Ընտանեկան բռնության մասին օրենքը կապ չունի նույնասեռական ամուսնությունների հետ

19.12.2016 | 12:06

Ընտանեկան բռնության մասին օրենքի անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ Հայաստանում գլուխ բարձրացրած մի շարք ուժեր ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով խեղաթյուրել պատկերացումները օրենքի կարգավորման առարկայի և նպատակների վերաբերյալ: Եկեք անդրադառնաք ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ տարածվող ապատեղեկություններին:

Այսպիսով, տարածված կարծիք է շրջանառվում, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը Հայաստանում նույնասեռական ընտանիքներ ստեղծելու օրենսդրական հիմք կդառնա:

Սա բացարձակապես կապ չունի օրենքի կարգավորման առարկայի և նպատակների հետ: Օրենքը պաշտպանում է ընտանիքում բռնության ենթարկվող ցանկացած անձի՝ անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և այլ հատկանիշներից: Ընտանեկան բռնության մասին օրենքը որևէ երկրում չի կարգավորում նույնասեռական ամուսնությունների հարցը և առհասարակ, ընտանեկան բռնությունից պաշտպանելու համար, ըստ օրենքի, պարտադիր չէ ՔԿԱԳ-ում պաշտոնապես գրանցված ամուսնական հարաբերության մեջ լինելը:

Այլ կերպ ասած՝ օրենքը չի կարգավորում ընտանիք կազմելու վերաբերյալ որևէ հարց, այլ պաշտպանում է անձանց բռնությունից: Ընտանիքի կազմավորման հարցերը կարգավորվում են Ընտանեկան օրենսգրքով:

Օրենքի նախագծի վերաբերյալ այսօրինակ սուտ տեղեկատվությունը նպատակ է հետապնդում այն արհեստականորեն կապել մի ոլորտի և խնդրի հետ, որը ընտանեկան բռնություն երևույթի հետ ուղիղ կապ չունի:

Այլ երկրներում և միջազգային կառույցներում ևս ընտանեկան բռնության օրենսդրության ծագումն ու զարգացումը որևէ կապ չի ունեցել և չունի նույնասեռականների իրավունքների պաշտպանության հետ: Այն եղել և մնում է կանանց իրավունքների պաշտպանության համատեքստում:

Ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենքի ընդունումը հնարավորություն կտա կանխարգելել բռնությունը՝ ինչը պետության դրական պարտավորությունն է: Օրենքի նախնական, դեռևս վերջնականապես չհաստատված նախագծով նախատեսվում է ստեղծել մի շարք ինստիտուտներ, որոնք մինչ օրս չեն եղել ՀՀ իրավական համակարգում:

Դրանք պաշտպանական միջոցների տեսակներն են. նախատեսվում է ստեղծել  պաշտոնական նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կայացման ինստիտուտներ:

Դրա շնորհիվ ՀՀ ոստիկանությունը կստանա լիազորություններ՝ անձանց ընտանեկան բռնությունից ավելի էֆեկտիվ պաշտպանելու և հանցագործությունները կանխելու համար… Այնինչ, այժմ ոստիկանությունն ունի միմիայն եղած ընտանեկան բռնությունների դեպքերը բացահայտելու ֆունկցիա:

Հ.Գ. Առաջիկայում մենք կանդրադառնանք այդ օրենքի մասին տարածվող այլ ապատեղեկություններին ևս:

Արման Ղարիբյան






Կարդացեք նաև։

Ատոմային-քարոզչական ռումբ ՀԱՊԿ-ից Հայաստանին

«Հայոց աշխարհ» օրաթերթը «Հայաստանում իրականացվում է քողարկված, նենգ քարոզչություն» վերնագրով հարցազրույց է հրապարակել, որում Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը մի քանի ապատեղեկատվական հայտարարություն է արել Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության և…


ՀՀԿ-Սփյուռք համաժողով. մուտքը՝ Հանրապետականի կուսակցատոմսով

Սեպտեմբերի վերջին Երևանում կայացավ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը: «Հայաստան-Սփյուռքին», պաշտոնական տվյալների համաձայն, մասնակցել է մոտ 1600 հոգի:  Մասնակիցների թվում են Հայաստանի և  հայկական սփյուռքի ներկայացուցիչներ աշխարհի 70 երկրներից՝ Հարավաֆրիկյան հանրապետությունից…


Ինցեստ-շքերթներ, Հայաստանին ռուսական օգնություն․ «Սպուտնիկի» ապատեղեկատվությունները

Ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը վերջին օրերին հասարակական բարձր հնչեղություն ունեցող թեմաներով մի քանի նյութ է հրապարակել և ապատեղեկատվություն տարածել։ Հայաստանին ինցեստ-շքերթներ են սպասվում, կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը…


Ընտանեկան բռնության կանխարգելումը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը հրապարակել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Ինչից հետո նախագծի մասին սկսվեց ակտիվ հակաքարոզչություն տարածվել հիմնականում ռուսական հիմնադրամներից ֆինանսավորվողների կողմից: Նախագծի…