Կառավարությունը հաստատել է գոյություն չունեցող ներդրումային ծրագիր

23.03.2018 | 19:13

Մարտի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը և հողամաս օտարելու մասին հարցը: Սակայն, ինչպես պարզվեց, հավանության արժանացած ներդրումային ծրագիրը փաստացի գոյություն չունի, իսկ հողամաս ստացող կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

Երևանի քաղաքապետարան էր դիմել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը և ցանկացել էր Մոնթե Մելքոնյան և Լենինգրադյան փողոցների հատման մասում շուրջ 6.57 հեկտար հողակտոր գնել՝ կադաստրային արժեքով, տվյալ հողակտորի վրա բազմաբնակարան շենքեր և մանկապարտեզ կառուցելու նպատակով։ Այդ բնակարանները մատչելի պայմաններով պետք է տրամադրվեն երիտասարդ համալսարանականներին:

Որոշման հիմնավորման մեջ նկարագրված է, որ ավանը կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ և այլն։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի 52 մլրդ ՀՀ դրամ, և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագիրը կմեկնարկի 2018թ. ապրիլի 1-ին և կավարտվի 2021թ. հուլիսի 1-ին։ Սակայն շուրջ 108 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպության հայտը բավարարվում է վերը նշված կցկտուր տեղեկություններով:

Տեղեկատվության սղությունը մտահոգել է նույնիսկ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, ով կառավարության այդ որոշմանը կից փաստաթղթերից մեկում իր վերաբերմունքն է արտահայտում: Դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին՝ Սուրեն Կարայանը գրում է. «…Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ նախագծով ներկայացված չէ ՀԿ-ի կողմից նախատեսվող ներդրումային ծրագիրը՝ համապատասխան հաշվարկ-հիմնավորումներով և հիմնական ծախսային հոդվածների բացվածքով, ինչպես նաև ծրագրի ֆինանսավորման աղբյուրը: Ուստի առաջարկում ենք հաշվի առնել վերոնշյալ նկատառումները»: Այս միտքը շարադրելուց առաջ Սուրեն Կարայանը, հավանաբար, չցանկանալով հակառակվել քաղաքապետի ներկայացրած նախագծին՝ գրում է, որ առարկություններ չունի:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքում զետեղված փաստաթղթերից մեկը հայերեն լեզվով հստակ ներկայացնում է, թե ինչպես պետք է կազմված լինեն ներդրումային ծրագրերը: Ներդրումային ծրագրում պետք է նշվի՝  ծրագրի արժեքը, պահանջվող ներդրումները, սեփական ներդրումները, նախագծի հետգնման ժամկետը, ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը, ներդրողին արված առաջարկները, ինչպես նաև առանձին ֆայլով կցված հիմնական ծախսային հոդվածների բացվածքը և այլն:

Պարզ ասած, ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել առանց ներդրումային ծրագրի առկայության: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքից պարզ է դառնում, թե ինչու է այս գոյություն չունեցող ծրագիրը արժանանում կառավարության հավանությանը։ Այդ կայքի առաջին էջում տեսնում ենք Սերժ Սարգսյանի նկարները, իսկ ՀԿ-ի մասին բաժնում պարզվում է, որ կազամակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:






Կարդացեք նաև։

«Լավագույն կրթություն» խոստացող Կարեն Կարապետյանը կրճատում է կրթության ֆինանսավորումը

Հուլիսի 29-ին Վայոց Ձորի մարզում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին մարզի կրթության ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ «օպտիմալացման արդյունքում» կրթության ոլորտում տնտեսվել է 56 մլն դրամ, ինչին ի…


Սերժ Սարգսյանի Top 10 ստերը

Արդեն ավելի քան 9 տարի է, ինչ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է: Նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ 280 օր և այսօր նրա վերջին ծննդյան օրն է Հայաստանի ղեկավարի պաշտոնում: Մենք…


Մամուլին շփոթեցրել է ռազմական ու արտակարգ դրության մասին օրենքի նախագիծը

Այսօր մամուլը ի թիվս կառավարության այլ որոշումների անդրադարձավ նաև ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի մասին և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ…


Հայաստանում ներդրումները ոչ թե չեն ավելանում, այլ նվազում են

Այս տարվա հունվարի 25-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի ժամանակ մեծ շուքով հայտարարվեց հայ-ռուսական ներդրումային ակումբի ստեղծման մասին: Հայկական ժամանակը ուսումնասիրել է հայտարարությունից հետո ներդրումային ծրագրերի ընթացքը։ Ըստ այդ…