Հ1-ը լռում է զինծառայողի վիրավորման հանգամանքների մասին

22.01.2018 | 19:24

Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց նախկին զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարի հանգանակության կազմակերպումը։ Դրամահավաքին միանալու կոչ էր արել էր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Սարգսյանի կոչից հետո դրամահավաքին պարբերաբար անդրադարձ է կատարել նաև Հանրային հեռուստաընկերությունը՝ հիմնականում իր լուսաբանման ընթացքում ընդգծելով պաշտպանության նախարարի ունեցած ներդրումն այդ գործում և չներկայացնելով զինծառայողի՝ ծառայակից սպայի կողմից հրազենային վնասվածք ստանալու հանգամանքը։

«19 տարեկանում գլխից հրազենով վիրավորված զինվորն ուշքի էր եկել արդեն 20-ում»,– հունվարի 21-ի թողարկման մեջ պատմում է հեռուստաընկերության լրատվական ծառայության «360 աստիճան» հաղորդումը՝ չասելով, թե ում կողմից էր Ալբերտը ստացել այդ վնասվածքը։

Զինծառայողի՝ սպայի կողմից վիրավորվելու հանգամանքների մասին Հանրայինը լռել է նաև հունվարի 20-ին «Օրակարգ» լրատվականի հիմնական թողարկման ժամանակ անդրադարձի ընթացքում։ Փոխարենը լրատվականն առաջին հերթին պատմել է այն մասին, որ իր Ֆեյսբքուի էջում հանգանակությանը մասնակցելու կոչ էր արել ՊՆ Վիգեն Սարգսյանը։  Հունվարի 13-ի հրապարակած տեսանյութում ևս հիմնական շեշտը դրված է Վիգեն Սարգսյանի գրառման և դրամահավաքին նախարարի անձնապես մասնակցության վրա։

Ուստի հարկ ենք համարում հիշեցնել, որ, համաձայն ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանը հրազենային վիրավորումը ստացել է 2016 թվականի հունիսի 4-ին՝ «N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով»։ Սպային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է մինչ այժմ։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական լրատվական կայքի դեկտեմբերի 26-ի հրապարակման համաձայն, կասկածվող սպան շարունակում է ծառայությունը` նույն զորամասում։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ հասարակության վճարած հարկերից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարը լռում է հասարակությանը հուզող աղմկահարույց հարցերի մասին։ Ավելի վաղ ՍՈՒՏ.am-ը պատմել էր, թե ինչպես է «Օրակարգ»-ը լուսաբանել ՀՀ ԱԺ պատվիրակության այցը ՌԴ Պետդումա՝ լռելով Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ ռուսական կողմի առաջարկի մասին, որն այդ օրերին բացասական արձագանքի արժանացավ հասրակության լայն շրջանակի կողմից։






Կարդացեք նաև։

«Ես եմ»-ով 5 մլն դրամ պատվովճարի միակ հիմքը Պաշտպանության նախարարի բանավոր խոստումն է

Ապրիլին տեղի ունեցած «Ազգ-բանակ 2017» համաժողովին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։ Ծրագրերը սկսեցին գործել 2017 թվականի ձմեռային զորակոչի  մեկնարկի հետ՝ նոյեմբերին։ Մի քանի…


Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից. Սահմանադրություն

Օրերս զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձի   կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ պետության և եկեղեցու կապի մասին: Մասնավորապես, նախարար Սարգսյանը նշեց. «Եկեղեցին չի կարող…


Կառավարությունը և «Ռազմինֆոն» հրապարակում են «գաղտնի» տեղեկություններ (թարմացված է)

Այս տարվա հոկտեմբերին պաշտպանության նախարարությունը կառավարությանն առաջարկել է 5 տարով երկարացնել «65 Ռազմական գործարան» ընկերության ռազմամթերքի արտադրության արտոնագիրը: «Ընկերությունը հիմնականում զբաղվում է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգմամբ և զորքերում…


Չծառայած մեդալակիր իշխանավորների ցուցակ (լրացված)

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի Ազգային ժողովում առաջին ընթերցման ժամանակ, ի թիվս ամենի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմանք հայտնեց, թե ինչ խղճով է ՊՆ պատվոգիր ստացել ընդդիմադիր…