Ապատեղակտվություն քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ

21.02.2018 | 19:18

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հայկական ծառայությունը փետրվարի 20-ին հրապարակել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» ԳՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանի մեկնաբանությունը Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ, որում ապատեղեկատվական հայտարարություններ են արվել։  

Հիշեցնեք, որ փետրվարի 19-ին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, մեղադրելով «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներին «ներքին կանոնակարգի» խախտման մեջ, խոչընդոտել էր նրանց աշխատանքը քաղաքապետարանում՝ խնդրելով լրագրողներին շարունակել այն շինությունից դուրս։ Լրագրողներին դուրս հրավիրելու համար անգամ ոստիկաններ կանչվեցին:

Ավետիսյանը, մեկնաբանելով կատարվածը, ասել է, – «Ես ընդամենը արձանագրեցի մի բան, որ լրատվամիջոցները Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավարի հետ մուտք են գործել ծառայողական մուտքից, ոչ հիմանական մուտքից․․․ իմ տպավորությունն էր այդպիսին․․․ դրա մասին որևէ մեկը տեղյակ չի եղել հավանաբար, հետո զեկուցել են համապատասխան վարչության պետին, որը, հետո հայտնվելով, խոչընդոտում է աշխատանքը»։

Տեսանյութից, որը փետրվարի 19-ին հրապարակել էր «Ազատությունը», հնարավոր է արձանագրել միայն, որ ավագանու ԵԾ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին ուղեկցող լրագրող Ռուզաննա Ստեփանյանը դուրս է գալիս քաղաքապետարանի ծառայողական մուտքից՝ շինության այդ մասում տեղակայված ավտոկայանտեղին նկարելու նպատակով, սակայն դրանից հնարավոր չէ եզրակացնել, որ լրագրողները քաղաքապետարան մուտք են գործել ծառայողական մուտքից։

Ավելի ուշ, «Ազատության» լրագրողը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որ քաղաքապետարան մուտք են գործել հիմնական մուտքից և կարգը համաձայնեցված է եղել քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալի հետ։ Սակայն, իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ Փոստանջյանը փորձել է ցույց տալ, թե ինչ է կատարվում քաղաքապետարանի որոշ սենյակներում։ Տեսագրության մեջ երևում է, որ Փոստանջյանը լրագրողներին ուղեկցում է մի սենյակ, որտեղ մի քանի տղամարդ թղթախաղ են խաղում, ինչից հետո էլ լրագրողներին խնդրում են լքել քաղաքապետարանը՝ այնտեղ գտնվելու կարգը խախտելու մեղադրանքով։

Հետևաբար անհիմն է Ավետիսյանի՝ լրագրողների կարգի խախտմամբ շինություն մուտք գործելու վերաբերյալ հայտարարությունը։ Ապատեղեկատվություն է նաև վերջինիս եզրակացությունը, թե քաղաքապետարանում լրագրողների գործունեության մասին որևէ մեկը տեղյակ չի եղել։ Լրագրողների մուտքը քաղաքապետարան, առանց որևէ մեկի հետ համաձայնեցման, հնարավոր չէ։ Որպես ավագանու անդամ` Փոստանջյանն իրավունք ուներ լրագրողներին հրավիրել և անցագիր տալ քաղաքապետարան մուտք գործելու համար, ինչն էլ արել է։ Դրա մասին փաստարկն առկա է նաև տեսանյութում։ Բացի այդ, լրագրողների՝ քաղաքապետրան մուտք գործելու մասին, համաձայն նույն լրագրողների չհերքված պնդման, տեղյակ է եղել նաև քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի «ներքին կանոնակարգին», պարզվում է, որ դրան ծանոթանալու համար ժամանակ է պահանջվում։ Ավագանու Ելք խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ խմբակցությանն արդեն 2 ամիս է չի հաջողվում գրավոր ստանալ քաղաքապետարանի ներքին կարգ ասվածը, և քաղաքապետարանի պաշտոնյաները դրա մասին խոսում են միայն բանավոր:

Հավելենք, որ փետրվարի 20-ին քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ համատեղ հայտարարություն են հրապարակել մի շարք լրագրողական կազմակերպություններ՝ պահանջելով իրավապահ մարմիններից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ քրեական գործ հարուցել։






Կարդացեք նաև։

Երևանի քաղաքապետարանն ու չվերանորոգված տանիքները. յուրացրած 10 մլն դրամի հետքերով

Դեռևս նախորդ տարվա փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի և «Աննա 80» ՍՊ ընկերության միջև ստորագրվել են 61,200,000 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց համաձայն՝ ընկերությունը պարտավոր էր վերանորոգել մայրաքաղաքի մի շարք շենքերի տանիքները։…


Քաղաքապետարանի մրցույթում հաղթել է «սև ցուցակում» գտնվող ընկերությունը, գինը՝ 103 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը 2018 թվականի մարտ ամսին  «Մեծ հիմք»  շինարարական ընկերության հետ 4 պայմանագիր* է կնքել՝ Երևանի թիվ 9, 13, 134,  57  և 96 մանկապարտեզների վերանորոգման նպատակով։ Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը…


Քաղաքապետարանում աղավաղում են օրենքը, իսկ «ներքին կանոնակարգ» գոյություն չունի

Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել էր լրագրողների գործունեությունը: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պահանջում էր «Ա1+» հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին լքել շենքը և դա…


Գոռ Վարդանյանը փրկում է «ահաբեկչի»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական, կարատեսիտ Գոռ Վարդանյանը, ծավալուն հարցազրույց է տվել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որում բավականին իրարամերժ և անգամ սյուռ պնդումներ է…