Հեռուստաընկերությունները խոսում են ամեն ինչից, բացի «Իմ քայլը» ակցիայից (լրացված)

04.04.2018 | 20:40

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հրապարակեց Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի ճանապարհային քարտեզը: Այն հրապարակվեց Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում, որից հետո հայտարարվեց, որ ՔՊ անդամները քայլերթով Գյումրիից հասնելու են Երևան, որտեղ ապրիլի 13-ին հանրահավաք են անցկացնելու: Տպագիր ԶԼՄ-ները ամենօրյա ռեժիմով, իսկ էլեկտրոնային կայքերն օրական մի քանի անգամ անդրադառնում են մինչ օրս ընթացող քայլարշավին: Բացի ՔՊ-ի գործողություններից երեկվանից ակտիվ քննարկվում է ԵԼՔ դաշինքի մաս կազմող ուժերից երկուսի՝ ՔՊ-ի և «Լուսավոր Հայաստանի» հեռակա բանավեճը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է ճնշում բանեցնելով որոշակի վերահսկողական լծակներ ստանալ, սակայն ՔՊ-ից հիշեցնում են, որ այդ ճանապարհով «ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն արդեն անցել են»:

Եվ չնայած առցանց ԶԼՄ-ների ակտիվ լուսաբանման, ՔՊ-ի «Իմ քայլը» նախաձեռնությունը չի լուսաբանվում հայկական հեռուստաընկերություններով՝ այդպիսով նվազեցնելով նախաձեռնության մասին քաղաքացիների տեղեկացվածության աստիճանը։

Հանրային հեռուստաընկերություն, «Օրակարգ» լրատվական

ՔՊ-ի ճանապարհային քարտեզը հրապարկվեց մարտի 31-ի ցերեկը: Հանրայինի  «Օրակարգի» հիմնական թողարկման նույն օրվա գլխավոր լուրերն էին՝ Ճրագալույցի պատարագը, որին ներկա է եղել Սերժ Սարգսյանը, «Ալեքսանդր» հյուրանոցի բացումը Երևանում, դիվանագետների կողմից Կարմիր բլուրում տեղի ունեցած ծառատունկը, սմարթ այգու հիմնադրումը, Աթեշյանի դեմ ակցիան Թուրքիայում, Չիվա գյուղի հյուրատան պատմությունը: Ապրիլի 1-ը կիրակի օր էր, Հանրայինը շաբաթն էր ամփոփում «360 աստիճան» թողարկմամբ, որի ժամանակ ոչ մի բառ «Իմ քայլը» ակցիայի մասին: Ապրիլի 2-ին «Օրակարգ»-ի հիմնական թողարկումը կարելի է ասել ամբողջությամբ նվիրված էր ապրիլյան պատերազմին: Ապրիլի 3-ի թողարկումը «Օրակարգ» լրատվականը սկսում է եղանակի վատթարացման մասին լուրով, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես սածիլները պաշտպանել ցրտից: Հետո խոսում են ջրամբարներից, վարկային կազմակերպություներից մեկի կողոպուտից, Մոսկվայում տեղի ուենցած հրդեհից, վիզաներ տրամադրող թուրքական ընկերությունից և վերջում կրկին եղանակից:

«Արմենիա» հեռուստաընկերություն, «Ժամը» լրատվական

Հանրային հեռուստաընկերության ոճը պահպանել է նաև «Արմենիա» հեռուստաընկերությունը, որը պատկանում է «Պանարմենիա մեդի գրուպ»-ին: «Ժամը» լրատվականի՝ մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածի բոլոր ռեպորտաժները շրջանցել են ՔՊ-ի «Իմ քայլը» քայլարշավիը: «Ժամը» լրատվականն այդ օրերին անդրադարձել է ճրագալույցի պատարագին, եղանակային փոփոխություներին, վարկային կազմակերպությունում տեղի ունեցած կողոպուտին, Սերժ Սարգսյան-երիտասարդ գիտնականներ հանդիպմանը, սննդի կետում տեղի ուենցած պայթյունին և այլն:

«Շանթ» հեռուստաընկերություն, «Հորիզոն» լրատվական

Այս հեռուստաընկերությունը, Հ1-ի և «Արմենիայի» հետ համարվում է Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններից մեկը: «Շանթ» հեռուստաընկերությանը ևս չի հետաքրքրում Սերժ Սարգսյանի դեմ պայքարի դուրս եկած քաղաքական ուժի գործունեությունը: Հորիզոնի և ոչ մի թողարկման ժամանակ ընդդիմադիրների գոյության և գործունեության մասին որևէ հիշատակում չկա:

Նյութը հրապարակելուց հետո պարզվեց, որ «Շանթ» հ/ը «Հորիզոն» լրատվականի ապրիլի 3-ի հաղորդման մեջ հակիրճ հաղորդվել է քայլերթի մասին, սակայն չի հիշատակվել, որ այն Սերժ Սարգսյանի դեմ է: 

