Խաղաղ հավաքները կարող են սահմանափակել այլոց իրավունքները` ի հեճուկս Արմեն Սարգսյանի

18.04.2018 | 20:46

Հայաստանի երրորդ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ-ի՝ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո վարչապետ դառնալու հավակնություն չունենալու մասին իր խոսքը դրժելու և երրորդ անգամ երկրի կառավարումը ստանձնելու դեմ ՀՀ տարբեր քաղաքներում օրեր շարունակ ընթացող բազմամարդ բողոքի ակցիաների կապակցությամբ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին մեկնաբանություն  է տվել: Նա ընդգծել է, որ «ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը»:

Եկեք տեսնենք, թե ինչպես է սահմանվում խաղաղ հավաքը միջազգային փաստաթղթերում։ Այսպիսով, խաղաղ հավաքների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցում հավաքը սահմանվում է որպես արտահայտման ընդհանուր նպատակով անհատների մտադրված և ժամանակավոր ներկայություն որևէ վայրում, որը կարող է դրսևորվել հանրային հանդիպումների, զանգվածային գործողությունների, ֆլեշ-մոբերի, ցույցերի, նստացույցերի, երթերի, պիկետների և այլ եղանակներով:

Հավաքը համարվում է խաղաղ, եթե կազմակերպիչները հայտարարել են խաղաղ մտադրություների մասին, և այն իրականացվում է ոչ բռնի կերպով: Ուղեցույցը պարզաբանում է նաև, որ «խաղաղ հավաքը» կարող է ներառել զայրացնող, տհաճություն պատճառող և նույնիսկ այլ անձանց գործողությունները ժամանակավորապես խոչընդոտող կամ սահմանափակող արարքներ: Հավաքի փոքրաթիվ մասնակիցների կողմից բռնի ուժի կիրառումը չպետք է մեխանիկորեն հանգեցնի հավաքը ոչ խաղաղ որակելուն, և միանգամայն պասիվ դիմադրությունը պետք է որակվի որպես հավաքի խաղաղ միջոց: Պասիվ դիմադրություն կամ քաղաքացիական անհնազանդություն է համարվում ոչ բռնի եղանակներով իշխանություններին ընդդիմանալը  նրանց հետ չհամագործակցելու, օրենքներին չենթարկվելու և այլ միջոցներով:

Ըստ ուղեցույցի՝ հավաքների ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը դիտարկելիս պետք է հաշվի առնել այն, որ հավաքների անցկացման նպատակով հանրային տարածքների օգտագործումը նույնքան լեգիտիմ է, որքան ավելի առօրեական նպատակներով  դրանց օգտագործումը, ինչպես օրինակ՝ առևտրային գործունեությունը, մեքենաների երթևեկությունը կամ հետիոտների տեղաշարժը:  Այս սկզբունքը հստակորեն սահմանվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Բալջիկն ընդդեմ Թուրքիայի (2007թ.) և Աշուղյանն ընդդեմ Հայաստանի (2008թ.) գործերով կայացված վճիռներով Դատարանն արձանագրել է, որ հանրային վայրում իրականացվող ցանկացած հավաք կարող է պատճառել ամենօրյա կյանքի որոշակի խաթարում, ներառյալ նաև երթևեկության խաթարում: Ուստի, եթե ցուցարարները բռնության գործողությունների չեն դիմում, կարևոր է, որ հանրային իշխանությունը խաղաղ հավաքների նկատմամբ ցուցաբերի որոշակի աստիճանի հանդուրժողականություն:

Այսպիսով, նախագահ Արմեն Սարգսյանի վերոնշյալ պնդումը  հակասում է միջազգային փաստաթղթերով և պրակտիկայում ընդունված մոտեցումներին:

Լուսանկարը՝ hetq.am-ի






Կարդացեք նաև։

Առաքել Մովսիսյանի հրահանգով ճանապարհ փակողների ինքնությունը հայտնի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իմ քայլը» նախաձեռնության կողմից ապրիլի 13-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների մասնակիցների իրավունքները սահմանափակելու փորձեր արվել են ոչ միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների կողմից, այլ նաև մեկ այլ ՀՀԿ-ական,…


Տարոն Մարգարյանի օգնականը, գազանանոցի փոխտնօրենը և այլք. Ավանի հանցախումբը (Մաս 2)

              Նախորդ շաբաթ գրել էինք, որ Երևանի Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները, համատիրությունների նախագահները և երիտհանրապետականները ուղղակի դիտավորությամբ վնասել են քաղաքացիների մեքենաները, որոնք ուղևորվում…


Ավանում մեքենաներ ջարդած և մարդկանց ծեծի ենթարկած խումբը կապված է Տարոն Մարգարյանի հետ (լուսանկարներ)

Ապրիլի 22-ին կեսօրից հետո Երևանի Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի վրա, մի խումբ դիմակավորված անձինք նախ փակել են Երևանի կենտրոն տանող ճանապարհը, իսկ դիմադրություն ցույց տված անձանց մեքենաները մահակներով, քարերով…


ՀՔԾ-ի տարօրինակ մեղադրանքը Արմեն Գրիգորյանին

«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է անօրինական հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ Այդ մասին հաղորդագրությամբ հայտնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը։ Ուշագրավ է Արմեն Գրիգորյանին…