Ժողովրդավարությունն` ըստ Էդուարդ Շարմազանովի և իրականում

30.03.2018 | 17:23

Մարտի 29-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարությունը առ այն, որ եթե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ժամանակ կարիք լինի, նույնիսկ կփակեն պատգամավորների մուտքը խորհրդարան, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել։ Իր մեկնաբանությունում Շարմազանովը նշել էր, որ որևէ մեկն իրավունք չունի զրկել իրեն իր քվեարկելու սահմանադրական իրավունքից, իսկ բոլոր հակասահմանադրական ու հակաօրինական գործողություններն ընդունելի չեն։ Նա նաև հայտարարել էր․ «Ժողովրդավարության հիմնական չափորոշիչը դա օրինականությունն է»։

Ոչ թե օրինականություն, այլ օրենքի գերակայություն

Այդուհանդերձ, իրականում ժողովրդավարության ոչ թե հիմնական չափորոշիչը, այլ հիմնական չափորոշիչներից մեկը դա օրինականությունը չէ, այլ օրենքի գերակայությունը։ Ըստ օրենքի գերակայության սկզբունքի՝ ոչ ոք չի կարող բարձր լինել օրենքից, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Այդուհանդերձ, Հայաստանում օրենքի գերակայության սկզբունքը սելեկտիվ կերպով է իրականացվում։ Ինչպես նշում է միջազգային «Freedom house» իրավապաշտպան կազմակերպությունը, Հայաստանում դատական իշխանությունը կոռումպացված է և գտնվում է քաղաքական ճնշման տակ, իսկ իշխանություններն ընտրովի կերպով են կիրառում օրենքը: Այլ կերպ ասած, ՀՀ իրավապահ մարմինները՝ գործադիր իշխանության վերահսկողության տակ, կամայականորեն են որոշում, թե նույն հանցանքը գործած սովորական քաղաքացին կամ, օրինակ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամը ինչպես են պատժվում։

Օրինական հակաժողովրդավարություն

Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հենց օրենքն է եղել հակաժողովրդավարական: Օրինակ, 19-րդ դարում ԱՄՆ-ում օրինական էր ստրկատիրությունը, իսկ Օսմանյան Թուրքիայում հայերի իրավունքների սահմանափակումները ևս օրինական էին։ Ստալինյան բռնապետության տարիներին հայ մտավորականության մասսայական ոչնչացումն ու աքսորը ևս օրինականության վրա էր հիմնված՝ ամեն ինչ արվում էր օրենքով։ Հյուսիսային Կորեայում էլ այժմ օրենքով ամրագրված է, որ իշխանությունների սահմանածից այլ սանրվածք ունեցողները պետք է աքսորվեն ուղղիչ աշխատանքային ճամբարներ:

Հետևաբար, օրինականությունը միշտ չէ, որ ժողովրդավարություն է։ Այլ կերպ ասած՝ Էդուարդ Շարմազանովը, աղավաղելով հասկացությունները փորձում է օրինականությունը ներկայացնել որպես ժողովրդավարության հիմնական ցուցանիշ՝ քաղաքական նպատակներով։






Կարդացեք նաև։

Սարգսյանի ինքնաբացառման սուտը՝ ՀՀԿ-ականների կատարմամբ (տեսանյութ)

Շուրջ 4 տարի առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը երաշխիքներ տվեց հանձնաժողովականներին, որ վերջիններս Սահմանադրության նոր նախագիծը գրելիս անկախ գործեն: Որպես գլխավոր երաշխիք՝ Սարգսյանը վստահեցրեց,…


Ռուսական ընտրություններն ըստ Շարմազանովի և իրականում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, դիտարկել է նախօրեին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները և արել իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ: Ռուսական ՌԻԱ գործակալությանը տված…


«Խորհրդարանական» կոչվող վարչապետական կառավարումը

Մոտենում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտը։ Ուժի մեջ են մտնում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության՝ երկրի կառավարման համակարգը փոփոխող դրույթները։ Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցնում…


«Արարատը» շփոթեցնող տեսանյութ է հեռարձակել աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ

«Արարատ» հեռուստաընկերությունը հունվարի 24-ին տեսանյութ է հրապարակել աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Հեռուստաընկերությունը, հիմնվելով Freedom House միջազգային կազմակերպության այս ամիս հրապարակած «Ազատությունն աշխարհում 2018» թվականի զեկույցի վրա, ներկայացրել է դրա…