Մարտի 1-ի մասին Գևորգ Կոստանյանի խոսքը հակասում է փաստերին

01.03.2018 | 12:59

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի խորհրդարանական լսումներ:

Լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե 2008 թ-ի Պաշտպանության նախարարի գաղտնի թիվ 0038 հրամանը իրենից չի ենթադրել զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն ներքաղաքական իրադարձություններին:

«Իհարկե ոչ, որովհետև այդ հրամանում էլ, այնուհետև փաստահավաք առաքելությանը տրված իրենց բացատրություններում հստակ սահմանեցին, որ այս հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելուն, ընդ որում պայմանավորված նրանով, որ ինքներդ շատ լավ հիշում եք, որ այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացում էր գնում, միջադեպեր եղան», – իր խոսքում ասել է Կոստանյանը:

Դժվար է ասել, թե ինչի վրա է հիմնվում պարոն Կոստանյանը, քանի որ խորհրդարանական նույն լսումների ժամանակ պատասխանելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հարցին՝ դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը պատասխանել էր, որ մարտի 1-ի քրեական գործով ՊՆ 0038 հրաման լինելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ չկա:

Իսկ ահա ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի փաստահավաք խմբի զեկույցի համաձայն՝ 2008 թվականի այդ նույն օրը` փետրվարի 23-ին, Պաշտպանության նախարարը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը, համաձայն որի Երևանում ձևավորվելու էր  զինվորական կառավարման նոր մարմին, որին ենթարկվելու էին ՊՆ-ի և ԶՈւ ԳՇ-ի գրեթե բոլոր կարևորագույն վարչություններն ու ստորաբաժանումները: Համաձայն հրամանի՝ «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ Զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ  կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով»:

ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի փաստահավաք խումբը 2010 թվականին, կատարելով մանրամասն վերլուծություն, արձանագրել է, որ «ՊՆ 0038 հրամանի տրամաբանությունը լիովին հակառակն է՝ Երևան են բերվում զինված ուժերի ստորաբաժանումներ, զինտեխնիկա և սահմանային զորամիավորումներից ժամանակավորապես կազմավորված հատուկ խմբեր ու ստորաբաժանումներ, ինչը ոչ մի պարագայում չէր կարող պայմանավորված լինել ու բացատրվել հակառակորդի հետ շփման գծում իրավիճակի լարմամբ»:

Հիշեցնենք, որ միակ իրադարձությունը, որը այդ օրերին տեղի էր ունենում Երևանում՝ դա Ազատության հրապարակում շարունակվող ցույցերն էին, որոնց ի վերջո Զինված ուժերը միջամտեցին:

Ավելին՝ 2008 թվականի փետրվարի 23-ին կամ դրանից անմիջապես առաջ, ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի արխիվային տվյալների՝ սահմանին միջադեպ չի գրանցվել: Հրադադարի խախտման դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին, այսինքն՝ պաշտպանության նախարարի գաղտնի հրամանը չէր կարող վերաբերել սահմանային լարվածութանը:

Այլ կերպ ասած, Գևորգ Կոստանյանի պնդումը, որ ՊՆ 0038 հրամանը իրենից չի ենթադրել զորքի մասնակցությունը կամ ներգրավվածությունը ներքաղաքական իրադարձություններին՝ չունի որևէ հիմնավորում քրեական գործի շրջանակներում, ուղղակիորեն հերքվում է փաստահավաք խմբի կողմից և հակասում ողջամիտ տրամաբանությանը:






Կարդացեք նաև։

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում…


Վաչագան Ղազարյանի գումարների վերադարձման մասին լուրը կեղծ է

«Հրապարակ» թերթը իր հերթական համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ գրելով, որ վերջինիս գումարները ետ են վերադարձվել։ Հղում անելով անհայտ «տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «Օրերս հետ…


0038 հրամանով հղում է արվում ընտրությունների արդյունքներին, որոնք դեռ չկային

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, վերջերս խոսելով մարտի 1-ի գործի վերաբերյալ, որոշակի բացահայտումներ է արել գործի հետ առնչություն ունեցող հույժ գաղտնի 0038 հրամանի մասին: 2008 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնը…


Գեղամ Մանուկյանը կոչ է անում օրենք խախտել

Օրերս պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երկրորդ հարցազրույցը տվեց դաշնակցական Գեղամ Մանուկյանին։ Քոչարյանն իր բողոքը հայտնեց նախաքննության գաղտնի լինելու հետ կապված՝ ասելով. «Եթե դուք՝ լրագրողներով, հասնեք նրան, որ այդ քրեական…