Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (կադրեր օդից)

15.02.2018 | 12:10

Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ հայտնաբարել էին Ախթալայի հանքավայրի պոչամբարի արտահոսքը Դեբեդ գետ։

SUT.am-ի թիմը մեկնել էր Լոռվա մարզ ստուգելու, թե արդյոք դադարեցվել է դեպի գետ արտահոսքը և արդյո՞ք խնդիրը լուծված է։ Անգամ անզեն աչքով պարզապես Մ6 միջպետական ճանապարհով անցնելիս կարելի է նկատել Դեբեդ գետի մեջ սպիտակամոխրագույն հեղուկի լցվելը: Պոչանքի` Դեբեդ լցվելն առավել ամբողջական և պատկերավոր ներկայացնելու համար մենք անօդաչու սարքի օգնությամբ այն նկարահանեցինք օդից:

Սակայն ապացուցելու համար, որ Դեբեդ լցվող հեղուկը հենց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի Մեծ Այրում գյուղի մոտ գտնվող պոչամբարից եկող պոչանքն է, մենք նկարեցինք սպիտակամոխրագույն առվակի ամբողջ ուղին՝ պոչամբարի ամբարտակից մինչև Դեբեդ (մոտ 1600 մետր):

Ավելին, լուսանկարներում հստակ երևում է, որ Մեծ Այրումի պոչամբարը լեփ-լեցուն է, իսկ ամբարտակը՝ վնասված: Փետրվարի 11-ի դրությամբ պոչամբարում պոչանքի մակարդակը ընդամենը մի քանի դեցիմետրով է ցածր ամբարտակից, ինչը նշանակում է, որ անգամ ուժեղ հորդառատ անձրևը կարող է ամբարտակի վրայով պոչանքի արտահոսքի հանգեցնել:

previous arrow
next arrow
ArrowArrow
Slider

Նկարահանման պահին պոչանքն անցնում էր ամբարտակի միջով և ձևավորում Դեբեդ գնացող առվակը: Սակայն դատելով ամբարտակի վրա առկա պոչանյութի հետքերից և հաշվի առնելով պոչամբարի լցված լինելը՝ կարելի է ենթադրել, որ պոչանքի որոշ քանակ նաև ամբարտակի վրայով է թափվել (ինչը վտանգավոր է, քանզի կարող է քանդել ամբարտակը):

Դժվար է որոշել, թե երբ է սկսվել պոչամբարից արտահոսքը: 2016 թվականի մայիսի 25-ի արբանյակային նկարներում հստակ երևում է, որ Դեբեդի գույնն այդ հատվածում չի փոխվում: Իսկ դրանց հաջորդ՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ի արբանյակային նկարներում արդեն հստակ երևում է առվակի լցվելն ու այդտեղից Դեբեդի «գունափոխումը»:

previous arrow
next arrow
ArrowArrow
Slider

Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչերը պարունակում են պղինձ, ցինկ, բորիում, մկնդեղ և այլ ծանր մետաղներ: Այս նյութերը ոչ միայն լուրջ վնաս են հասցնում գետի ջրային էկոհամակարգին, այլև խախտում են դրա նորմալ կենսագործունեությունը։ ՀՀ Քրեական օրենսգիրքի 281-րդ հոդվածը սահմանում է, որ շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը (եթե դա հանգեցնում է ծանր հետևանքների) պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ:

Հավելենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորների ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հաստատեց, որ գետի ջրում հայտնաբերվել են ծանր մետաղներ։ Սակայն այսօր մեզ հետ զրույցում Պեպանյանը հայտնեց, որ խնդիրը վերացվել է, պոչանքը այլևս գետը չի լցվում. «Այժմ շարունակվում են ստուգումներ, կազմվելու է համապատասխան ակտ, որը սահմանված կարգով կուղարկվի ընկերությանը։ Ընկերությունը կամ կընդունի խախտումը, կամ առարկություններ կներկայացնի», – ասաց մամուլի քարտուղարը։






Կարդացեք նաև։

Գոյություն չունեցող վերամշակման գործարան (ֆիլմ)

Երևանի ավագանու դեռևս 2013 թ․ նախընտրական ծրագրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշենի բնակիչներին խոստացել էր աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն հիմնել: Այս նույն խոստումը Մարգարյանը տվել է նաև հաջորդ՝ 2017 թվականի ընտրությունների…


Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար

Օրեր առաջ հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը։ Մամուլում Սարգսյանը հիմնականում ներկայացվեց որպես նախկին վարչապետ և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, սակայն դա իր գործունեության միայն…


Նաիրիտի ծխի վնասակարությունը (տեսանյութ)

Օգոստոսի 28-ին սկսեցին այրվել «Նաիրիտ» գործարանի Էթինոլ-լակ անվանմամբ նյութի պահեստները (մոտ 200 խմ ծավալով): Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ «այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար»։…


ԱԻՆ-ը ստում է ծխի արգասիքների ու վտանգի մասին

Ինչպես հայտնի է, երեկվանից անդադար այրվում են «Նաիրիտ» քիմիական գործարանի Էթինոլ-լակ («Этиноль-лак»)  անվանմամբ նյութի պահեստները (մոտ 200 խմ ծավալով): Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ նյութն ամենայն հավանականությամբ ինքնաբռնկվել է…