Նժդեհի արձանի դեմ ստորագրահավաքը լի է ստերով

30.01.2018 | 17:03

Ռուսական որոշ շրջանակներում տեղ գտած աղմուկը (կամ, անգամ հիստերիան)՝ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհի) անձի ու գործունեության նկատմամբ, չի դադարում: Այդ երկրում անգամ ստորագրահավաք են սկսել, որպեսզի պահանջեն հայկական իշխանություններից՝ հանել Նժդեհի արձանը:

Ալեքսանդր Փերենջիևն իր «Пресечь героизацию фашизма на постсоветском пространстве»  նյութում (որի տակ որ ստորագրում են քաղաքացիները), մասնավորապես նշում է, որ «2016թ․ Հայաստանում բացվեց ֆաշիստ Գարեգին Նժդեհի արձանը»: Ըստ նրա՝ Մեծ Հայրենական Պատերազմի տարիներին դաշնակցական առաջնորդ Նժդեհը դիմել է արևելյան օկուպացված շրջանների նախարար Ալֆրեդ Ռոզենբերգին, Հայաստանը գերմանական գաղութ դարձնելու համար՝ հայտարարելով, որ «ով մահանում է Գերմանիայի համար՝ նա մահանում է Հայաստանի համար»:  Այնուհետ հոդվածագիրը խոսում է Նժդեհի և ՍՍ ռեյխսֆյուրեր Հիմլերի կապի մասին: Հեղինակն անգամ պնդում է, որ Նժդեհը ղեկավարում էր ՍՍ-ի կազմում գործող Հայկական Լեգեոնը, որը ոչնչացրել է շուրջ 20.000 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ:

Թերևս բնական է, որ ֆաշիզմի կամ հազարավոր խաղաղ մարդկանց սպանած մարդկանց հերոսացման դեմ պետիցիան հարյուր հազարավոր մարդիկ են ստորագրում: Փորձենք պարզել, թե որքանով են ճիշտ Հայկական լեգեոնի և Գարեգին Նժդեհի կապի մասին տեղեկությունները։

Ոչ թե ՍՍ, այլ Վերմախտ

Նախ նշենք, որ Հայկական լեգեոնը մաս էր կազմում Վերմախտի, այլ ոչ՝ ՍՍ-ի, ինչպես պնդում է հոդվածագիրը: Այսինքն, Հայկական լեգեոնը եղել է Գերմանիայի զինված ուժերի կազմում, այլ ոչ ֆաշիստական կուսակցության ռազմականացված թևի՝ ՍՍ-ի (կամ՝ Վաֆեն ՍՍ-ի):

Պատերազմի ժամանակ մարդկության հանցագործությունների մեծ մասը իրականացրել է հենց ՍՍ-ը և ոչ Վերմախտը: Ի տարբերություն ՍՍ-ի, Վերմախտը Նյուրնբերգյան դատավարության կողմից հանցավոր կազմակերպություն չճանաչվեց: Եթե ՍՍ-ին անդամակցելը ինքնին որակվեց որպես հանցագործություն, ապա նույնը չեղավ Վերմախտի մասով: Չփորձելով արդարացնել Վերմախտի իրականացրած հանցագործությունները՝ նշենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը արձանագրել է ՍՍ-ի սպաների հերոսացումն ու դրանց արձանների կառուցումը, սակայն նույնը տեղի չի ունեցել Վերմախտի մասով:

Թուրքական գործոնը

Քչերին է հայտնի, որ Վերմախտի Հայկական լեգեոնի ստեղծման հիմնական պատճառը թուրքական վտանգի թուլացումն էր: 1939թ. Թուրքիայի՝ 3-րդ ռեյխի հետ դաշինքի ստորագրման պայմաններից մեկը դառնում է հայերի հարցը: Իմանալով, որ նացիստներն արդեն հրեաներին ոչնչացնելու քաղաքականություն են վարում՝ նրանք պահանջում են, որ նույնը կատարվի նաև հայերի հետ, քանզի ըստ նրանց պատճառաբանության՝ հայերն էլ հրեական ծագում ունեն: Խնդրին անգամ խառնվում է Բենիտո Մուսոլինին, ով Իտալիա է հրավիրում մի շարք հայագետների, ովքեր գրում են «Հայերը՝ արիացի» աշխատությունը՝ փորձելով ֆաշիստական իշխանությունների աչքերում բարձրացնել հայերի հեղինակությունը: Նույն սկզբունքը Գերմանիայում առաջ էր տանում Արտաշես Աբեղյանը, ով հայերին փրկելու գործում համագործակցում էր Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի հետ:

