Ապատեղեկատվություններ ԵՄ-ի կողմից ատոմակայանի փակման պարտադրանքի մասին

02.04.2018 | 16:53

Մարտի 31-ին լրագողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը խոսել են Մեծամորի ատոմակայանի փակման հեռանկարի մասին՝ նշելով, որ «ԵՄ չինովնիկները պարտադրում են Հայաստանին փակել ատոմակայանը», որն էլ միտված է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնելուն: Սակայն առկա փաստերի, պաշտոնատար անձանց նախկին և ներկա հայտարարության համադրության պարզ է դառնում, որ ռուսական հետք ունեցող փորձագետները ապատեղեկատվություն են տարածում:

«Փորձագետների» ապատեղեկատվությունը

Արման Ղուկասյանը անդրադարձել է 2018 թ-ի հունվարի 30-ին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցի հետևյալ հայտարարությանը, – «Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի Հայաստանի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին»: Ի պատասխան Լորենցի մտքերի՝ Արման Ղուկասյանն ասել է, – «Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) փակման պայմանը ԵՄ-ի կողմից ուղղված է տարածաշրջանում ՀՀ-ի դիրքերի թուլացմանը»: Ղուկասյանը պարզապես շրջանցել է նույն օրը, նույն վայրում լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հայտարարությունը. «Կարծում եմ, որ ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատեր»:

Այնինչ, Մեծամորի ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին և կոնկրետ պիտանելիության ժամկետ չի ունեցել: Այն սովետական տարածված ջրաջրային միջուկային ВВЭР-440 ռեակտորների շարքին է պատկանում: Մասնավորապես, Մեծամորում տեղադրվել է այդ շարքի ամենահին՝ ВВЭР-440/230 մոդելի սեյսմակայուն մոդիֆիկացիան, որը ստացել է ВВЭР-440/270 անվանումը:

ВВЭР-440/230 էներգաբլոկները տեղադրվել էին նաև Նովովորոնեժի (ՌԴ), Կոլսկի (ՌԴ), Կոզլոդույի (Բուլղարիա), Գրայֆսվելդի (Գերմանիա) և Բոգունիցի (Սլովակիա) ատոմակայաններում: Գերմանիան ВВЭР-440/230-ները  շահագործումից հանեց 1990 թվականին, Բուլղարիան 2006 թվականին, իսկ Սլովակիան՝ 2008: Ռուսաստանում Նովովորոնեժի ատոմակայանի ВВЭР-440/230 երկու էներգաբլոկներից մեկը փակվել է 2016-ին, մյուսը` 2017-ի դեկտեմբերի 12-ին, իսկ Կոլսկի ատոմակայանի այդ մոդելի երկու էներգաբլոկները փակվելու են 2018 և 2019 թվականներին:

Այսինքն, 2019 թվականին հայկական ԱԷԿ-ը հավանաբար կդառնա միակ ատոմակայանը, ուր դեռևս կգործի ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկ:

Ատոմակայանը ԵՄ-Հայաստան համաձայնագրում

Նախորդ տարեվերջին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի տեքստը բուռն քննարկման առիթ դարձավ նաև հենց ատոմակայանը փակելու հեռանկարի պատճառով: Համաձայնագրի ատոմակայանի փակման մասին դրույթում միաժամանակ նշվում է, որ պետք է հաստատել ճանապարհային քարտեզ կամ գործողությունների պլան, որով նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորություններով: Ընդ որում, համաձայնագրով որևէ կերպ չի բացառվում, որ Հայաստանը կարող է նոր ատոմակայան կառուցել: Հակառակը՝ համաձայնագրով եվրոպական կողմը պարտավորություն է ստանձնում աջակցելու Հայաստանում միջուկային անվտանգությանը: Այսինքն, նոր ատոմակայանի կառուցման դեպքում դրա անվտանգության հետ կապված հարցերում Հայաստանը վայելելու է ԵՄ աջակցությունը:

Ավելին, Հայաստանի ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին խոսվել է դեռևս 2008 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այդ ժամանակ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Ագզային ժողովի ամբիոնից հայտարարեց նոր ատոմակայանի կառուցման մեկնարկի մասին։

Արդեն 2011 թվականին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո կառավարությունը հայտարարեց՝ Մեծամորի ԱԷԿ-ը կշահագործվի մինչև 2016 թվականը։ Սերժ Սարգսյանի խոստումից անցել է ավելի քան 9 տարի, սակայն Հայաստանը այդպես էլ չունեցավ նոր ատոմակայան, իսկ 1980 թվականից գործող, ռուսական կառավարմանը հանձնված Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործումը որոշվեց երկարաձգել մինչև 2026 թվականը։

Վերը շարադրվածը փաստում է, որ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը ապատեղեկատվություն են տարածում, քանի որ ատոմակայանի փակման մասին ամենաբարձ մակարդակով ՀՀ պաշտոնատար անձինք են խոսել: Բացի այդ ԵՄ-Հայաստան համաձայնագրով նոր ատոմակայան կառուցելու արգելք գոյություն չունի, իսկ գործող ատոմակայանը, մեղմ ասած, չի կարող հավերժ աշխատել:






Կարդացեք նաև։

Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին

Ռուսաստանի առաջին ալիքի «Время покажет» հաղորդման ուրբաթօրյա թողարկումը նվիրված էր ԵՄ ԱլԳ գագաթաժողովին ու Հայաստանին։ Առիթը ԵՄ-ի հետ ստորագրված  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր։ Հաղորդման ընթացքում, բացի քարոզչությունից, այլախոհներին…


Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից (անիմացիոն տեսանյութ)

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ։ Համաձայնագրի 386 կետերից ուշադրության կենտրոնում հայտնվեց թերևս մեկը՝  Մեծամորի ատոմակայանին վերաբերողը։ Բարձրագոչ հայտարարություններվ…


ԱԻՆ-ը ստում է ծխի արգասիքների ու վտանգի մասին

Ինչպես հայտնի է, երեկվանից անդադար այրվում են «Նաիրիտ» քիմիական գործարանի Էթինոլ-լակ («Этиноль-лак»)  անվանմամբ նյութի պահեստները (մոտ 200 խմ ծավալով): Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ նյութն ամենայն հավանականությամբ ինքնաբռնկվել է…


Սերժ Սարգսյանի Top 10 ստերը

Արդեն ավելի քան 9 տարի է, ինչ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է: Նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ 280 օր և այսօր նրա վերջին ծննդյան օրն է Հայաստանի ղեկավարի պաշտոնում: Մենք…