Սերժ Սարգսյանը խուսափում է հարցազրույց տալ հայկական ԶԼՄ-ներին

03.01.2018 | 13:31

2017 թվականի ընթացքում Սերժ Սարգսյանը, համաձայն ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի, 12 հարցազրույց է տվել։ Այսինքն, միջինում ամսական մեկ հարցազրույց։ Նախագահական գրասենյակն, ընդհանրապես, աչքի չի ընկնում իր պերճախոսությամբ: Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի տարվա ընթացքում տված մեկնաբանությունները ևս հազվադեպ են եղել։

12 հարցազրույց 12 ամսում

Հատկանշական է, որ մեկ տարվա ընթացքում տրված 12 հարցազրույցներից ընդամենը 2-ն է տվել հայկական լրատվամիջոցներին, ընդ որում, երկուսն էլ «Արմենիա» հեռուստաընկերությանը։ Ի դեպ, մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ «Պանարմենիան մեդիա գրուպը», որի կազմում է «Արմենիա» հեռուստաընկերությունն է, պատկանում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան և Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։

Հայկական ընդամենը մեկ հեռուստաընկերությանը հարցազրույց տալուն զուգահեռ, Սերժ Սարգսյանը 2017-ի ընթացքում 4 հարցազրույց է տվել ռուսական ԶԼՄ-ներին, ևս մեկը ԱՊՀ «Միր» հեռուստաընկերությանը։ Բացի այս, Սարգսյանը մեկ հոդված է հրապարակել ռուսական «Իզվեստիա» պարբերականում։

Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում երկու հարցազրույց Սերժ Սարգսյանը տվել է իրանական լրատվամիջոցների։ Մեկական հարցազրույց՝ հնդկական և իսպանական ԶԼՄ-ներին, ևս մեկ հարցազրույց՝ համաեվրոպական «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը։

9 հրապարակում խոսնակից

Տարվա ընթացքում Սարգսյանից ավելի լուռ է եղել նրա մամուլի քարտուղարը՝ Վլադիմիր Հակոբյանը։ Մեկ տարում Հակոբյանն ընդամենը 9 հրապարակում է արել Թվիթթեր սոցիալական ցանցի իր էջում՝ դրանցից 6-ը նույն օրում՝ Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում։ Ընդհանուր հաշվով նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակումից հետո Հակոբյանը 34 հրապարակում է արել սոցիալական այս ցանցում։ Հիշեցնենք, որ Հակոբյանն մինչ այս պաշտոնում նշանակվելը  ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում։ Հակոբյանի նշանակումն ուղեկցվեց մինչ այդ հայտնի դարձած միջադեպով․ վերջինս փորձել էր սպառնալիքներով ԱԱԾ հավաքագրել լրագրող Հրայր Մանուկյանին։

Տարվա ընթացքում, ի դեպ, Հակոբյանն ընդամենը երկու մեկնաբանություն է տվել ԶԼՄ-ներին, մեկը՝ «Ազատություն» ռադիոկայանին, մյուսը՝ news.am-ին։ Տարեսկզբին SUT․am-ը հաշվել էր, որ Հակոբյանը 2015-ի հուլիսից մինչև 2017-ի հունվար ընկած ժամանակահատվածում 5 մեկնաբանություն է տվել լրատվամիջոցներին։ Մեկ տարի անց դրանց ընդհանուր թիվը հասավ 7-ի։

Մեկնաբանություն տալու դեպքերից մեկի համար առիթ դարձավ տարեսկզբին Ֆեյսբուքում Սերժ Սարգսյանի անունով հայտնված էջը, որը կարճ ժամանակ անց հեռացվեց։ Հակոբյանը հայտարարել էր, որ նախագահն իր գործունեության ընթացքում սոցիալական ցանցում էջի կարիք չի ունեցել, քննարկվող էջը կեղծ է եղել և Սերժ Սարգասյանը «գերադասում է շփվել ուղիղ»։ Սա այն պարագայում, երբ սոցիալական ցանցերի դերի մեծացմանը զուգահեռ, աշխարհի գրեթե բոլոր նշանավոր քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն իրենց էջերն ունեն սոցիալական ցանցերում։

Փաստացի, չնայած նման պասիվությանը, Հակոբյանի էջը Թվիթթերում իր 9 հրապարակումներով նախագահականի ամենաակտիվ սոցիալական հարթակն է։ Թեև, 9 հրապարակումներից և ոչ մեկը չէր պարունակում հանրապետության նախագահի կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ:

Կրկնվող ապատեղեկատվություններ

Ոչ հաճախ ընդհատվող լռությունը, սակայն, Սերժ Սարգսյանի հարցազրույցներից շատերում նշանավորվում է նոր ապատեղեկատվությունների տարածմամբ։ SUT․am-ն առաջարկում է վերհիշել տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի հարցազրույցներում շահարկված ապատեղեկատվություններից մի քանիսը։

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույց․ Սարգսյանը հայտարարեց, որ երբևէ չի լսել ռուսական կողմի պատասխանն Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի վերաբերյալ։ Իհարկե, Սարգսյանի հայտարարությունը չէր համապատասխանում իրականությանը, դրա մասին կարելի է փաստել անգամ տեսագրությամբ։ Ավելի մանրամասն, SUT․am-ը պատմել է այստեղ։

Ռուսական Business FM ռադիոկայանին տված հարցազրույց․ Սարգսյանը հայտարարեց, որ նոյեմբերին ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը  «տնտեսությանը համարյա չի առնչվում»։ Սա ևս ապատեղեկատվություն էր։ Համաձայնագրի 4-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է կողմերի տնտեսական համագործակցությանը:

Տարեվերջին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարին տված հարցարզույցում Սարգսյանը հատարարեց, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն Հայաստանը զբոսաշրջության ոլորտում «շատ-շատ առաջ է» հարևաններ Վրաստանից և Ադրբեջանից։ Այս հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Նշված  զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը, երբ Վրաստանը 70-րդ, իսկ Ադրբեջանը 71-րդ հորիզոնականում է։ Առավել մանրամասն՝ SUT․am-ի անդրադարձում։






Կարդացեք նաև։

Սերժ Սարգսյանի ամանորյա կենացային ստերը (տեսանյութ)

2018-ի Ամանորին ընդառաջ Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահի պաշտոնում իր հերթական և վերջին ամանորյա ուղերձը կհղի համայն հայությանը։ Սա կլինի Սարգսյանի 10-րդ ուղերձը Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ։ Սարգսյանի ամանորյա ուղերձները…


Սերժ Սարգսյանի ստերի նոր շարքը «Արմենիա TV»-ի եթերից

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարին, որի ընթացքում խոսել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսական, ինտեգրացիոն քաղաքականությունների և 2018-ին սպասվող փոփոխությունների մասին։ Որոշ հարցերի…


Վահրամ Բաղդասարյանը մոռացել է թոշակների բարձրացման խոստման մասին

Այսօր Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեկնաբանելով 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն, այն անվանել է իրատեսական։ «Մենք ժողովրդին հայտարարել էինք, որ ընտրություններից առաջ և ընտրություններից հետո աշխատավարձեր…


Սերժ Սարգսյանի Ռ-«էվոլյուցիա» չապրող սուտը

Հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուտաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու կապակցությամբ ՌԴ-ի դիրորքոշման վերաբերյալ հարցին պատասխանել է, որ երբևէ չի լսել ՌԴ նախագահի կամ արտաքին…