Ավանում մեքենաներ ջարդած և մարդկանց ծեծի ենթարկած խումբը կապված է Տարոն Մարգարյանի հետ (լուսանկարներ)

28.04.2018 | 18:36

Ապրիլի 22-ին կեսօրից հետո Երևանի Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի վրա, մի խումբ դիմակավորված անձինք նախ փակել են Երևանի կենտրոն տանող ճանապարհը, իսկ դիմադրություն ցույց տված անձանց մեքենաները մահակներով, քարերով և այլ առարկաներով վնասել են: Այդ անձանց ինքնությունը հանրությանը մինչ օրս հայտնի չէ:

Այսպես, տվյալ անձանց խումբը նախապատրաստվել և հրահանգավորվել է Ավան վարչական շրջանում գտնվող «Խութ» բարեգործական հիմնադրամի տարածքում: Հիմանդրամը ստեղծվել է 2005 թվականին Երևանի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ի Երևանի տարածքային կազամկերպության ղեկավար Տարոն Մարգարյանի կողմից: Միայն 2017 թվականին հիմնադրամին Երևանի քաղաքապետարանը  նվիրատվության կարգով շուրջ 30 միլիոն դրամ է հատկացրել:

Հավաքագրվել են Ավան վարչական շրջանի աշխատակազմի տղամարդ աշխատակիցները, վերջին ընտրությունների համար ՀՀԿ-ի համար ջանք ու եռանդ չխնայածներն ու այլոք: Հանցավոր խումբը կազմվել է Ավանի վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներից, համատիրությունների նախագահներից, երիտհանրապետականներից և այլ անձանցից: Խումբը ապրիլի 22-ին օրվա առաջին կեսին տեղակայվել է Բաբաջանյան փողոցում՝ «Z+» ավտոմեքենաների նորոգման պարկին հարող տարածքում: Իսկ նշված պարկից դեպի փողոց դուրս բերող մուտքից ևս այլ անձինք են միացել, այս մեկը երևում է լուսնակարներում:

Երբ «Իմ քայլը» նախաձեռնության երթը Նոր Նորք վարչական շրջանից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասնում է նրանց, խմբի անդամները, բակային տարածքներով անցնելով, տեղակայվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ, իսկ արդեն օրվա երկրորդ կեսին անցնում գործի: Մինչ այդ, սակայն նրանք հասցրել էին վնասել երթի վերջին շարքերի հետևից եկող մեքենաները:

Մեզ հաջողվել է պարզել հանցավոր խմբի որոշ անդամների տվյալներն ու պաշտոնները: Խմբի պարագլուխներից են եղել Ավանի «Նարեկ» համատիրության նախագահ Առնակ Մանուչարյանը, «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերից Արմեն Երեմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանը:

Արթուր Գասպարյանը Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից է, գլխավոր մասնագետ: Վերջինս մի պահ հայտնվել է երթի մասնակիցների մեջ, ապա գնացել Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ և վերջում արդեն բժշկական դիմակով ճանապարը փակած խմբի շարքերում էր: Ողջ գործընթացի ժամանակ Արթուր Գասպարյանի հետ է կապույտ գույնի սպորտային համազգեստով մի երիտասարդ, ում ինքնությունը մեզ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն տարբեր վայրերում նրա գործողությունների դիտարկմամբ մենք ունենք նրա դիմանկարը: Հանցավոր խմբի անդամների հավաքագրման գործընթացին մասնակից է եղել ՀՀԿ-ի Ավանի երիտասարդական կազմակերպության ղեկավար Սերգո Հայրապետյանը:

Լուսանկարներից մեկում Տարոն Մարգարյանի տան մոտ Արթուր Գասպարյանը կանգնած է Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավքագրման բաժնի գլխավոր մասնագետ Սուրեն Սաֆարյանի հետ, ով նույն խմբի անդամ է եղել: Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման բաժնի ևս մեկ աշխատակից է եղել նույն խմբում Արման անունով, ով նաև ընտրությունների ընթացքում ղեկավարել է ՀՀԿ-ի շտաբերից մեկը: Որքան էլ տարօրինակ է, բայց փաստ, որ խմբի լուսանկարներից մեկում մենք գտել ենք նաև Ավանի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Արմեն Վարդումյանին: Խմբի համատեղ լուսանկարներներից մեկում պատկերված սպորտային և զինվորական հագուստով երիտասարդը Գեղամ Անտոնյանն է:

Տարոն Մարգարյանի և հանցավոր խմբի կապը ավելի է արմատավորվում, երբ մենք ֆիքսում ենք, որ Աճառյան փողոցը փակած դիմակավորված անձանց տվյալ վայր են տեղափոխել 5 համարի միկրոավտոբուսներով, որոնց չվացուցակը հանված էր, սակայն մեքենայի վրայից չէր մաքրվել ներկով դաջված «5» թիվը: Երթուղային այդ գիծը սպասարկում է «Ռոբերտ և Տարոն» ՍՊԸ-ն, որը հիմնադրել է Տարոն Մարգարյանը: Երթուղայինները հորիզոնական կանգնեցվել էին ճանապարհի վրա այնպես, որ մեքենաների անցուդարձը անհնարին էր դարձել:

Հույս ունենք, որ մեր հրապարակումը կօգնի իրավապահներին, որպեսզի հնարավորինս շուտ բացահայտվի այս ծանր հանցագործությունը:






Կարդացեք նաև։

ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին…


Աշոտյանի բառապաշարը` թյուրըմռբնումների տեղիք

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ երևույթի, խնդիր ունի որոշ օտարալեզու բառերի ճիշտ կիրառման հետ, օրինակ, վակխանալիա կամ խունտա: Արձակուրդն արտերկրում անցկացնող Աշոտյանը, մասնավորապես, օգոստոսի 10-ին…


Ինչպե՞ս տարածվեցին «Արցախը հանձնելու» մասին կեղծ լուրերը

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվական կայքերի և փորձագետների կողմից քննարկման առարկա դարձավ «Արցախը հանձնելու» թեման։ Նախկին իշխանությունը և իրեն սատարող ակտիվը տարբեր գործիչներին մեղադրեց «հակաարցախյան գործունեության» մեջ։…


Դուխով, Nikol’s, Նիկոլ արքա. թավշյա հեղափոխության խորհրդանիշերը սեփականաշնորհվում են

2018 թվականի մարտ ամսից մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը վերաճեց մեծ շարժման, որի արդյունքում Հայաստանում մայիս ամսին իշխանափոխություն տեղի ունեցավ: Այդ ողջ գործընթացում շարժման մի քանի խորհրդանիշ ստեղծվեց՝ «դուխով», «քայլ արա»…