Արթուր Բաղդասարյանի կենսագրությունը և այսօրվա պահանջները

22.05.2018 | 18:42

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նախօրեին «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում մի շարք վիճահարույց հայտարարություններ է արել, որոնցից առավել քննարկվողը դարձավ մարտի 1-ի բացահայտման պահանջը։

«Ես, իմ 300 հազարից ավելի ընտրողների անունից, պահանջում եմ մարտի 1-ի լիակատար բացահայտում», – ասել  է Բաղդասարյանը՝  նկատելով, որ պահանջը ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս հայտարարությունից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2017 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, Բաղդասարյանը, հանդիպելով լրագրողներին, ասել էր, որ մարտի 1-ի մեղավորները ազատության հրապարակում օրերով «տրնգի» պարողներն են ու հավաքների կազմակերպիչները։ Նկատենք, որ 2008 թվականի շարժման առաջնորդներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր։

Այժմ ներկայացնենք Արթուր Բաղդասարյանի կենսագրության որոշ դրվագներ։

Արթուր Բաղդասարյանը այն քաղաքական գործիչներից է, ով իր կարիերայի ընթացքում աջակցել է Հայաստանի 3 նախագահներին էլ։ Դեռևս 1996 թվականին Բաղդասարյանը «Լևոն Տեր-Պետրոսյանի դիմանկարի փորձ» վերնագրով գիրք է հրատարակել, որտեղ մասնավորապես գրել է․ «Այսօր և այս ժամին չկա նրանց մեջ մեկը, ով ավելի ունակ, ուրեմն և ավելի արժանի կլինի առաջնորդել այս ժողովրդին դեպի երազելի ապագա, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»։

2003 թվականին Արթուր Բաղդասարյանը արդեն Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն էր և սատարում էր նրան նախագահական ընտրություններում։ Նույն թվականի հունիսի 12-ին Բաղդասարյանը նշանակվում է Ազգային ժողովի նախագահ և պաշտոնավարում մինչ 2006 թվականը։ 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանը Բաղդասարյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Պատճառը «Մարկո Պոլո» սրճարանում Բաղդասարյանի և Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի հետ գաղտնալսված զրույցն էր։ Բաղդասարյանը փոխդեսպանին ՀՀ ներքաղաքական զարգացումներում միջամտելու կոչ էր անում։ Այդ կապակցությամբ Քոչարյանը հայտարարեց․ «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսևորում է։ Այդ դրսևորումը ավելի այլանդակ տեսք ունի այն պատճառով, որ սեփական նախաձեռնությամբ է դա արվել… Մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»։

2008 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու Արթուր Բաղդասարյանը հանդես էր գալիս արդեն ընդդիմադիր դիրքերից՝ քննադատելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Արդյունքում Բաղդասարյանը գրավեց 3-րդ տեղը՝ Սերժ Սարգսյանից և Լևոն Տեր-Պետրոսյանից հետո։

Չընդունելով ընտրությունների արդյունքները՝ առաջին նախագահը իր դաշինքի հետ միասին մարդաշատ հանրահավաքներ սկսեց՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ընդդիմության՝ իրենց միանալու կոչերը, սակայն, Արթուր Բաղդասարյանը անտեսեց և մարտի 1-ից ընդամենը մեկ օր առաջ՝ փետրվարի 29-ին, կոալիցիոն հուշագիր ստորագրեց Սերժ Սարգսյանի հետ։ Նույն թվականի մայիսի 4-ին Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱԽՔ։

Բաղդասարյանը սատարեց Սերժ Սարգսյանին նաև 2013 թվականի նախագահական ընտրություններում։ Արդեն 2014 թվականին Բաղդասարյանը լքում է Սերժ Սարգսյանի հետ կոալիցիան, իսկ մեկ տարի անց՝ 2015 թվականին, իր «Օրինաց երկիր» կուսակցությունը վերանվանում «Հայկական վերածնունդ»։ Արդեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հայկական վերածնունդը» չի հավաքում քվեների անցողիկ շեմը և դուրս է մնում խորհրդարանից։ 2018-ին «Հայկական վերածնունդը» կրկին վերանվանվում է «Օրինաց երկիր»։

Հ․Գ․ հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականին Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակից հայտարարել էր․ «եթե իմ որդին ապրի այն զգացողությամբ, ինչով ապրում է Արթուր Բաղդասարյանի որդին, ես ինքնասպանություն կգործեմ»։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Վարչապետի առաջին հանձնարարականը մինչ օրս չի կատարվել

Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, 2018 թվականի մայիսի 11-ին տեղի  ունեցավ Կառավարության առաջին նիստը։ Օրակարգային առաջին հարցը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, բնակության վայրով ապահովելու մասին հարցն էր։ Հնչեց վարչապետի…


Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել արագաչափերի գործունեությունը. ԶԼՄ-ները ոչ ճիշտ վերնագրեր են ընտրել

Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, անդրադարձավ արագաչափ սարքերով և տեսախցիկներով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու խնդրին: Նիկոլ Փաշինյանն իր…


Ա. Սաղաթելյանը Ս. Սարգսյանի հայտարարությունները թողած՝ Փաշինյանի հոդվածն է աղավաղում

Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի թեկնածուի ընտրության հարցը, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Արման Սաղաթելյանի հարցը վերաբերում էր Փաշինյանի…


Մեքենաների համարանիշերը հանելու «մոդան» ոստիկանությունից է սկսվել

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 25-ի գիշերը ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշների երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական…