Ապատեղեկատվություններ և բռնության արդարացում Արմենիա TV-ի եթերում

19.02.2018 | 19:45

Փետրվարի 18-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև ակումբ» հաղորդաշարի 16-րդ թողարկմանը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում ավագանու «Երկիր Ծիրան»ի և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը։ Հաղորդմանը հրավիրվել էին «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» ԳՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը և Ֆեյսբուքի օգտատեր Արթուր Դանիելյանը։ Հաղորդման ընթացքում հեռուստաընկերության եթերում իրականությանը չհամապատասխանող մի շարք հայտարարություններ են արվել։

Բռնության արդարացում

Հաղորդման հյուր Արթուր Դանիելյանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ կիրառված բռնությունն անվանել է «ինքնապաշտպանություն»։ Սկսված քաշքշուկից հետո ավագանու անդամ Մարինե Խաչատրյանը թեև առաջինն է ապտակ հասցրել ավագանու հանրապետական անդամ Էդմոն Կիրակոսյանին՝ ստանալով պատասխան ապտակ, սակայն դրան հաջորդած բռնությունը չի կարող դիտարկվել իբրև ինքնապաշտպանողական քայլ։ Դրա վառ ապացույցն են կադրերը, ուր կարատեիստ Գոռ Վարդանյանը հետևից մոտենում և բռնության գործադրմամբ նիստերի դահլիճից դուրս է շպրտում ավագանու այլ անդամների հետ լեզվակռվի բռնված Մարինե Խաչատրյանին:

Ավելին, հայտնի է, որ ոստիկանությունը, իրականացված հետաքննության արդյունքներով, Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանություն») առաջին և 118-րդ հոդվածի («Ծեծ») առաջին մասերով գործ է հարուցել։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ խուլիգանությունը չի կարող լինել անհրաժեշտ պաշտպանության (ինքնապաշտպանության) միջոց:

«Կանխամտածված ակցիա»

Դանիելյանը նաև պնդել է, որ ծեծկռտուքից հետո կազմակերպված ակցիան եղել է նախապես պլանավորված:

«Իրենց ակցիայից րոպեներ անց քաղաքապետարանի մուտքի առջև արդեն պատրաստի պաստառներով մեր Ֆեմենի տարբերակը կար, սեռական փոքրամասնությունների  իրավունքնների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ն կար․․․ րոպեներ անց․․․ այսինքն սա կանխամտածված օպերացիա էր», – հայտարարել է Դանիելյանը, որպես եզրահանգում շարունակելով, որ «երկրում կան դոնորներ, որոնք ստեղծում են այդ լարվածության խմբակներին», իսկ որոշ մարդիկ գրանտ են ստանում ցույց անելու համար:

Այնինչ եթերում հնչած այս «տրամաբանական շղթայի» հիմքում սուտ է: Քաղաքապետարանում ծեծկռտուքը տեղի է ունեցել 11:45-ի շրջակայքում, մինչդեռ դրա դիմաց ցուցարարները հավաքվել են 17։15-ից։ Այսինքն, այն, ինչ ներկայացվում է որպես «րոպեներ անց», իրականում եղել է մոտ 5 ու կես ժամ անց:

Չփորձելով մանրամասն անդրադառնալ ի սկզբանե սուտ տեղեկությամբ սկսված տրամաբանական շղթայի եզրահանգումներին՝ հավելենք, որ տեսանյութերում նաև երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարները տեղում պատրաստում իրենց պաստառները։ Որևէ հիմնավորում չունեն նաև պիկետի կազմակերպման համար որոշ կազմակերպությունների կողմից դրամաշնորհի տրամադրման կամ ստացման վերաբերյալ պնդումները։

«Արտաքին գործակալներ»

Որպես Երևանի ավագանիում (և ոչ միայն) լարվածության նվազեցման ճանապարհ բանախոսն առաջարկում է, որ օրենսդրական փոփոխություններով սահմանվի, որ «ԱՄՆ-ի օրենսդրությունը քոփի-փեյսթ ենք անում, կրկնօրինակում ենք Հայաստանում… ու բոլոր այն կառույցները, որոնք դրսից են ֆինանսավորվում, պետք ա պաշտոնապես իրենց անվան մեջ նշեն, որ իրանք արտաքին գործակալ են»:

Սակայն ԱՄՆ-ում գործող «Արտերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքը ենթադրում է, որ Արդարադատության նախարարությունում որպես «արտերկրյա գործակալ» պետք է գրանցվեն միայն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց տնտեսական կամ քաղաքական գործունեությունը սպասարկում է արտերկրյա շահեր: Իսկ Դանիելյանի առաջարկած իրավակարգավորումը գործում է Ռուսաստանում և ժողովրդավարության ցածր ցուցանիշներով այլ երկրներում: Հայաստանում նմանօրինակ օրենսդրության ընդունման առաջարկ հնչեցրել էր Երևանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Ավելին, Հայաստանում ամենաշատ արտերկրյա դրամաշնորհեր ստացող կառույցը Կառավարությունն է, որը վերջին 10 տարում ավելի քան կես միլիարդ դոլար է ստացել ԱՄՆ-ից, ԵՄ-ից և այլ դոնորներից: Արտերկրյա դրամաշնորհների խոշորագույն շահառուներն են Պաշտպանության, Արդարադատության, Բնապահպանության նախարարությունները և ոստիկանությունը:

Վերջում արձանագրենք նաև, որ ակնհայտ սուտ այս պնդումներից և որևէ մեկը կասկածի տակ չվերցվեց հաղորդումը վարող Արտակ Ալեքսանյանի կողմից, ով առնվազն քաղաքապետարանում տեղի ունեցած բռնության և դրան հաջորդած ցույցի մասին պետք է ծանոթացած լիներ հաղորդմանը նախապատրաստվելիս:






Կարդացեք նաև։

Երևանի քաղաքապետարանն ու չվերանորոգված տանիքները. յուրացրած 10 մլն դրամի հետքերով

Դեռևս նախորդ տարվա փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի և «Աննա 80» ՍՊ ընկերության միջև ստորագրվել են 61,200,000 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց համաձայն՝ ընկերությունը պարտավոր էր վերանորոգել մայրաքաղաքի մի շարք շենքերի տանիքները։…


Քաղաքապետարանի մրցույթում հաղթել է «սև ցուցակում» գտնվող ընկերությունը, գինը՝ 103 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը 2018 թվականի մարտ ամսին  «Մեծ հիմք»  շինարարական ընկերության հետ 4 պայմանագիր* է կնքել՝ Երևանի թիվ 9, 13, 134,  57  և 96 մանկապարտեզների վերանորոգման նպատակով։ Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը…


Ծուխ հեռուստադիտողների աչքերին Հանրայինի եթերից

Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը հայաստանյան համապետական սփռում ունեցող գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները խուսափում են լուսաբանել։ Շարժման իրականցրած ակցիաները չի լուսաբանում նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Դրա…


Հեռուստաընկերությունները խոսում են ամեն ինչից, բացի «Իմ քայլը» ակցիայից (լրացված)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հրապարակեց Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի ճանապարհային քարտեզը: Այն հրապարակվեց Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում, որից հետո հայտարարվեց, որ ՔՊ անդամները քայլերթով Գյումրիից հասնելու են…