Արմեն Սարգսյանը խախտել է Սահմանադրությունն ու «Քաղաքացիության մասին» օրենքը

14.02.2018 | 17:22

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի հավակնորդ Արմեն Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Նա կնոջ՝ Նունե Սարգսյանի և որդիներ՝ Վարդան և Հայկ Սարգսյանների հետ գրանցված է եղել Լոնդոնի Վեսթմինսթեր թաղամասում: Սա հաստատել է նաև ինքը Սարգսյանը՝ նշելով, որ բրիտանական քաղաքացիություն իրեն անհրաժեշտ էր գործնական ճանապարհորդությունների համար։

Մեզ հետ զրույցում, Արմեն Սարգսյանի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ նախագահի թեկնածուն 2002-2011թթ․ ընթացքում ունեցել է երկքաղաքացիություն․  նա հանդիսացել է և ՛ Հայաստանի, և ՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։

Նկատենք, սակայն, որ 1995 թվականի նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի կողմից ընդունած «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի: Նույնը նաև հստակ արգելում էր 1995 թվականի Սահմանադրության 14-րդ հոդվածը:

Սահմանադրությունից այդ արգելքը հանվել է 2005 թվականի փոփոխություններով, իսկ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքից արգելքը հանվել է միայն 2007 թվականին։ Այլ կերպ ասած, մինչև 2007 թվականի մարտի 24-ը Հայաստանի քաղաքացիներին արգելվել է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:

Այսինքն, Արմեն Սարգսյանը խախտել է «Քաղաքացիության մասին» օրենքն ու Սահմանադրությունը՝ ապօրինաբար 5 տարի շարունակ (2002-2007 թթ) միաժամանակ լինելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Հավելենք նաև, որ Արմեն Սարգսյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը և 2013 թվականին դեսպանի պաշտոնը ստանձնելիս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի և եկամուտների հայտարարագիր չի ներկայացնել, ինչի մասին բարձրաձայնել են մի շարք հասարակական կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող (2015թ.) Սահմանադրության 123-րդ հոդվածով Հանրապետության նախագահը պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը:






Կարդացեք նաև։

Խաղաղ հավաքները կարող են սահմանափակել այլոց իրավունքները` ի հեճուկս Արմեն Սարգսյանի

Հայաստանի երրորդ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ-ի՝ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո վարչապետ դառնալու հավակնություն չունենալու մասին իր խոսքը դրժելու և երրորդ անգամ երկրի կառավարումը ստանձնելու դեմ ՀՀ…


Արմեն Սարգսյանը բաց է մամուլի համար՝ ռուսական մամուլի

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս հունվարին, երբ վերջինս հանդիպումներ էր անցկացնում կուսակցությունների հետ՝ նախագահ առաջադրվելու մասին որոշում կայացնելու նպատակով, խոսել է իր լրագրողական հանրության հանդեպ ունեցած մեծ հարգանքի մասին։ «Ես,…


Սահմանադրության ոտնահարումներով դարձած նախագահը

Այսօր՝ ապրիլի 9-ին տեղի ունեցավ նախագահի երդմնակալության արարողությունը, որի ընթացքում Արմեն Սարգսյանը երդվեց «հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Սարգսյանի նախագահ դառնալու ճանապարհը, սակայն, լի էր ՀՀ Սահմանադրության ոտնահարումներով: Բրիտանական անձնագիրը…


Քաղբանտարկյալի անուն միջազգային կազմակերպություններից. հատուկ Արմեն Սարգսյանի համար

Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 22-ին Ազատություն ռադիակայանին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով քաղբանտարկյալների մասին, հայտարարել է. «իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում…