Ռուսական ԶԼՄ-ները պատմել են հորինված ակցիայի մասին

07.02.2018 | 13:30

Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ պատմել են Եվրոպայում «Ների՛ր ինձ» խորագրով ֆլեշմոբի մեկնարկի մասին, որով ներգաղթյալների կողմից բռնաբարության ենթարկված զոհերը, իբր, ներողություն են խնդրում իրենց բռնաբարողներից։

«Եվրոպայում հանդուրժողականության մակարդակն անցնում է բոլոր ռեկորդները։ Եվրամիությունում բռնության զոհերը ֆլեշմոբ են սկսկել, որի օգնությամբ փորձում են ներողություն խնդրել ներգաղթյալներից, ովքեր անարգել են իրենց․․․Կազմակերպիչների մտահղացման համաձայն՝  կանայք պետք է սոցիալական ցանցերից որևէ մեկի էջում տեղադրեն լուսանկար՝ իրենց բռնաբարողի անվամբ պաստառով և նրանից ներողություն խնդրելու մասին գրությամբ»,- հաղորդում է «360 աստիճան» հեռուստաընկերությունը։

Սակայն ռուսական հեռուստաընկերության հաղորդած այս լուրը հորինված ապատեղեկատվություն է, որը ներկայցվել է նաև առցանց ԶԼՄ-ներում։

«Ակցիայի նպատակը եվրոպացի կանանց զղջումն է ներգաղթյալների հանդեպ այլասերված անբարոյական վարքագծի և հանդերձանքի համար, որոնք ստիպել են ներգաղթյալներին սեռական բռնության դիմել կանանց հանդեպ», – գրել է «Новые известия» պարբերականը։

Մինչդեռ, նման ակցիա չի իրականացվել ընդհանրապես։ Ռուսական լրատվամիջոցները հորինել են դրա գոյությունը՝ մի շարք փաստերի աղավաղմամբ և դրանց մանիպուլյացիոն համադրմամբ։

ԶԼՄ-ներում որպես ֆլեշմոբի անցկացման միակ ապացույց տարածվել է մի լուսանկար, որում պատկերված է «Ների՛ր ինձ, Մուստաֆա՛» գրությամբ պաստառով մի աղջիկ։ Իրականում ցուցադրված լուսանկարը խմբագրված և փոփոխված է։ Դրա բնօրինակն արված է 2014 թվականի հոկտեմբերին և նկարում պատկերված աղջիկը ոչ թե ներգաղթյալներից ներողություն խնդրող բռնության զոհ է, այլ Ուկրաինայում անցկացված «ЗігрійГероя» («Ջերմացրու հերոսին») ակցիայի մասնակից։ Իսկ ցուցադրված պաստառին ոչ թե գրված է «Ների՛ր ինձ, Մուստաֆա՛», այլ ուկրաիներեն «Ցո՞ւրտ է, մտածի՛ր նրա մասին, ով խրամատում է քնում» գրությունն է:

Ռուսական մեդիայում եվրոպական արժեքները հաճախ ներկայացվում են որպես «այլասերում», հաճախ շահարկվում է նաև «եվրոպական հանդուրժողականության անպետքությունը»։

Ավելի վաղ SUT․am-ը պատմել էր ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության կողմից «Հայաստանին ինցեստ–շքերթներ են սպասվում կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը» վերնագրով նյութում հրապարակված ապատեղեկատվությունների և մաիպուլյացիոն միջոցների մասին։






Կարդացեք նաև։

Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին

Վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-երում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը։ Այս առնչությամբ ռուսական մեդիադաշտում ապատեղեկատվության կամ փաստերի կամայական մեկնաբանության հաճախ կարող ենք հանդիպել: ԱՄՆ դեսպանատունը՝ փոստատա՞ր…


Կրեմլյան պրոպագանդայի աշխատանքը մալայզիական ինքնաթիռի կործանման օրինակով

2014 թվականին մալայզիական ավիաուղիների խփված MH17 ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվեց 298 մարդ։ Այս տարիների ընթացքում MH17-ի դեպքի մասին ռուսական պրոպագանդան տարածում էր տարբեր ապատեղեկատվություններ։ Մասնավորապես ըստ կրեմլյան ԶԼՄ-ների՝ մալայզիական ինքնաթիռը…


Ինչպես է ռուսական պրոպագանդան լուսաբանում Հայաստանում ընթացող գործընթացները

Ռուսական «Взгляд» թերթը այս օրերին ակտիվորեն լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Կայքն իր լուսաբանումը իրականացնում է բավականին կողմնակալ՝ չխորշելով գնահատականներ, իսկ երբեմն նաև վիրավորանքներ հնչեցնելուց։ Մայիսի 2-ին՝ երեկոյան, թերթը…


Պուտինի հրթիռները 2007թ.-ին էլ էին «նորագույն զենք»

Կրեմլյան ապատեղեկատվության դեմ պայքարող EU vs Disinformation-ը անդրադարձ է կատարել ռուսական մեդիայում նախագահ Պուտինի` մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում կատարած հայտարարությունների լուսաբանմանը։ Համաձայն կայքի, ռուսական փաստերի ստուգմամբ…