«Կենտրոն» հեռուստաընկերություն, «Էպիկենտրոն» լրատվական

«Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական թողարկումը նույնպես չի անդրադառնում Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելու դեմ սկսված պայքարին: «Էպիկենտրոն» լրատվականը նույն հաջորդականությամբ լուսաբանել է պատարագը, ծառատունկը, ապրիլյան պատերազմը, Ծառուկյանի հանդիպումը զոհվածների հարազատներին, «Բուրգեր քինգում» տեղի ունեցած պայթյունը և այլն:

Նյութը հրապարակելուց հետո պարզվեց, որ «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդման եթերում Քաղաքացիական պայմանագրի «Իմ քայլը» արշավը քննարկվել է։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, «Երկիրն այսօր» լրատվական

«Երկիր մեդիա» հ/ը, հետ չմնալով մյուս հ/ը-ներից, «Երկիրն այսօր» ծրագրի մարտի 31-ի թողարկումը սկսվում է պատարագի մասին լուրով, ապա անդրադարձ կատարում ԿԳ ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանի մոսկովյան այցին, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գործունեությանը, ծառատունկին և այլն: Ապրիլի 2-ի թողարկումն էլ նվիրված էր ապրիլյան պատերազմին, թուրք-կոսովոյական համագործակցությանը, Երևանում տեղի ունեցած պայթյունին և այլն: Ապրիլի 3-ի թողարկմանն էլ «Երկիրն այսօր» լրատվականը կրկին լուսաբանել է Երևանում տեղի ունեցած պայթյունի դեպքը, հետո անդրադարձել  վարկային կազմակերպության կաղոպուտին, հունվարի 3-5-ը աշխատանքային օր դարձնելու նախագծին, ապա ջրամբարների խնդրին և Պուտինի Անկարա կատարած այցին: «Երկիրն այսօր» լրատվականը ևս ոչ մի կերպ չի հիշատակել «Իմ քայլը» ակցիան:

«Հ3» հեռուստաընկերություն, «Օրը» լրատվական

«Հ3» հեռուստաընկերությունը վերը նշված հ/ը-ների օրինակով ձեռնպահ է մնացել Սերժ Սարգսյանի դեմ պայքարողներին լուսաբանելուց: «Հ3»-ի միօրինակ լրատվությունը ոչ մի անգամ այս օրերին չի անդրադարձել ՔՊ-ի քայլարշավին:

«ԱՐ» հեռուստաընկերություն, «Ազդարար» լրատվական

«Գրանդ հոլդինգ» ընկերությանը պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը, որը մշտապես աչքի է ընկել ներքաղաքական գործընթացներին հնարավորինս քիչ անդրադառնալով, այս անգամ էլ չի փոխել իր գործելաոճը: «Ազդարար» լրատվականի թողարկումներում անդրադարձ է կատարվել ապրիլյան պատերազմին, վիրավոր զինծառայողների առողջական խնդիրներին, մեռելոցի խորհրդին, եղանակային անբարենպաստ պայմաններին և այլն:

«Արարատ» հեռուստաընկերություն, «Հայլուր» լրատվական

Այսքանից հետո տարօրինակ կլիներ, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարը լուսաբաներ ՀՀԿ-ի կուսակցության շենքում տեղակայված «Արարատ» հ/ը-ն: «Հայլուր» լրատվականի այս օրերի ոչ մի թողարկում չի անդրադարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկսած քայլարշավին:

Այսպիսով, դիտարկելով Հայաստանի Հանրային, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Հ3», «Արարատ» և «ԱՐ» հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները, կարող ենք արձանագրել, որ ընդդիմադիր այս քաղաքական միավորի գործունեությունն ընդհանրապես չի լուսաբանվում հեռուստատեսությամբ: «Հ2» հեռուստաընկերության արխիվը համացանցում պահպանված չլինելու պատճառով չենք կարող միանշանակ պնդել՝ անդրադարձ եղել է ՔՊ-ի քայլարշավին թե՞ ոչ:

 






Կարդացեք նաև։

Ծուխ հեռուստադիտողների աչքերին Հանրայինի եթերից

Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը հայաստանյան համապետական սփռում ունեցող գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները խուսափում են լուսաբանել։ Շարժման իրականցրած ակցիաները չի լուսաբանում նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Դրա…


Հ1-ը 2017 թ-ի ԱԺ ընտրությունների գնահատականներից միայն դրականն է «հիշում»

Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփ թողարկման՝ «360 աստիճան»-ի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ռեպորտաժի հեղինակը նշել է, որ ԵՄ-ն և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական են գնահատել տեղի…


Ապատեղեկատվություններ և բռնության արդարացում Արմենիա TV-ի եթերում

Փետրվարի 18-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև ակումբ» հաղորդաշարի 16-րդ թողարկմանը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում ավագանու «Երկիր Ծիրան»ի և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը։ Հաղորդմանը հրավիրվել էին «Ելք» խմբակցության ղեկավար…


Հ1-ը լռում է զինծառայողի վիրավորման հանգամանքների մասին

Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց նախկին զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարի հանգանակության կազմակերպումը։ Դրամահավաքին միանալու կոչ էր արել էր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Սարգսյանի կոչից…