Նախիջևանից 20.000 հեկտար «վերցնելու» մասին ՀՀԿ-ականի մանիպուլյացիան

22.03.2018 | 19:50

Հանրապետական կուսակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում աղմկահարույց հայտարարություն է արել։ Պատասխանելով լրագրողի այն պնդմանը, որ հենց Սերժ Սարգսյանի գերագույն հրամանատարության ժամանակ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որտեղ հայկական կողմը 100-ից ավելի զոհ և տարածքային կորուստներ ունեցավ, Հակոբյանը ասել է․ «Ոչ, մենք չունեցանք տարածքային կորուստներ, մենք այդ 800 հեկտարի նկատմամբ վերահսկողության խնդիր ունենք։ Ու եթե հիմա մենք սկսենք հեկտարներով հաշվել, ապա Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 20 հազար հեկտարի չափ հողային ձեռքբերում ունենք Նախիջևանի հատվածում»։

20 հազար հեկտար հողային ձեռքբերման մասին հայտարարությունը մեծամասամբ զարմանք առաջացրեց լրատվամիջոցների և հասարակության շրջանում։ Չուշացավ նաև Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունը․ «ժամանակին մենք պաշտոնական այդպիսի անդրադարձ ունեցել ենք: Այսքանը կարող եմ ասել»։

Ամենայն հավանականությամբ, խոսքը 2014 թվականի հունիսին տեղի ունեցած գործողությունների մասին է։ Այն ժամանակ հայկական զորքերը Նախիջևանի սահմանի մի շարք բարձունքներին հենակետեր տեղադրեցին, որտեղ մինչ այդ մշտական դիտարկում չէր իրականացվում։ Այս տեղեկությունը հաստատել էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով ասել էր․ «Նախիջևանում առանձին համազորային բանակի ստեղծումից հետո հայերը սեփական տարածքում հիմնել են մեկ-երկու դիրք»։

Նախիջևանի ուղղությամբ հայկական դիրքերի բարելավման մասին որոշ տեղեկություններ, ինչպես նաև տեղում արված լուսանկարներ, հասանելի են Razm.info կայքի հրապարակումից։ Սակայն այդ կայքը նաև պարզաբանում էր, որ այս տարածքները այսպես թե այնպես ՀՀ տարածքներն էին, որոնց վրա, հայկական մշտական հենակետեր չկային։

Համեմատության համար միայն նշենք, որ 20.000 հեկտրը դա 200 քառակուսի կիլոմետր է, որը կազմում է Վայոց ձորի մարզի մոտ 10 տոկոսը: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի և Նախիջևանի սահմանի երկարությունը մոտ 240-250 կմ է, ապա այդ սահմանում 200 քառակուսի կիլոմետր «առաջ գնալու» համար անհրաժեշտ կլիներ դրա ամբողջ երկայնքով դիրքերն առաջ տալ մոտ 830 մետրով, ինչն առանց լայնամաշտաբ պատերազմի պարզապես անհնար է:

Այսպիսով, կարող ենք արձանագրել՝ Հայաստանը հենակետեր է տեղադրել սեփական տարածքի այն հատվածներում, որոնք մինչ այդ չէին վերահսկում։ Այս գործողությունները «հողային ձեռքբերում» կոչելը մանիպուլյատիվ է և չի համապատասխանում իրականությանը։






Կարդացեք նաև։

Թուրքիայի վարչապետը ստում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային դիրքորոշման մասին

Մարտի 15-ից 17-ը Բաքվում ընթացող 6-րդ համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Ադրբեջանում է գտնվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով հասցրել է ղարաբաղյան հակամարտության մասին ապատեղեկատվություններ տարածել։ Այցի շրջանակներում Յըլդըրըմը հարցազրույցներ է…


Հետաքրքիր ստեր, որ բացահայտեցինք 2017-ին

Ամփոփոլեով 2017 թվականը  Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին: Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական…


Ադրբեջանում ստում են Բաքվում բնակվող 20 հազար հայերի մասին

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի մարդկանց աշխարհագրության բաժնի ղեկավար Զաքիր Էմինովը նոյեմբերի 22-ին ակադեմիայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ որոշ ուշագրավ տվյալներ էր ներկայացրել Ադրբեջանի բնակչության վերաբերյալ: Մասնավորապես, Էմինովը պնդել…


Regnum-ի վերլուծությունն աղավաղում է Նալբանդյանի խոսքը

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Ն․Գ․ պարոն Էդվարդ Նալբանդյանի «Հայաստան-Սփյուռք» համաժողովին Ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող հայտարարությանը, հրապարակել է «Լեռնային Ղարաբաղի տարածքների Ադրբեջանին փոխանցելու ռազմական հետևանքները» վերնագրով վերլուծություն, որի…