբ մի հոլովակ: Հոլովակում կան բազմաթիվ վրիպումներ, ակնհայտ սխալներ, իրական փաստերի միտումնավոր բացթողումներ: Եթե անգամ վերանանք այն մանիպուլատիվ…


Նժդեհի արձանի դեմ ստորագրահավաքը լի է ստերով

Ռուսական որոշ շրջանակներում տեղ գտած աղմուկը (կամ, անգամ հիստերիան)՝ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհի) անձի ու գործունեության նկատմամբ, չի դադարում: Այդ երկրում անգամ ստորագրահավաք են սկսել, որպեսզի պահանջեն հայկական իշխանություններից՝ հանել Նժդեհի…


Էդուարդ Շարմազանովի սուտը Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին

Մայիսի 28-ին Լոռվա մարզում Մայիսյան հերոսամարտերի հետ կապված իր ելույթում Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «…որովհետև Ղարաքիլիսայում, առավել քան Սարդարապատում և Բաշ Ապարանում որոշվում էր հայության լինելը ու չլինելը»։…