«Խորհրդարանական» կոչվող վարչապետական կառավարումը

05.02.2018 | 18:21

Մոտենում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտը։ Ուժի մեջ են մտնում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության՝ երկրի կառավարման համակարգը փոփոխող դրույթները։ Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցնում է խորհրդարանականի։

Նոր համակարգին անցնելու անհրաժեշտությունը բացատրվում էր պետական ինստիտուտների կայացման ու նրանց աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև կուսակցությունների և խորհրդարանի դերի բարձրացման կարևորությամբ՝ նվազեցնելով միանձնյա որոշում կայացնելու հնարավորությունը։

Սահմանադրության փոփոխումից հետո, սակայն, ներկայացվեցին մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցով մեծանում են ոչ թե խորհրդարանի կառավարման լծակները, այլ վարչապետի։

Ձևը խորհրդարանական, էությունը՝ վարչապետական

Ըստ էության, գոյություն ունեն 3 տեսակի կառավարման համակարգեր՝ միանձնյա (նախագահական, միապետական, վարչապետական և այլն), խմբակային (պարլամենտարիզմ) և էզոթերիկ (օրինակ՝ Իրանը, երբ գլխավոր դերակատարը պետական պաշտոն չի զբաղեցնում)։

Հասկանալու համար, թե իրականում ինչպիսի համակարգի է անցում կատարել Հայաստանը, բավարար է մեկ հարց տալ՝ ու՞մ ձեռքերում են կառավարման հիմնական լծակները։

Այսպես, փետրվարի 1-ին կառավարության ընդունած «Պետական կառավարման համակարգի մարմնինների մասին» օրենքի նախագծով երկրի 4 իրավապահ կառույց՝ ի դեմս Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական պահպանության ծառայության և Պետական վերահսկողական ծառայության, գտնվելու են անմիջական վարչապետի ենթակայության ներքո։

Նախկինում այս կառույցները կառավարությանն առընթեր մարմիններ էին և ենթարկվում էին նախագահին։ Նոր օրենսդրությամբ դրանք կունենան «վարչապետին ենթակա» կարգավիճակ։ Հատկանշական է, որ ոստիկանության կազմում են նաև ոստիկանական զորքերը, որի հրամանատարն այժմ նշանակվում է նախագահի կողմից, իսկ ապրիլից՝ վարչապետի:

Օրենքի նախագծով սահմանվում են նաև նախարարություններին ենթակա մարմինները։ Դրանք 17-ն են՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Սոցիալական ապահովության ծառայությունը, Գլխավոր շտաբը, Պետական գույքի կառավարման կոմիտեն և այլն։

Նկատենք, որ կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակելու և ազատելու է կառավարությունը՝ բացառությամբ տեսչական մարմինների: Վերջիններիս ղեկավարին նշանակելու կամ ազատելու է անձամբ վարչապետը:

Բացի այդ․․․

Սակայն վարչապետի ձեռքում լծակների կենտրոնացումը չի սահմանափակվում «Պետական կառավարման համակարգի մարմնինների մասին» օրենքի նախագծով: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նաև «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որոով անվտանգության խորհուրդը կդառնա անվտանգության ոլորտներում որոշումներ կայացնող վարչապետին կից մարմին, որը փաստացի դուրս է խորհրդարանի վերահսկողությունից:

Նորամուծություն է նաև գործադիրի նիստերը դռնփակ անցկացնելու նախաձեռնությունը։ Թե որ նիստն է լինելու հրապարակավ կամ որի մասին պետք է իմանա հասարակությունը, որոշելու է անձամբ վարչապետը։ Կառավարության անդամները անգամ իրավունք չեն ունենալու առանց վարչապետի թույլտվության, հրապարակավ խոսել քննարկված որևէ հարցի մասին։

«Ժողովրդավարություն»

Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով։

Նախկինում ժողովուրդը իշխանությունն իրականացնելու երկու հիմնական լծակ ուներ՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Այժմ պահպանվել է միայն մեկը՝ խորհրդարանականը։ Այսինքն, եթե նախկինում քաղաքացիները կարող էին ընտրել և´ գործադիր, և´ օրենսդիր իշխանություն, ապա այժմ ընտրելու են միայն օրենսդիրին, որն էլ իրենց փոխարեն կընտրի գործադիր իշխանությանը։

Փաստացի այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ ֆորմալ առումով անցում է կատարվում խորհրդարանական կառավարման մոդելին, սակայն իրականում ունենում ենք նույն միանձնյա կառավարման մոդելը՝ փոխելով պաշտոնի անունը նախագահից՝ վարչապետ (իմիջիայլոց, բացի լիազորություններից վարչապետին է անցնելու նաև Բաղրամյան 26-ի նստավայրը, նախագահական ուղղաթիռն ու օդանավը)։

Ռաֆայել Աֆրիկյան






Կարդացեք նաև։

Ժողովրդավարությունն` ըստ Էդուարդ Շարմազանովի և իրականում

Մարտի 29-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարությունը առ այն, որ եթե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի…


Երևանի ավագանու նիստն ու ԱԺ նիստը չեն կարող լուսաբանվել նույն կերպ

Մարտի 23-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևան քաղաքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Այն խորհրդարանին ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ ներկայացնելուց ժամեր անց օրենքի նախագիծն…


Արմեն Սարգսյանը խախտել է Սահմանադրությունն ու «Քաղաքացիության մասին» օրենքը

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի հավակնորդ Արմեն Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Նա կնոջ՝ Նունե Սարգսյանի և որդիներ՝ Վարդան և Հայկ Սարգսյանների հետ գրանցված է եղել Լոնդոնի…


Արմեն Սարգսյանը բրիտանական անձնագիր է ունեցել

Ինչպես հայտնի է, Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է Հայաստանի 4-րդ նախագահի իր թեկնածուին՝ նախկին վարչապետ, դեսպան, գործարար Արմեն Սարգսյանին։ Ներկայացվել էին նաև այն չափանիշները, որոնցով կուսակցությունը ընտրել է հենց Արմեն Սարգսյանին։…