Չավուշօղլուի սուտը հայ-թուրքական արձանագրությունների մասին

21.12.2017 | 17:35

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել է Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքների» լքման պայմանով։

«Մենք պայման ենք դրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, որ այդ երկիրը կլքի Ադրբեջանի տարածքները, ինչից հետո հարաբերությունները կարող են կարգավորովել», – ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Չավուշօղլուն իր իրանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ Բաքվում կայացած հանդիպմանը։

2009 թվականին Շվեյցարիայի միջնորդությամբ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների արդյունքում շվեյցարական Ցյուրիխ քաղաքում ստորագրվեց երկու փաստաթուղթ՝ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»։ Փաստաթղթերն առավել հայտնի են «Ցյուրիխյան արձանագրություններ» անունով։ Այս արձանագրությունները պետք է հիմք դառնային երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման և դրանց զարգացման գործընթացի համար։

Սակայն Չավուշօղլուի պնդումը, թե հարաբերությունների կարգավորման համար պայման է դրվել «Ադրբեջանի տարածքներն» ազատելու վերաբերյալ, ամրագրված չէ այս արձանագրություններում և ապատեղեկատվություն է։

Ցյուրիխյան արձանագրություններով ամրագրվում է «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու» կողմերի համաձայնությունն, ինչպես նաև հաստատվում է «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա տարածաշրջանային և միջազգային վեճերն ու հակամարտությունները խաղաղ կարգավորելու իրենց հանձնառությունը»։ Կողմերը նաև վերահաստատում էին իրենց պատրաստակամությունը՝ սատարել միջազգային հանրության գործողություններին տարածաշրջանում անվտանգության և կայունության դեմ առկա ընդհանուր սպառնալիքներին։

Որևէ երրորդ կողմի նկատմամբ Հայաստանի կամ Թուրքիայի մասով պարտավորությունենրի ստանձնման մասին այդ արձանագրություններում նշված չէ։ Այսինքն, Չավուշօղլուի Բաքվում հնչեցրած պայմանը արձանագրություններում չի ամրագրվում։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման և զարգացման մասին փաստաթղթերը ստորագրվեցին 2009 թվականի օգոստոսի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի այդ ժամանակ ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուի կողմից։ Արձանագրություններում նշված չէին վավերականացման վերջնաժամկետները։ 2010թ․-ի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց այդ արձանագրությունների վավերացման ընթացքը կասեցնելու վերաբերյալ։ Հայկական կողմը Թուրքիային մեղադրում է արձանագրությունների ստորագրումից հետո նախապայմանների առաջադրման մեջ։ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը 2018թ․-ի գարուն մտնելու է առանց այդ արձանագրությունների։






Կարդացեք նաև։

Թուրքիան Ռուսաստանից և Իրանից հետ չի կանչել իր դեսպաններին

Հայկական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Անկարայի կողմից Ռուսաստանում և Իրանում Թուրքիայի դեսպանների հետ կանչման մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը։ «Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իրանում և Ռուսաստանում…


Սերժ Սարգսյանի ստերի նոր շարքը «Արմենիա TV»-ի եթերից

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարին, որի ընթացքում խոսել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսական, ինտեգրացիոն քաղաքականությունների և 2018-ին սպասվող փոփոխությունների մասին։ Որոշ հարցերի…


Ահաբեկիչներից հակաահաբեկիչներ. Պուտինի ինքնահակասությունները Թուրքիայի հարցում

Նոյեմբերի 22-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը: Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին հիմնականում քննարկել են Սիրիական ճգնաժամը, դրա լուծման քաղաքական բաղադրիչը, իրավիճակը…


Չծառայած մեդալակիր իշխանավորների ցուցակ (լրացված)

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի Ազգային ժողովում առաջին ընթերցման ժամանակ, ի թիվս ամենի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմանք հայտնեց, թե ինչ խղճով է ՊՆ պատվոգիր ստացել ընդդիմադիր…