Երևանի ավագանու նիստն ու ԱԺ նիստը չեն կարող լուսաբանվել նույն կերպ

27.03.2018 | 12:41

Մարտի 23-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևան քաղաքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Այն խորհրդարանին ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ ներկայացնելուց ժամեր անց օրենքի նախագիծն ընդունվեց: Այսուհետ լրագրողները չեն կարող մուտք գործել Երևանի ավագանու նիստերի դահլիճ: Այնինչ, որպես նախագծի հիմնավորում բերվում էին բավականին վիճահարույց փաստեր:

Այսպիսով, ըստ օրենքի նախագծի՝ լրագրողները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են քաղաքապետարանում առանձնացված հատուկ տեղում, որը ապահովված է ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակմամբ դիտելու և ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ, իսկ ավագանու նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ:

Մինչդեռ Դավիթ Հարությունյանը և ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը որևէ վտանգավոր բան չտեսան նախագծում, ընդհակառակը՝ զուգահեռներ տարան ԱԺ-ի հետ և պնդեցին, որ որևէ սահմանափակում չկա:

« ․․․ լրագրողներն այստեղ հնարավորություն ունեն ձայնագրել նիստի ընթացքը, դա շատ ավելի լայն հնարավորություն է տալիս իրենց պարտականությունները կատարել, մենք իրենց չենք խանգարում, իրենք՝ մեզ։ Ամենևին նկատի չունեմ, որ իրենց աշխատանքը խոչընդոտում է օրինաստեղծ աշխատանքը, կից սրահում ուղիղ հեռարձակում է կատարվում, իրենց շատ ավելի լայն հնարավորություն է տրվում պատշաճ կատարել իրենց աշխատանքը»,- ԱԺ-ում հայտարարեց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այն, ինչ առաջարկվում է փաթեթով ամբողջությամբ ԱԺ-ի մոդելն է, որևէ միլիմետր նահանջ չկա ԱԺ-ից։

Գևորգ Կոստանյանն էլ ավագանու ինստիտուտը հավասարեցրեց խորհրդարանին: «Երևանի ավագանին էլ Երևան քաղաքի օրենսդիր մարմինն է, Երևան քաղաքի խորհրդարանը, նույն  մոդելն էլ առաջարկում ենք Երևանի խորհրդարանում», – ասաց նա։

Երևանի ավագանու և ԱԺ նիստերի դահլիճներ համեմատություն

Երևանի ավագանու և Ազգային Ժողովի նիստերի դահլիճները իրենց կառուցվածքով և տեխնիկական հագեցվածությամբ միանգամայն տարբեր են: ԱԺ-ի նիստերի դահլիճի առաստաղի մոտ լրագրողների համար երկու աշխատասենյակ կա՝ դրանք օթյակներն են, որտեղից լրագրողները կարող են տեսնել ներկա պատգամավորներին, նրանց գրանցվելու և քվեարկելու գործընթացը: ԱԺ-ի նիստի ուղիղ հեռարձակման խափանման դեպքում օթյակում տեղադրված սարքավորումներով միշտ լսվում է նիստի ժամանակ հնչող խոսքը, նիստերի դահլիճում տեղի ունեցող ամեն ինչ լրագրողների աչքի առջև է:

Դրանից զատ ԱԺ աշխատակազմում կա մի ամբողջ ստորաբաժանում, որը նիստից հետո տեղադրում է պատգամավորների քվեարկությունների արձանագրությունը, որտեղ անուն առ անուն նշված է, թե որ պատգամավորն ինչպես է քվարկել կամ բացակայել է թե ոչ: Բացի այդ նիստի ամբողջ ընթացքը սղագրվում և հրապարկվում է ԱԺ-ի կայքում: ԱԺ-ի դահլիճում տեղադրված էկրանների օգնությամբ էլ քվեարկության պահին ուշադիր լինելու դեպքում հնարավոր է միանգամից արձանագրել, թե որ պատգամավորը ինչպես քվեարկեց նախագծերին:

Երևանի ավագանու նիստերի դահլիճ չմտնելով՝ լրագրողները երբեք չեն կարող ճշգրիտ ֆիքսել ավագանու անդամների ներկայությունը և քվեարկությունը: Հիշեցնենք, որ Երևանի 2017 թվականի գումարման ավագանու առաջին նիստից մինչ օրս խափանված է քվեարկության էլեկտրոնային համակարգը:

Արդյունքում լրագրողները ամբողջությամբ կզրկվեն օրենքի որոշ պահանջների պահպանման վերահսկումից: Այսպես, օրինակ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրվում է. «ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների մասնավոր շահերին»: Ակնհայտ է, որ միայն ուղիղ հեռարձակում ապահովելով, հնարավոր չէ վերահսկել ավագանու անդամի այս պարտականությունների կատարումը:

ՏԻՄ և ԱԺ տարբերություն

Բացի դա ԱԺ-ի և տեղական ինքնակառավարման մարմնի՝ այս դեպքում Երևանի ավագանու, լիազորություններն ու իրավասությունը բոլորովին տարբեր են: ՀՀ Սահմանադրության 179-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»: Այսինքն, ավագանու նիստում լուծվում են համայնքի բնակիչներին հուզող հարցերը:

Սահամանդրության 4-րդ գլխի 88-րդ հոդվածն  էլ սահմանում է, որ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ և այլն։ Այսինքն խորհրդարանը օրենք է գրում, հաստատում պետական բյուջեն, վերահսկում է կառավարությանը և չի առնչվում համայնքի բնակիչների ուղիղ շահերի հետ:

Նույնիսկ նույն Դավիթ Հարությունյանը հեռավոր 2008 թվականին հատուկ ընդգծել էր ՏԻՄ-ի և ԱԺ-ի տարբերությունը: 2008 թվականի դեկտեմբերի 10-ին ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ, երբ քննարկվում էր Երևանի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Դավիթ Հարությունյանը հետևյալ կերպ է խոսել ԱԺ-ի և ավագանու տարբերության մասին. «տեղին չէ զուգահեռներ անցկացնել Ազգային ժողովի և քաղաքապետարանի աշխատանքների միջև, քանի որ տեղական ինքնակառավարումը պետություն չէ և նրա վրա չի տարածվում պետության մոդելը»:






Կարդացեք նաև։

Բարձրագույն կրթության օրենքի գաղտագողի լսումներ ԱԺ-ում

Փետրվարի 21-ին Ազգային ժողովում հանրային լսումներ էին անցկացվում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը, կարելի է ասել, իրականացվել է գաղտնիության ռեժիմում: Մինչ բուն նախագծին և վիճահարույց դրույթներին անդրադառնալը,…


«Խորհրդարանական» կոչվող վարչապետական կառավարումը

Մոտենում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտը։ Ուժի մեջ են մտնում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության՝ երկրի կառավարման համակարգը փոփոխող դրույթները։ Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցնում…


ԱԺ-ում քննարկվող օրենքով գաղտնի նկարահանում նախատեսված չէ

Հունվարի 17-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց «Ոստիկանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Գործող օրենքում առաջարկվող փոփոխություններին բացասական են արձագանքել մի շարք պատգամավորներ, այդ թվում…


Վահրամ Բաղդասարյանը մոռացել է թոշակների բարձրացման խոստման մասին

Այսօր Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեկնաբանելով 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն, այն անվանել է իրատեսական։ «Մենք ժողովրդին հայտարարել էինք, որ ընտրություններից առաջ և ընտրություններից հետո աշխատավարձեր…