Կառավարությունը ԱՄՆ դեսպանի խոսքը աղավաղել է

26.04.2018 | 00:35

Ապրիլի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնական՝ primeminister.am կայքում հաղորդագրություն հրապարակվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման մասին: Կառավարության կայքում ԱՄՆ դեսպանի խոսքը գրել, հետո ջնջել են, իսկ ավելի ուշ խմբագրել և կրկին հրապարակել։

Առաջին հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր, որ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին, և նրանք քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Այդ ամենից հետո վարչապետի պաշտոնական կայքը մեջբերում է կատարել ԱՄՆ դեսպանի խոսքից: Ըստ primeminister.am-ի՝ Ռիչարդ Միլսն ասել է. «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»:

Մոտ երկու ժամ անց կառավարության ղեկավարի պաշտոնական կայքից հեռացվեց հրապարակումը: Մոտ կես ժամ անց մամուլի հաղորդագրությունը կրկին հրապարակվեց, սակայն առանց Ռիչարդ Միլսի անունից մեջբերման:

Ակնհայտ է, որ կառավարությունում սխալ մեջբերում են կատարել Միլսի խոսքից, որը շահեկան էր Կարեն Կարապետյանի համար, սակայն ֆեյսբուք սոցիալական ցանցում ծավալված բուռն քնարկումներից հետո այն խմբագրվեց:

Հ.Գ. Ավելի ուշ ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասված է. «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»:






Կարդացեք նաև։

Վարչապետի առաջին հանձնարարականը մինչ օրս չի կատարվել

Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, 2018 թվականի մայիսի 11-ին տեղի  ունեցավ Կառավարության առաջին նիստը։ Օրակարգային առաջին հարցը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, բնակության վայրով ապահովելու մասին հարցն էր։ Հնչեց վարչապետի…


Կարեն Կարապետյանը «սխալմամբ» մեծ աճ է գրանցել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում սկսել է հրապարակել կառավարության գրանցած ցուցանիշները՝ անդրադառնալով նաև նախորդ տարվա ցուցանիշներին: Դրանցից ինֆոգրաֆիկայի միջոցով պատկերված է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը:…


Կառավարությունը հաստատել է գոյություն չունեցող ներդրումային ծրագիր

Մարտի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը և հողամաս օտարելու մասին հարցը: Սակայն, ինչպես պարզվեց, հավանության արժանացած ներդրումային ծրագիրը փաստացի գոյություն չունի,…


Վարչապետի հետաքրքիր պատկերացումները ակցիզային հարկի մասին

Խոսելով վերջին ամիսներին Հայաստանում արձանագրված բարձր գնաճի մասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշագրավ մի հայտարարություն է արել։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կարագի գնի բարձրացման մասին հարցին ի պատասխան վարչապետն…