Ի հեճուկս Շարմազանովի՝ գնաճը իշխանությունն է «բերել»

16.01.2018 | 16:47

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով վերջին օրերին գրանցված մի շարք ապրանքների թանկացմանը, ուշագրավ մի հայտարարություն է արել. «Գնաճն իշխանությունն իր տնից չի բերել: Կա օբյեկտիվ և սուբյեկտիվ գնաճ: Այնտեղ, որտեղ կա սուբյեկտիվ գործոն, այդտեղ առաջինն ամենախիստն իշխանությունը և քաղաքական մեծամասնություն են պայքարելու», – մասնավորապես ասել է Շարմազանովը։

Փորձենք հասկանալ, թե որտեղից է իշխանությունը «բերել» գնաճը և որքանով է այն օբյեկտիվ։

Բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի և քսայուղերի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով:

Իշխանությունների «բերած» նոր Հարկային օրենսգրքով օրինակ, բենզինի ներմուծման համար ակցիզային հարկը ավելացել է 1 տոննայի հաշվով 15 հազար դրամով: Այսինքն, եթե նախկինում 1 տոննա բենզինի ներմուծման համար ակցիզային հարկի գումարը կազմում էր 25 հազար դրամ, ապա այժմ այն կազմում է 40 հազար դրամ: 16670 դրամով թանկացել է 1000 խորանարդ մետր խտացրած բնական (ավտոմոբիլային) գազի ակցիզային հարկը, որի արդյունքում մեկ խորանարդ մետրի հարկումը թանկացել է մոտ 17 դրամով:

Մինչ 2018 թվականը դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը ազատված էր ԱԱՀ-ով հարկումից, իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1 տոննայի համար ոչ պակաս, քան 35 հազար դրամ: Արդեն ընթացիկ տարվա հունվարից, դիզելային վառելիքի համար ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվարկով կազմում է 13 հազար դրամ, այսինքն այս մասով տեղի է ունեցել նվազում, սակայն միաժամանակ դրան զուգահեռ, դիզելային վառելիքի ներմուծումը և իրացումը այսուհետ ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Այս փոփոխությամբ օրենսդիրը «բերել» է դիզելային վառելիքի 60 դրամով թանկացման։

Նույն մեխանիզմով իշխանության ընդունած նոր Հարկային օրենսգիրքը իր հետ «բերել» է նաև քսայուղերի և բազմաթիվ այլ ապրանքների թանկացմանը։

Վերոնշյալից պարզ է դառնում, որ իշխանությունը իսկապես «տանից չի բերել» երկրում առկա գնաճը, իշխանությունը «բերել » է հարկերի բարձրացումներ, որոնք էլ իրենց հերթին բերել են գնաճը։

Նշենք, որ 2016-2017 թվականների ընթացքում թանկացել են նաև մի շարք պարենային ապրանքներ։ Այսպես, կարագի գնի աճը կազմել է 41%, լոլիկինը՝ 31%, կարտոֆիլը՝ 28%, բանջարեղենը 113% և այլն։ Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ, իսկ կարագի թանկացման անհիմն լինելու մասին կարող եք կարդալ այստեղ:






Կարդացեք նաև։

Վարչապետի հետաքրքիր պատկերացումները ակցիզային հարկի մասին

Խոսելով վերջին ամիսներին Հայաստանում արձանագրված բարձր գնաճի մասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշագրավ մի հայտարարություն է արել։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կարագի գնի բարձրացման մասին հարցին ի պատասխան վարչապետն…


Ովքե՞ր են ամենաշատը ստի վրա բռնվել 2017-ին

Sut.am-ը, մշտապես հետևելով պաշտոնյաների ելույթներին, պաշտոնական մարմինների կողմից տարածված հայտարարություններին և լրատվական դաշտում տեղ գտած հրապարակումներին, անցնող տարվա ընթացքում հասցրել է բացահայտել ապատեղեկատվության տարածման բազմաթիվ դրվագներ: Մենք փորձեցինք առանձնացնել 2017-ի…


Չծառայած մեդալակիր իշխանավորների ցուցակ (լրացված)

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի Ազգային ժողովում առաջին ընթերցման ժամանակ, ի թիվս ամենի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմանք հայտնեց, թե ինչ խղճով է ՊՆ պատվոգիր ստացել ընդդիմադիր…


Շարմազանովը ստում է Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ

Հոկտեմբերի 22-ին, Ազատության «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով  Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյակի ընթացքում Հայաստանում գրանցված առաջընթացից, նշել էր․«Հայաստանում ժողովրդավարությունը լրիվ այլ մակարդակի վրա է․ բացեք բոլոր…