1941թ. վերջին Հիտլերի հրամանով Վերմախտի կազմում մեկը մյուսի հետևից ձևավորվում են ռուսական, ուկրաինական և բելառուսական լեգեոններ:  Հայկական լեգեոնի կազմակերպման և կազմավորման աշխատանքները սկսեց ու ղեկավարեց Դրոն (Դրաստամատ Կանայանը): Նրան այդ գործում աջակցեց Ռոզենբերգը: Դրոն անձամբ էր շրջում ռազմագերիների ճամբարներում և ընտրում լեգեոնականներին: Ըստ լեգեոնի ղեկավաների՝ լեգեոնը կազմավորվել էր հատկապես այն նպատակով, որպեսզի հնարավոր զարգացումների դեպքում մեկներ Կովկասյան ճակատ և հայերին փրկեր թուրքերի կողմից վերջնականապես կոտորվելու հեռանկարից:

Գարեգին Նժդեհը, սակայն, հրաժարվեց մասնակցել Հայկական լեգեոնի կազմավորման աշխատանքների վերջնական փուլին՝ պատճառաբանելով, որ լեգեոնը կռվելու է ոչ թե թուրքերի դեմ, այլ՝ գերմանախորհրդային ճակատի մարտերում:

Ընդհանուր առմամաբ, գերմանական զորքերի կազմում կռվող հայերի թիվը հասավ շուրջ 25.000-ի: Լեգեոնի անմիջական հրամանատարն էր գեներալ-մայոր Վարդան Սարգսյանը: Միսաք Թոռլաքյանը ղեկավարում էր Հայկական լեգեոնի գործակալական և դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումները:

Ռազմական հանցագործություններ

Հայկական լեգեոնի նկատմամբ հավատ չէր տածում նաև Հերման Գյորինգը իր «Կանաչ թղթապանակում»: Նա չսխալվեց: Հայկական լեգեոնի մարտիկները ոչ միայն չէին սպանում խաղաղ բնակիչների, այլ նաև առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում էին խորհրդային զորքերին: Սա ստիպում էր գերմանական ղեկավարությանը, որպեսզի նրանց ուժերն օգտագործեն թիկունքի աշխատանքներում:

1943թ., Հայական լեգեոնի հիմնական մասը տեղափոխվեց Հոլանդիա և Ֆրանսիա: Ֆրանսիա տեղափոխված հայկական գումարտակները առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվեցին ամերիկյան ուժերին: Հայկական լեգեոնի գումարտակների տեղակայման վայրերում ռազմական հանցագործությունների կամ խաղաղ բնակիչների սպանդի մասին տեղեկություններ չկան:






Կարդացեք նաև։

Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին

Վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-երում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը։ Այս առնչությամբ ռուսական մեդիադաշտում ապատեղեկատվության կամ փաստերի կամայական մեկնաբանության հաճախ կարող ենք հանդիպել: ԱՄՆ դեսպանատունը՝ փոստատա՞ր…


Կարպիս Փաշոյանի դեմ մեդիա-տեռորը փորձարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի դեմ

Ժամանակակից լրատվությունը սահմանակցում է մի կողմից պրոպագանդայի, մյուս կողմից մանիպուլյացիայի հետ։ Մեդիայի նպատակը հաճախ մի փոքր այլ է, քան օբյեկտիվ տեղեկության մատակարարումը։ Հաճախ այն կարծիքի ստեղծման, կարծրատիպեր կոտրելու, այս կամ…


Կրեմլյան պրոպագանդայի աշխատանքը մալայզիական ինքնաթիռի կործանման օրինակով

2014 թվականին մալայզիական ավիաուղիների խփված MH17 ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվեց 298 մարդ։ Այս տարիների ընթացքում MH17-ի դեպքի մասին ռուսական պրոպագանդան տարածում էր տարբեր ապատեղեկատվություններ։ Մասնավորապես ըստ կրեմլյան ԶԼՄ-ների՝ մալայզիական ինքնաթիռը…


Գեներալ Մովսես Սիլիկյանն իրականում Մոիսեյ Սիլիկով էր. հաղթանակից աքսոր

Այս օրերին Հայաստանում նշվում է Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի 100-ամյակը: Այդ հաղթանակում մեծագույն դերակատարում ունի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը: Սակայն քչերին է հայտնի, որ Մովսես Սիլիկյանի իրական անունն ու ազգանունը Մոիսեյ Սիլիկով…