Կառավարության նվերը Արթուր Բաղդասարյանին և Նիկոլայ Բորդյուժային

06.02.2018 | 11:21

2013 թվականին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ համատեղ Հայաստանում «ՀԱՊԿ ակադեմիա» ստեղծելու մասին որոշում կայացրեց։ Նախատեսվում էր, որ ակադեմիան պետք է մասնագետներ պատրաստեր ՀԱՊԿ անվտանգության ստորաբաժանումների կառույցների համար ։

Այս նպատակով գրանցվեց «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամը, որին Կառավարության N917-Ա որոշմամբ անհատույց օգտագործման հանձնվեց Երևան քաղաքի Հերացի 2 հասցեում գտնվող Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքը։

Հատկանշական է, որ հիմնադրամը ոչ թե միջազգային կազմակերպության է պատկանում, այլ ֆիզիկական անձի՝ Նիկոլայ Բորդյուժային։ Այն ոչ մի կապ չունի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» հետ։ Այս մասին ժամանակին գրել է նաև մամուլը՝ նշելով Ավտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի անունը։

ՀԱՊԿ ակադեմիա և ՀՀ ԱԳՆ

2014 թվականին Նիկոլայ Բորդյուժան դիմել է Հայաստանի արտգործնախարարությանը` «ՀԱՊԿ Ակադեմիային» միջազգային պայմանագրով գործող հաստատության կարգավիճակ տրամադրելու խնդրանքով, մինչ ակադեմիայի կարգավիճակի և գործունեության մասին պայմանագրի կնքումը։ Ինչպես երևում է ԱԳՆ կայքից, այդպիսի կարգավիճակ ակադեմիան ստացել է։ Այն գտնվում է Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների շարքում` որպես միջազգային կազմակերպություն։

Մեր հարցմանը ի պատասխան, արտաքին գերատեսչությունը հայտնեց, որ քանզի առ այսօր որևէ պայմանագիր չի ստորագրվել, որոշում է կայացվել 2018թ․-ից մերժել հիմնադրամին նման կարգավիճակ տրամադրելը։

Միջազգային կարգավիճակ ստանալուց հետո աշխատանքները դադարեցին

Նույն 2014 թվականին Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման ժամանակ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիան կգործի ընթացիկ տարվա սեպտեմբերից, ինչը, սակայն, չկատարվեց։ Իսկ արդեն 2015 թվականին Բորդյուժան հայտարարեց, որ ակադեմիայի ստեղծումը դադարեցվել է։

Որոշ ժամանակ անց շինարարությունը վերսկսվեց՝ ուղեկցվելով մի շարք խախտումներով։ Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Փոխկապակցված անձինք
Հերացի 2 հասցեում գտնվում է նաև «Հայաստանում ռուսական լիցեյը», որի հիմնադիրը կրկին «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հինադրամն է: «Ռուսկի լիցեյի» կանոնադրությունը հաստատման էր ներկայացրել ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորը, ով 5-րդ գումարման Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանն է:


«Հայաստանում ռուսական լիցեյ» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Բալյանն է: Վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ զբաղեցրել է «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի 72-րդ տեղը: Այժմ լիցեյը ղեկավարում է ՕԵԿ նախկին պատգամավոր Լևոն Դոխոլյանը, ով խնամիական կապեր ունի ՕԵԿ նախկին խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ։

Հատկանշական է, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հինադրամի ստեղծումից որոշ ժամանակ անց անվանափոխվել է և 2014 թվականից հանդես է գալիս որպես «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամ։

Փաստացի Կառավարությունը Արթուր Բաղդասարյանին և Նիկոլայ Բորդյուժային նվիրել է Երևանի կենտրոնում մի շենք, ԱԳՆ-ն ակադեմիային շնորհել էր միջազգային դիվանագիտական կարգավիճակ, որն այժմ ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլ դարձել է ՕԵԿ նախկին պատգամավորների աշխատավայր։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Չավուշօղլուի սուտը հայ-թուրքական արձանագրությունների մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել է Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքների» լքման պայմանով։ «Մենք պայման ենք դրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, որ…


Ատոմային-քարոզչական ռումբ ՀԱՊԿ-ից Հայաստանին

«Հայոց աշխարհ» օրաթերթը «Հայաստանում իրականացվում է քողարկված, նենգ քարոզչություն» վերնագրով հարցազրույց է հրապարակել, որում Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը մի քանի ապատեղեկատվական հայտարարություն է արել Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության և…


ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խեղաթյուրել է ՀԿ-ի բարձրաձայնած խնդիրները

Սեպտեմբերի 11-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային հանձնառությունների իրականացման շուրջ (HDIM) ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնում են երեք հասարակական կազմակերպություններ, իսկ պաշտոնական Երևանի դիրքորոշումը ներկայացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ…


Էդվարդ Նալբանդյանի սուտը Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մասին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գերմանական Deutsche Welle գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր 2013 թվականին Մաքսային միությանը (այնուհետև՝ Եվրասիական Տնտեսական Միությանը) անդամակցելու Երևանի որոշմանը, որը ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի տապալման պատճառ…