Բարձրագույն կրթության օրենքի գաղտագողի լսումներ ԱԺ-ում

22.02.2018 | 12:34

Փետրվարի 21-ին Ազգային ժողովում հանրային լսումներ էին անցկացվում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը, կարելի է ասել, իրականացվել է գաղտնիության ռեժիմում:

Մինչ բուն նախագծին և վիճահարույց դրույթներին անդրադառնալը, նշենք, որ օրենքի նախագծի նախավերջին տարբերակը edraft.am-ում դրվել է 2017թ. դեկտեմբերի 1-ին, իսկ առաջարկությունների ներկայացման համար ժամանակ էր տրվել մինչև դեկտեմբերի 21-ը: Նախագծի վերաբերյալ 41 առաջարկություն է ներկայացվել, որոնցից 25-ը հեղինակել է միայն Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի մասնաճյուղը, 15-ը` «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը և միայն մեկ առաջարկ արվել է այլ անձի կողմից:

Սակայն խորհրդարանական լսումներին ոչ Բաց հասարակության հիմնադրամները և ոչ էլ «Դիսըբիլիթի ինֆո»-ն չեն հրավիրվել: «Դիսըբիլիթի ինֆո»-ն, ըստ էության, պատահաբար է իմացել լսումների մասին և ԱԺ «Ելք» խմբակցության միջնորդությամբ մասնակցել դրանց, իսկ Բաց հասարակության հիմնադրամներում անգամ չեն էլ իմացել լսումների անցկացման մասին:

Սա առավել զավեշտալի (կամ անհասկանալի) է այն լույսի ներքո, որ հունվարի 29-ին հիշյալ օրենքի նախագծի վերաբերյալ Բաց հասարակության հիմնադրամների կողմից կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցել էր  նաև ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը և նույն հանձնաժողովի անդամ Արարատ Միրզոյանը: Հանդիպման ընթացքում Հիմնադրամի ներկայացուցիչների կողմից հատուկ շեշտվել էր, որ խորհրդարանական քննարկման շրջանակներում իրենց արտահայտվելու հնարավորություն տրվի:

Անգամ ավելին, Բաց հասարակության հիմնադրամներից լսումներ կազմակերպելու կոչեր են ուղարկվել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ու բոլոր խմբակցությունների ղեկավարներին: Սակայն, այդուհանդերձ, օրենքի նախագծի մասին ներկայացված առաջարկությունների 60 տոկոսի հեղինակ հիմնադրամի փոխարեն լսումներին հրավիրել են այլ կազմակերպությունների, որոնց զգալի մասի առնչությունը բարձրագույն կրթության ոլորտին անհասկանալի է:

Սակայն սա այս օրենքի նախագծի հետ կապված միակ անակնկալը չէր: Ինչպես հայտնի դարձավ այսօր ԱԺ-ում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ելույթից, կառավարության հաստատած նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնք edraft.am-ում հրապարակված նախագծում երբեք չեն եղել:

Մասնավորապես, համաձայն նոր երևան եկած փոփոխությունների (18-րդ հոդվածի 3-րդ մասի)՝ բուհերի կառավարման խորհուրդների կազմը այսուհետ Կրթության և գիտության նախարարության առաջարկով հաստատվելու է վարչապետի կողմից: Սա նշանակում է, որ բոլոր բուհերի ղեկավար մարմինները կախման մեջ են լինելու վարչապետից ու գործադիր իշխանության այլ ճյուղերից: Այնինչ, այժմ ոչ կառավարությունը, ոչ վարչապետը և ոչ էլ նախագահը բուհերի կառավարման խորհուրդների անդամներին հաստատելու գործառույթ չունեն:

Բուհերի՝ գործադիր իշխանությունից կախվածության հարցին (անկախության պատրանքին) կանդրադառնանք առաջիկայում:






Կարդացեք նաև։

Գևորգ Պետրոսյանի խոսքը հակասում է Ծառուկյանի հայտարարությանը

Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի…


2016-ին ընտրական օրենսգրքի քննարկումները իրականում և ըստ Արփինե Հովհաննիսյանի (լրացված)

ՀՀ Ազգային Ժողովում հունիսի 7-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս իր ելույթում անրադարձավ նաև Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված քննարկումներին…


Երևանի ավագանու նիստն ու ԱԺ նիստը չեն կարող լուսաբանվել նույն կերպ

Մարտի 23-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևան քաղաքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Այն խորհրդարանին ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ ներկայացնելուց ժամեր անց օրենքի նախագիծն…


Պաշտոնյաներն ընդդեմ լրագրողների՝ մեկ տեսանյութում

Վերջին տարիներին Հայաստանում պարբերաբար են լինում դեպքեր, երբ պաշտոնյաները տարատեսակ բացասական երևույթների մեջ մեղադրում են լրագրողներին, իսկ երբեմն անգամ բացահայտ թշնամական վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ: SUT.am-ը որոշեց մի տեսանյութում…