ՌԴ Ռազմական Ոստիկանությունը Գյումրիում է՝ ի հեճուկս ՀՀ ՊՆ-ի ու պայմանագրերի

30.03.2018 | 18:39

Ռուսասական հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը վերջերս հաղորդագրություն տարածեց, որտեղ հայտնում է․ «Ճանապարհային երթևեկության անվտանգության, զինվորական օբյեկտների պահպանման, ինչպես նաև զինվորական կարգապահությունը ապահովվելու նպատակով Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում ստեղծվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում»։

Մինչ ռուսական կողմը ստորաբաժանումները ստեղծելու մասին խոսում է, որպես կայացած փաստ նշենք, որ այս գործընթացը ապօրինի է և ամրագրված չէ որևէ միջպետական պայմանագրով (ավելի մանրամասն կարող եք կարդալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածում):

Սակայն առավել զավեշտալին այն է, որ քանի դեռ հայկական կողմը պնդում է, որ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանությունը կտեղակայվի միայն միջպետական համաձայնագրերը ստորագրելուց (փոփոխելուց) հետո, ռուսական կողմը արդեն տեղկայել է ստորաբաժանումները Գյումրիում:

Հայկական արձագանքը և իրականությունը

Հաղորդագրությանը արձագանքել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ ասելով, որ ռուսական ռազմական ոստիկանություն Հայաստանում տեղակայելու շուրջ դեռ որևէ փաստաթուղթ չկա։ Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ ռուսական ՌՈ ստորաբաժանումների տեղակայումը Գյումրիում և Երևանում նաև հայկական կողմի առաջարկությունն է։ «Նաև հայկական կողմի միջնորդությամբ է  ռուսական կողմը գնում այդ քայլին, բայց այս պահին հայկական կողմի հետ ընթանում են բանակցություններ․․․ Մինչև համապատասխան պայմանագիր չլինի ռազմաբազայի կազմի փոփոխություն տեղի չի ունենա», – նշել է մամուլի խոսնակը:

Այս հայտարարությանը հաջորդեց նախկին ոստիկանապետ, Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը։ Ըստ պատգամավորի ունեցած տեղեկության՝ ռուսական ՌՈ ստորաբաժանումները Գյումրիում են դեռևս մարտի 15-ից և արդեն սկսել են ծառայություն իրականացնել։

«Գիտեմ, որ ամսի 15-ից արդեն էդ ծառայությունը բերել են, արդեն մշակվում է, որքանով են իրականացնում, ես չեմ կարող ամփոփ տեղեկատվություն տալ։ Դա իրենց ռազմաբազայի տարածքում է իրականացվում։ Նրանք դրսում և՛ Երևանում, և՛ Գյումրիում երբևիցե չեն հայտնվել մարդկանց ի տես, մարդիկ չեն տեսել նրանց։ Չի բացառվում՝ ևս 6 ամիս ծառայություն իրականացնեն, և մենք էդ մասին չիմանանք», – մասնավորապես ասել է Սարգսյանը։

Մինչ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ Հայաստանում ռուսական ՌՈ ստորաբաժանումներ այս պահին չկան, իսկ Ալիկ Սարգսյանը՝ որ կան, սակայն ռազմաբազայի տարածքից դուրս իրենց հնարավոր չէ տեսնել, նկատենք, որ «Հայկական ժամանակը» արդեն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են ռուսաստանյան ռազմական ոստիկաններ, ովքեր ազատ շրջում են Գյումրու փողոցներով։

«Կարգապահական խնդիրներ»

ՌԴ ԶՈւ ոստիկանական ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանում մեծամասամբ պայմանավորված է կարգապահական խնդիրներով։ 2015 թվականին 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հրազենով լքել էր ռազմաբազայի տարածքը այնուհետև սպանել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների, հայտնաբերվել և ձերբակալվել է հենց ՌԴ զինծառայողների կողմից, ինչը ևս  միջպետական պայմանագրի խախտում է։ Վերջիններս հրազենի կիրառմամբ իրականացրել էին որոնողական աշխատանքներ (ինչի իրավունքը չունեին) այնուհետև, կրկին պայմանագրի խախտմամբ, ձերբակալել Պերմյակովին ու չեն հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին։

Ընդ որում, այն ժամանակ Պերմյակովի փախուստի մասին Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվել էր միայն 7 ժամ անց՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո՝ ի հեճուկս միջպետական պայմանագրի, ըստ որի ՀՀ ոստիկանությունը պետք է տեղեկացվեր անհապաղ: 2015 թվականի դեպքերի ժամանակ ռուսական կողմից միջպետական պայմանագրերի խախտումների մասին կարող եք կարդալ այստեղ:






Կարդացեք նաև։

«Տուշոնկաները» ՊՆ-ին կրկնակի թանկ չեն մատակարարվել

Օրերս հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը բանակին մատակարարվող մսի պահածոների վերաբերյալ ուշագրավ թվեր է ներկայացրել։ «Ո՞ւմ արտադրած զինվորի բաժին պահածոն էր հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. ՊՆ-ի խոշոր մատակարարը» վերնագրով նյութում ներկայացված…


«Չեմ տեսել, որ զինվորի հաց գողացողները կրակի մեջ չընկնեն» (տեսանյութ)

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած տեսանյութի վերաբերյալ հասարակական քննարկումները չեն դադարում: Ապրիլյան պատերազմի ժամանակ զինծառայողներին ուղարկված սնունդն ու պարագաները Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեսնելուց հետո որոշեցինք վերհիշել,…


Ինչպես են գործել կոռուպցիոն սխեմաները Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման տարիներին

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցների հատման մասում արդեն կառուցվել է հերթական բազմահարկ բնակելի շենքը: Խորհրդային միության տարիներին տվյալ տարածքում կառուցվել էր կարի ֆաբրիկա, որը հետագայում դարձավ ՀՀ ոստիկանության…


Մարտի 1-ի մասին Գևորգ Կոստանյանի խոսքը հակասում է փաստերին

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի խորհրդարանական լսումներ: Լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ…