Հ1-ը 2017 թ-ի ԱԺ ընտրությունների գնահատականներից միայն դրականն է «հիշում»

10.04.2018 | 20:57

Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփ թողարկման՝ «360 աստիճան»-ի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ռեպորտաժի հեղինակը նշել է, որ ԵՄ-ն և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական են գնահատել տեղի ունեցած ընտրությունը: Հանրային հեռուստըանկերությունն այդ թողարկման ժամանակ ներկայացրել է դիտորդական խմբի զեկույցի և ԵՄ-ի հայտարարության  բացառապես դրական կողմերը: Որևէ անդրադարձ չի  կատարվել մատնանշված խնդիրների մասին:

«360 աստիճան»-ի հիշյալ ռեպորտաժի հեղինակը նշել է. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրեց՝ ընտրական գործընթացը համապատասխանել է ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին ու ներպետական օրեսնդրությանը: Եվրամիությունը հայտարարեց՝ ընտրությունները լավ կազմակերպված էին, առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ, արդյունքն արտացոլում է Հայաստանի ժողովրդի կամքը»:

Նախ նշենք, որ Հ1-ը դեռևս նախորդ տարի կրկին հիշատակել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը և մեջբերում էր կատարել, թե իբր Հ1-ը ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերին հավասարակշռված էր լուսաբանել, մինչդեռ զեկույցում նման բան ասված չէր:

Ինչ էր ասված կոնկրետ ԶԼՄ-ների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում, որը Հ1-ով չասեցին: «Լրագրողները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին տեղեկացրին, որ լրատվամիջոցների սեփականատերերի անհարկի միջամտությունն իրենց խմբագրական անկախությանը հանգեցրել է ինքնագրաքննության կիրառման և կառավարության մասին քննադատական լուսաբանումներից խուսափելուն, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերությամբ: Ընտրություններին առնչվող հանրային հետաքրքրություն ներկայացնող պատմություններին, ինչպիսիք են, օրինակ, դպրոցների տնօրենների կողմից աջակիցների ցուցակների հավաքագրումը և ԿԸՀ կողմից ընտրական բողոքների լսումները, անդրադարձ չի արվել հանրային հեռարձակող Հ1-ի ամենադիտվող եթերաժամի լրատվական թողարկումներում, բայց արվել է այլ լրատվամիջոցների կողմից: Լրագրողները նաև տեղեկացրին, որ լրագրողների դեմ բռնության որոշ վերջին դեպքեր և դրանց անբավարար հետապնդումը օրենքի կողմից խաթարում են իրենց անվտանգությունը և խոչընդոտում աշխատանքին»,- նշված է զեկույցում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից փետրվարի 24-ից մինչև մարտի 4-ը, այսինքն՝ նախքան քարոզարշավի մեկնարկը ընկած ժամանակահատվածի ընթացքում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները պարզեցին, որ մշտադիտարկվող հեռուստաընկերությունների մոտ առկա էր հստակ կանխակալություն հօգուտ հանրության կողմից ընկալվող իրենց կուսակցական պատկանելիության:

2017 թվականի ապրիլի 4-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի խոսնակի հայտարարությունից Հ1-ի եթերում հնչել է մեկ նախադասություն, որը կրկին գործընթացի դրական գնահատական է եղել: Ռեպորտաժում ոչ մի խոսք չի եղել խոսնակի հայտարարության հետևյալ հատվածի մասին. «Ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը»:

Այնպես որ Հանրային հեռուստաընկերության «360 աստիճան» հաղորդումը բացառություն չէր Հ1-ի՝ 2017 թ-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրության վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու ԵՄ-ի հնչեցրած գնահատականների կողմնակալ լուսաբանման հարցում։






Կարդացեք նաև։

Ծուխ հեռուստադիտողների աչքերին Հանրայինի եթերից

Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը հայաստանյան համապետական սփռում ունեցող գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները խուսափում են լուսաբանել։ Շարժման իրականցրած ակցիաները չի լուսաբանում նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Դրա…


Հեռուստաընկերությունները խոսում են ամեն ինչից, բացի «Իմ քայլը» ակցիայից (լրացված)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հրապարակեց Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի ճանապարհային քարտեզը: Այն հրապարակվեց Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում, որից հետո հայտարարվեց, որ ՔՊ անդամները քայլերթով Գյումրիից հասնելու են…


Ռուսական ընտրություններն ըստ Շարմազանովի և իրականում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, դիտարկել է նախօրեին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները և արել իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ: Ռուսական ՌԻԱ գործակալությանը տված…


Հ1-ը լռում է զինծառայողի վիրավորման հանգամանքների մասին

Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց նախկին զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարի հանգանակության կազմակերպումը։ Դրամահավաքին միանալու կոչ էր արել էր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Սարգսյանի կոչից…