Գոռ Վարդանյանը փրկում է «ահաբեկչի»

05.03.2018 | 12:24

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական, կարատեսիտ Գոռ Վարդանյանը, ծավալուն հարցազրույց է տվել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որում բավականին իրարամերժ և անգամ սյուռ պնդումներ է արել:

Վարդանյանը «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների գործողությունը որակել է «ծրագրավորված ահաբեկչություն»։ Հիշեցնենք՝ «Երկիր ծիրանի» ավագանու անդամները ավագանու նիստերի դահլիճ էին բերել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից՝ հայտարարելով․ «եթե բնակիչները շնչում են այս հոտը՝ դուք էլ պիտի շնչեք»։

«Ես մասնագիտությամբ հակաահաբեկիչ եմ և փորձում եմ ճիշտ մատուցել այն երևույթը, ինչը կատարվել է «Երկիր ծիրանիի» ավագանու անդամների կողմից», – ասել է Գոռ Վարդանյանը՝ հավելելով, որ ընդդիմադիրները փորձել են ներկաների մոտ առաջացնել «հոտառության, տեսողության և զգացողության հուզմունք»։

Իր հարցազրույցում Գոռ Վարդանյանը, ըստ էության, արդարացրել է տեղի ունեցած բոլոր բռնության դեպքերը։ «Երկիր ծիրանի» ավագանու անդամ Մարինա Խաչատրյանին հասցված առաջին ապտակը Վարդանյանը որակել է, որպես «բնազդ՝ մարդկային սինդրոմ»։
«Դա նույնն է, երբ մեկը ոչ իրական ատրճանակ պահի ձեզ վրա, դուք կփորձեք դա կանխել»։ Հանրապետականի մյուս ավագանին, որը, մոտենալով ետևից, սկսեց քաշել Մարինա Խաչատրյանի մազերը, ըստ Վարդանյանի ստիպված է դա արել։ «Ինքը [խմբ․՝ Մարինա Խաչատրյանը] ստիպել է մարդկանց, որ իր հանդեպ սկսեն բռնարարություն»։

Գոռ Վարդանյանը, ի հեճուկս տեսանյութի՝ իր կողմից գործադրված բռնությունը մեկնաբանում է, որպես փրկություն։ «Ես իրականում փրկել եմ այդ կնոջը», – ասում է Վարդանյանը՝ մանրամասնելով, որ փրկել է ավագանու մյուս անդամներից։

Պարզ չէ թերևս երեք բան․ ինչո՞ւ էր Գոռ Վարդանյանը փրկում «ահաբեկիչների», եթե Մարինա Խաչատրյանի հանդեպ բռնություն չի կիրառվել, ապա ումի՞ց կամ ինչի՞ց էր Վարդանյանը փրկում նրան և ինչո՞ւ է այդ փրկությունը ավելի շատ նման քաշքշոցի։

Հիշեցնենք՝ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ):






Կարդացեք նաև։

Երևանի քաղաքապետարանն ու չվերանորոգված տանիքները. յուրացրած 10 մլն դրամի հետքերով

Դեռևս նախորդ տարվա փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի և «Աննա 80» ՍՊ ընկերության միջև ստորագրվել են 61,200,000 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց համաձայն՝ ընկերությունը պարտավոր էր վերանորոգել մայրաքաղաքի մի շարք շենքերի տանիքները։…


Քաղաքապետարանի մրցույթում հաղթել է «սև ցուցակում» գտնվող ընկերությունը, գինը՝ 103 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը 2018 թվականի մարտ ամսին  «Մեծ հիմք»  շինարարական ընկերության հետ 4 պայմանագիր* է կնքել՝ Երևանի թիվ 9, 13, 134,  57  և 96 մանկապարտեզների վերանորոգման նպատակով։ Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը…


Քաղաքապետարանում աղավաղում են օրենքը, իսկ «ներքին կանոնակարգ» գոյություն չունի

Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել էր լրագրողների գործունեությունը: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պահանջում էր «Ա1+» հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին լքել շենքը և դա…


Ապատեղակտվություն քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հայկական ծառայությունը փետրվարի 20-ին հրապարակել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» ԳՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանի մեկնաբանությունը Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ, որում ապատեղեկատվական հայտարարություններ են արվել։  …