«Իրավունք» թերթի ապատեղեկատվությունը նախարարներ Էրիկ Գրիգորյանի և Արսեն Թորոսյանի մասին

25.05.2018 | 13:28

«Իրավունք» թերթը «Հեղափոխությամբ ծնված կառավարությունը» խորագրով հրապարակումների շարք է սկսել։ Թերթը ներկայացնում է կառավարության նորանշանակ անդամների կենսագրություններից հատվածներ՝ տարածելով մի շարք ապատեղեկատվություններ։

Թերթի խմբագրությունը, որպես գնահատման չափանիշներ, կարևորում է նախարարների կրթությունը և աշխատանքը արևմտյան կառույցներում, կապը Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ, ունեցվածքը, անձնական կապերը նոր իշխանությունների հետ և զինծառայության առկայությունը։ Հենց այս գործոններով են «գնահատվում» նախարարները։ Թե որքանո՞վ են կապված նախարարի մասնագիտական հմտությունները վերջինիս բանակում ծառայած կամ չծառայած լինելու հետ, թերևս պարզ չէ, սակայն զինծառայություն անցած նախարարին ներկայացնել որպես «չծառայած», առնվազն ապատեղեկատվություն է։

Խոսքը, մասնավորապես, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի մասին է, մինչդեռ նա 2000-2002թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, եղել է տանկիստ։ Այս տեղեկությունը հաստատելու համար բավարար է ընդամենը նայել նախարարի ֆեյսբուքյան էջը, իսկ փորձառու լրագրողի համար նման պնդման հիմք կարող էր լինել հարցումը ՊՆ-ից կամ հենց նախարարից։ Ակնհայտ է, որ վերոնշյալից և ոչ մեկը չի կատարվել, հակառակ դեպքում նման պնդում չէր լինի։

Բացի դա, նորանշանակ նախարարը ներկայացված է որպես «ռեժիմի վարչապետ» Կարեն Կարապետյանի օգնական, ով «հարում է ԲՀԿ-ին»։ Մի կողմ թողնելով որակումները՝ նշենք, որ Էրիկ Գրիգորյանը անկուսակցական է և որևէ կուսակցության չի հարում։

Ապատեղեկատվության հաջորդ «զոհը» առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն է։ Ու թեև վերջինիս զինծառայությունը թերթը չի վիճարկում, սակայն ապատեղեկատվություն այդուհանդերձ առկա է։ Արսեն Թորոսյանը ներկայացված է որպես «․․․թմրամոլների, լեսբուհիների, հոմոսեքսուալիստների և այլ ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպան»։

Նաև, ըստ թերթի՝ Թորոսյանն ունի «սեփական գերժամանակակից հիվանդանոց»։ Խոսքը հավանաբար ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի մասին է, որտեղ Թորոսյանը աշխատել է որպես տնօրեն։ Բժշկական կենտրոնը, սակայն, Թորոսյանին չի պատկանում։ Այս մասին վերջերս հայտնել է նաև նախարարը։

Ռաֆայել Աֆրիկյան
Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից






Կարդացեք նաև։

Պատվաստումների դեմ թեզերը հիմնավոր չեն. դրանք բազմիցս հերքվել են

Սոցիալական ցանցերում նորանշանակ նախարարներից մեկը, ով քննադատության թիրախում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Վերջինիս քննադատում են իր նախկին մտքերի համար, սակայն այդ քննադատություններն արդեն տեղափոխվում են այլ հարթություն: Մասնավորապես,…


Ռուբլին չի թանկացել

Դեկտեմբերի 14-ին «Իրավունք» օրաթերթի կայքէջը և Շաբաթ․am լրատվականն ապատեղեկատվություն են տարածել ռուսական ռուբլու թանկացման մասին։ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ օրվա համեմատ ռուսական արտարժույթը մնացել է նույնը։ Իսկ դեկտեմբերի…


Սերժ Սարգսյանը չգիտի՞ իրավապահների և իրավապաշտպանների տարբերությունը

6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին հնչեցրած ուղերձի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով իրավապահ համակարգի մասին, ասել է. «Ես պատկերացնում եմ նաև կուռ և համագործակցող, ուժեղ ու պատասխանատվությունից չխուսափող…