Վարչապետի հետաքրքիր պատկերացումները ակցիզային հարկի մասին

17.01.2018 | 19:22

Խոսելով վերջին ամիսներին Հայաստանում արձանագրված բարձր գնաճի մասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշագրավ մի հայտարարություն է արել։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կարագի գնի բարձրացման մասին հարցին ի պատասխան վարչապետն ասաց, որ դա կապված է միջազգային շուկաներում արձանագրված գնաճի հետ, և որ Կառավարությունը իրավունք չունի ներգործություն ունենալ ապրանքների գնագոյացման վրա։

Այնուհետև, Միրզոյանի ակցիզային հարկի ավելացման մասին հարցին վարչապետը արձագանքեց, «ակցիզային հարկը, որ ավելացրել ենք, մենք ունենք ալտերնատիվ կարագի մուտք, որը առանց ակցիզի է [․․․] մենք ունենք բազմաթիվ խողովակներ, որոնցով որ կարող ենք բերել։ Կարագի ակցիզային հարկը Նոր Զելանդիայինը բարձրացել է, Բելառուսինը, Ռուսաստանինը՝ չի բարձրացել»։

Նշենք, որ ուսումնասիրելով միջազգային շուկաներում կարագի գնի տատանումները՝ կարող ենք փաստել, որ աճ իրոք արձանագրվել է։ Սակայն վարչապետի հայտարարությունը՝ կապված կարագի ակցիզային հարկի բարձրացման հետ, իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ Հայաստանում կարագի ակցիզային հարկ գոյություն չունի։

Հարկային օրենսգրքի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները 13-ն են՝ էթիլային սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի), սպիրտային խմիչքները, գարեջուրը, գինին, ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները), քսայուղը, բենզինը, դիզելային վառելիքը, հում նավթը, նավթամթերքները, նավթային գազերը, գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի), սեղմված բնական գազը։

Ակցիզային հարկը գործիք է, որով պետությունը կառավարում է այս կամ այն ապրանքի սպառման ծավալները «արժեքի բարձրացում – սպառման նվազում» սկզբունքով: Եվ ակցիզային հարկը կիրառվում է ապրանքի վրա, անկախ նրանից այն ներմուծված է ԵԱՏՄ-ից, երրորդ երկրներից, թե արտադրված է Հայաստանում:

Այս իմաստով, եթե անգամ պետությունը որոշեր կրառել այս գործիքը՝ նվազեցնել Հայաստանում կարագի սպառման ծավալները և կարագը հարկել ակցիզով, ապա այն կտարածվեր բոլոր կարագների վրա, այդ թվում՝ բելառուսական ևռուսական:






Կարդացեք նաև։

Կարեն Կարապետյանը «սխալմամբ» մեծ աճ է գրանցել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում սկսել է հրապարակել կառավարության գրանցած ցուցանիշները՝ անդրադառնալով նաև նախորդ տարվա ցուցանիշներին: Դրանցից ինֆոգրաֆիկայի միջոցով պատկերված է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը:…


Կառավարությունը ԱՄՆ դեսպանի խոսքը աղավաղել է

Ապրիլի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնական՝ primeminister.am կայքում հաղորդագրություն հրապարակվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման մասին: Կառավարության կայքում ԱՄՆ դեսպանի խոսքը գրել, հետո ջնջել…


Ծուխ հեռուստադիտողների աչքերին Հանրայինի եթերից

Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը հայաստանյան համապետական սփռում ունեցող գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները խուսափում են լուսաբանել։ Շարժման իրականցրած ակցիաները չի լուսաբանում նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Դրա…


«Խորհրդարանական» կոչվող վարչապետական կառավարումը

Մոտենում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտը։ Ուժի մեջ են մտնում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության՝ երկրի կառավարման համակարգը փոփոխող դրույթները։ Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցնում…