Քաղաքապետարանում աղավաղում են օրենքը, իսկ «ներքին կանոնակարգ» գոյություն չունի

05.03.2018 | 18:42

Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել էր լրագրողների գործունեությունը: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պահանջում էր «Ա1+» հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին լքել շենքը և դա հիմնավորում էր «վարչական շենքում ներքին կանոնակարգով: Այնուհետև Գևորգյանը նաև նամակ է հղել երկու լրատվամիջոցներին՝ հայցելով պատասխանատվության կանչել լրագրողներին: Սակայն պարզվել է, որ Գևորգյանի նշած կարգը գոյություն չունի, իսկ լրագրողներին պատասխանատվության կանչելու նամակում Գևորգյանը աղավաղել է օրենքի պահանջը:

Գոյություն չունեցող կարգ

Փետրվարի 19-ին Երևանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության ղեկավարը քաղաքապետարանի շենքով ուղեկցում էր «Ա1+» հեռուստաընկերության  և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին: Փոստանջյանը, մասնավորապես, լրագրողներին հրավիրեց քաղաքապետարանի վարորդների հանգստի սենյակ, որտեղ լրագրողները արձանագրեցին վերջիններիս թղթախաղ խաղալը: Դրանից հետո մոտեցավ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, ով պնդեց, որ լրագրողներն ու Փոստանջյանը խախտել են «ներքին կանոնակարգը», որի հիման վրա պահանջեց լրագրողներից լքել քաղաքապետարանի վարչական շենքը:

Միջադեպից անմիջապես հետո «Իրազեկ քաղաքացիների միավորումը» քաղաքապետարանից պահանջեց տրամադրել վկայակոչած «ներքին կանոնակարգը»: Սակայն պարզվեց, որ նման կանոնակարգ գոյություն չունի: Այդ մասին պատասխան գրությունում նշել է ինքը՝ Արթուր Գևորգյանը, բացատրելով, որ նկատի է ունեցել քաղաքապետարանի շենքի պահպանության և անցագրային ռեժիմի կանոնները:

Պատժել լրագրողների՞ն

Միջադեպից հետո Արթուր Գևորգյանը բավականին հետաքրքիր նամակներ է հղել երկու լրատվամիջոցներին՝ հարցնելով, թե ի՞նչ պատասխանատվության են կանչել խմբագրությունները իբր օրենքը խախտած լրագրողներին:

Քաղաքապետարանի պաշտոնյան, մասնավորապես, նշում է, որ «Ս. թ. փետրվարի 19-ին … Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 փող. հասցեի վարչական շենքի 1-ին հարկում գտնվող վարորդների համար նախատեսված հանգստյան սենյակում կատարվել է տեսաձայնագրում` առանց նշված տարածքում գտնվող անձանց զգուշացնելու, և հետագայում այդ տեսանյութը տարածվել է էլեկտրոնային լրատվամիջոցներով և սոցցանցերում:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, և այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար և դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ (….):

Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ տեղեկացնել, թե ինչ միջոցներ եք ձեռնարկել լրագրող … նկատմամբ` վերը նշված օրենքի պահանջը խախտելու համար:»:

Սակայն օրենքը հստակ ամրագրում է, որ տեսանկարահանումը տարածել չի կարելի, եթե անձը նախազգուշացված չի եղել և ակնկալել է, որ ինքը տեսախցիկի տեսադաշտում չի: Այսինքն, դա ըստ էության վերաբերում է գաղտնի նկարահանմանը (թաքնված տեսախցիկին): Եթե անձը տեսնում է, որ ինքը տեսախցիկի օբյեկտիվի մեջ է, ապա նրան զգուշացնելու կարիք այլևս չկա:

Հավելենք նաև, որ լրագրողների կողմից գաղտնի նկարահանում իրականացնելը որևէ կերպ պատժելի չի (եթե չեն հրապարակվում ընտանեկան կյանքին վերաբերող կամ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ):

Սակայն տվյալ դեպքում գաղտնի նկարահանման մասին խոսք կարող էր գնալ միմիայն այն դեպքում, եթե Երևանի քաղաքապետարանում թղթախաղով զբաղված վարորդները կույր լինեին և չտեսնեին իրենց ուղղված երկու լրատվամիջոցների բավականին մեծ տեսախցիկները:

Ոստիկանության գեներալի անտեղյակությունը

Պատասխանելով՝ Երևանի քաղաքապետարանում ոստիկանների գործողությունների մասին «Իրազեկ քաղաքացիների միավորման» հարցմանը՝ Ոստիկանության Պետական Պահպանության գլխավոր վարչության պետը նշել է, որ «ոստիկանության ծառայողները իրենց գործողությունները իրականացրել են … նկարահանումներ կատարելու թույլտվության իրավասություն ունեցող Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի պահանջով»:

Սակայն Երևանի քաղաքաետարանում գտնվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդտեղ նկարահանումներ իրականացնել: Չկա որևէ իրավակարգավորում, որը կսահմանափակի քաղաքապետարանի վարչական շենքում տեսանկարահանելը, և այդ փաստը գրությամբ հաստատել է նաև քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը:

Եվ առանձին քննարկման առարկա է, թե ինչո՞ւ է ոստիկանության գեներալ-մայորը վստահ, որ Երևանի քաղաքապետարանում որևէ մեկը կարող է թույլատրել կամ արգելել նկարահանում անել, իսկ իր ենթակա ոստիկանները պետք է ի կատար ածեն այդ անձի հրահանգները:






Կարդացեք նաև։

Համացանցում տարածվում են ԲՀԿ-ի մասին կեղծ տեսանյութեր

Հեղափոխությունից հետո համացանցում կեղծ օգտատերերի և լրատվական էջերի կտրուկ աճ արձանագրվեց։ Դրանք մեծամասամբ կրում են լրատվական և/կամ քաղաքական բնույթ։ Վերջիններս որևէ կերպ սահմանափակված չեն ո՛չ ԶԼՄ-ների մասին օրենքով և ո՛չ…


SUT.am-ի հետաքննության արդյունքում չեղարկվել են 103 մլն դրամի անօրինական պայմանագրեր

Ամիսներ առաջ անդրադարձանք Երևանի քաղաքապետարանի կատարած բյուջետային գնումներից մեկին։ Պարզվել էր՝ քաղաքապետարանը, գնման ընթացակարգերը չպահպանելով և խախտելով, միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել։ Այսպես, քաղաքապետարանը մայրաքաղաքի թվով 5 մանկապարտեզների վերանորոգման նպատակով…


«Կենտրոն»-ի մանիպուլյացիան՝ ավագանու ընտրությունների մասին

Ընտրական քարոզարշավի շրջանակներում «Կենտրոն» հեռուսատընկերության ռեպորտաժներից մեկում լրագրողը ներկայացրեց «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հարցումների արդյունքները։ Դրանք վերաբերում էին Երևանի ավագանու ընտրություններին։ Հատկանշանական է, թե ինչպես են մեկնաբանվում հարցման արդյունքները հեռուստաընկերության և…


Պետական ավտոմեքենաները օտարվել են աբսուրդային ցածր գներով

2016 թվականին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց պետական ավտոպարկի օպտիմալացման մասին։ Օտարվեց ավելի քան 1200 ավտոմեքենա։ Դրանց մեծ մասը 1980-1990թթ․ արտադրության, ոչ սարքին վիճակում գտնվող ավտոմեքենաներ էին, որոնք այսպես թե այնպես…