Հայաստանյան TV-ները միակողմանի են լուսաբանել ՌԴ ընտրությունները

20.03.2018 | 17:08

Մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահի ընտրություններում վերընտրվեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով քվեների մոտ 76 տոկոսը։          Պատմելով Վլադիմիր Պուտինի ընտրություններում գրանցած հաղթանակի մասին՝ հայաստանյան հեռուստաընկերությունները միակողմանի են լուսաբանել այդ ընտրությունները՝ լռելով դրանցում արձանագրված խախտումների մասին։

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության հրապարակած նախնական զեկույցն արձանագրեց, որ այդ ընտրությունները թեև անց են կացվել կազմակերպված, սակայն «չի եղել իրական մրցակցություն»։ Զեկույցն արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում մրցակցության վրա ազդեցություն է թողել նաև թեկնածուների գրանցման սահմանափակման հանգամանքը (ընտրություններին չի թույլատրվել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին)։ Զեկույցը հիշատակվում է նաև, որ Ռուսաստնում ընտրողները ԶԼՄ-ների միջոցով չեն ստացել քննադատական գնահատականներ գործող նախագահի տեսակետների վերաբերյալ։

Ավելին, համացանցում առկա տեսանյութերի և ՌԴ ԿԸՀ ուղարկված հայտարարությունների համաձայն՝ խախտումներն ու կեղծիքները քիչ չեն եղել։ Ընտրությունների ընթացքում ամենից շատ արձանագրվող խախտումը, «Գոլոս» շարժման համանախագահներից մեկի խոսքով եղել է ընտրություններին մասնակցելու հարկադրանքը։

Բացի այդ համացանցում առկա են Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղակայված ընտրատեղամասերում արձանագրված լցոնումների տեսագրություններ, որոնք արձանգրվել են տեղամասերում տեղադրված տեսախցիկների կողմից։

Սակայն Պուտինի հաղթանակի հետնաբեմի մասին հայկական հեռուստաընկերությունները լռել են՝ նախընտրելով պատմել նրա ռեկորդի, ինչպես նաև վերջինիս հանդեպ հասարակության «անկասկած դրական» վերաբերմունքի մասին։

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականն, օրինակ, ցուցադրել է տեսանյութ, որտեղ մի ռուս անցորդ, մեկնաբանելով Պուտինին քվե տալու իր շարժառիթը, պատմում է, որ միայն Պուտինը կարող էր դուրս գալ բոլոր կողմից սպառնալիքների առկայության նման պայմաններից։ Քաղաքական ռեկորդային աջակցության մասին է պատմել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը՝ ևս անտեսելով ընտրախախտումների արձանագրման փաստերը։ «Արարատ», «Արմենիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները իրենց լրատվական հաղորդումներում, կրկին չպատմելով ընտրախախտումների մասին, լռել են նաև դրանցում տեղ գտած բազում խախտումներ ի և դրանց վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը հայտարարել է, որ, «չի ճանաչում ՌԴ-ի կողմից Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական բռնակցումը, հետևաբար չի ճանաչում Ղրիմի թերակղզում ընտրությունների անցկացումը»։  Ռուսաստանի կողմից 2014 թվականի բռնակցումից հետո թերակղզու բնակչությունն առաջին անգամ էր մասնակցում ՌԴ նախագահի ընտրություններին։

Հայաստանյան միակ  հեռուստաընկերությունը, որը պատմել է ընտրություններում արձանագրված ընտրախախտումների մասին «Շանթն» է։ Հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական հաղորդման հիմնական թողարկմանը ցուցադրվել են ՌԴ նախագահի ընտրությունների ընթացքում արձանագրված կրկնաքվեարկությունների և լցոնումների տեսագրություններ։






Կարդացեք նաև։

Պուտինի խոստումները և իրականությունը ՌԴ տնտեսության հզորացման մասին

Ինչպես հայտնի է, կիրակի Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում չորրորդ անգամ հաղթեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավաքեց ռեկորդային՝ մոտ 76% քվե։ 18 տարի իշխանության ղեկին լինելով՝  Պուտինը բազմիցս տնտեսական…


Ռուսական ընտրություններն ըստ Շարմազանովի և իրականում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, դիտարկել է նախօրեին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները և արել իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ: Ռուսական ՌԻԱ գործակալությանը տված…


Պուտինի հրթիռները 2007թ.-ին էլ էին «նորագույն զենք»

Կրեմլյան ապատեղեկատվության դեմ պայքարող EU vs Disinformation-ը անդրադարձ է կատարել ռուսական մեդիայում նախագահ Պուտինի` մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում կատարած հայտարարությունների լուսաբանմանը։ Համաձայն կայքի, ռուսական փաստերի ստուգմամբ…


Կրեմլյան լրատվամիջոցները փորձում են վարկաբեկել ընդդիմությանը

Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում այսօր տեղի ունեցած վիճաբանության արդյունքում առնվազն 15 մարդ է տուժել, որից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն, երկու աշակերտ վեճի…