Պուտինի խոստումները և իրականությունը ՌԴ տնտեսության հզորացման մասին

22.03.2018 | 13:19

Ինչպես հայտնի է, կիրակի Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում չորրորդ անգամ հաղթեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավաքեց ռեկորդային՝ մոտ 76% քվե։ 18 տարի իշխանության ղեկին լինելով՝  Պուտինը բազմիցս տնտեսական խոստումներ է տվել սեփական քաղաքացիներին: Դրանցից մեկը Ռուսաստանը տնտեսության հզորությամբ 5-րդ երկիրը դարձնելու խոստումն է։

2007 թվականին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ 10 տարի անց՝ 2017 թվականին, Ռուսաստանը կհայտնվի տնտեսապես զարգացած երկրների թոփ հնգյակում։ Արդեն 4 տարի անց՝ 2011 թվականին, լինելով վարչապետ՝ Պուտինը կրկին հայտարարեց, որ 10 տարուց՝ 2021-ին, Ռուսաստանը կհայտնվի խոշորագույն 5 տնտեսություններ ունեցող երկրների ցանկում։ Դրանից ընդամենը 2 ամիս անց Մոսկվայում Պուտինը կրկին նույն խոստումը տվեց՝ այս անգամ նշելով 5 տարվա ժամկետ։ 2012 թվականին ելույթ ունենալով Պետական դումայի առջև՝ Պուտինը հայտարարեց ռուսական տնտեսությունը թոփ հնգյակին հասցնելու մտադրության մասին և նշեց 2-3 տարվա ժամկետը։ Այս խոստումը Պուտինը տվեց նաև  2018 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։ Ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 16-ին, Պուտինը կառավարությանը և կենտրոնական բանկին հանձնարարեց մինչև 2024 թվականը Ռուսաստանը դարձնել տնտեսապես զարգացած 5-րդ երկիրը աշխարհում։

2017 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակեց աշխարհի խոշորագույն 10 տնտեսություններ ունեցող երկրների ցանկը։ Այն գլխավորում է ԱՄՆ-ն։ 2016 թվականին այս երկրի ՀՆԱ-ն կազմել է 18 տրիլիոն դոլար, որը համաշխարհային տնտեսության 24.3%-ն է։ Ցուցակի երկրորդ տեղում Չինաստանն է՝ 11 տրիլիոն դոլար։ Երրորդ տեղում Ճապոնիան է՝ 4.4 տրիլիոն դոլար։ Գերմանիան, Միացյալ թագավորությունները և Ֆրանսիան հաջորդաբար զբաղեցրել են 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը։ Նշենք, որ Ռուսաստանը այս ցանկում չկա։


Հավելենք, որ 2016 թվականին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հրապարակեց երկրի առաջիկա 20 տարվա տնտեսական հեռանկարները։ Ըստ կանխատեսման՝ առաջիկա 20 տարիների ընթացքում Ռուսաստանի տնտեսական աճը կազմելու է միջինում տարեկան 2 տոկոս, ինչը 1․5 անգամ ցածր է լինելու համաշխարհային միջին ցուցանիշներից։ Բացի այս նշված են բնակչության իրական եկամուտները։ Դրանք տարեկան աճելու են միջինում 1․4%-ով։ Այս տեմպերով Ռուսաստանը 2021 թվականին կկարողանա վերադառնալ 2013 թվականի ցուցանիշին։






Կարդացեք նաև։

Հայաստանյան TV-ները միակողմանի են լուսաբանել ՌԴ ընտրությունները

Մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահի ընտրություններում վերընտրվեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով քվեների մոտ 76 տոկոսը։          Պատմելով Վլադիմիր Պուտինի ընտրություններում գրանցած հաղթանակի մասին՝ հայաստանյան հեռուստաընկերությունները միակողմանի են լուսաբանել այդ…


Ռուսական ընտրություններն ըստ Շարմազանովի և իրականում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, դիտարկել է նախօրեին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները և արել իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ: Ռուսական ՌԻԱ գործակալությանը տված…


Պուտինի հրթիռները 2007թ.-ին էլ էին «նորագույն զենք»

Կրեմլյան ապատեղեկատվության դեմ պայքարող EU vs Disinformation-ը անդրադարձ է կատարել ռուսական մեդիայում նախագահ Պուտինի` մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում կատարած հայտարարությունների լուսաբանմանը։ Համաձայն կայքի, ռուսական փաստերի ստուգմամբ…


Նժդեհի արձանի դեմ ստորագրահավաքը լի է ստերով

Ռուսական որոշ շրջանակներում տեղ գտած աղմուկը (կամ, անգամ հիստերիան)՝ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհի) անձի ու գործունեության նկատմամբ, չի դադարում: Այդ երկրում անգամ ստորագրահավաք են սկսել, որպեսզի պահանջեն հայկական իշխանություններից՝ հանել Նժդեհի…